Հսկաների հետքերը Հայաստանում

Հսկաների հետքերը Հայաստանում

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Օսմանյան կայսրությունում հայերի թվաքանակն ըստ Թալեաթի գրառումների

04/04/2018 22:01

Օսմանյան կայսրությունում հայերի թվաքանակն ըստ Թալեաթի գրառումների

«Ազատ Ձայն»-ը ներկայացնում է թուրքագետ Հակոբ Չաքրյանի աշխատությունից մի փոքր հատված, որտեղ հեղինակն անդրադառնում է Թալեաթի գրառումներին, որոնցում հրեշը ներկայացնում է 1915-ին քանի հայ է աքսորվել և ինչ ուղղությամբ:

«Ժամանակակից թուրք հեղինակները նշում են, որ հայերը տեղահանության են ենթարկվել, և ըստ նրանց տվյալների գործընթացը տևել է 17 ամիս: Նրանցից ժխտողականության ջատագովները միանգամայն բացառում են դրա իրականացման պայմանավորումը բնաջնջելու մտադրությամբ: Սակայն, «Լքյալ գույքերի հանձնաժողով» ստեղծելու համար օսմանյան խորհրդարանը 1915-ի մայիսի 30-ին ընդունել էր որոշում, իսկ կառավարությունը` նույն թվի հունիսի 10-ին օրենք, որ տնօրինի հայերի ունեցվածքը: Այս փաստը տեղահանվող հայերի ճակատագիրը դեռևս տեղահանությունից առաջ կանխորոշելու ապացույցն է, որոնցից Դեյր-Էլ-Զոր է հասել 7 հազարը, Ասորիք` 39 հազար 409-ը, Մոսուլ` 7 հազար 300-ը, իսկ Հալեպ` 27 հազարը: Ի դեպ, այս տվյալները քաղված են Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատու Թալեաթ փաշայի գրառումներից, որոնք 2008-ին Ստամբուլում հրատարակել է Մուրադ Բարդաքչըն, իհարկե, առանց մանրամասնելու, որ տեղահանված հայերի բեկորներին էլ աքսորավայրում սպանում էին թուրք ժանդարմները, վարձու քուրդ և չերքեզ մարդասպանները:

Գրառումներում Թալեաթը միաժամանակ խոստվանում է, որ 1915-1916 թթ. Էրզրումում, Բիթլիսում, Վանում, Դիարբեքիրում, Տրապիզոնում և Էլ Ազիզում (Էլյազիգ) այլևս հայ  չի մնացել և հայկական այս 6 վիլայեթների 471 հազար 928 հայերից աքսորավայր է հասել 9 հազար 197-ը միայն: Սրբագրելով հանդերձ մյուս վիլայեթներում 284 հազար 157 հայի պահպանման մասին օսմանյան պաշտոնական վիճակագրությունը, հասցնելով այդ ցուցանիշը 350-400 հազարի, բայց և այնպես չի էլ հերքում Օսմանյան կայսրության մարդահամարներում հայերի ոչ լրիվ հաշվառման իրողությունը: Գրառումների 109-րդ էջում Թալեաթը, ըստ բնակավայրերի, ներկայացնում է հայերի  թվակազմը, ապա տողատակում գրում է. «Որքան էլ՝ 1330-ի (1914 թ.) պաշտոնական վիճակագրությունը հայ լուսավորչականների թիվը ներկայացնի 1 մլն. 187 հազար 818, իսկ կաթոլիկներինը` 63 հազար 967 և երկուսի գումարը կազմի 1 մլն. 256 հազար 403, այնուամենայնիվ, ներկացված տվյալները չէին կարող ընդգրկել բոլոր հայերին, ուստի շուրջ 1.5 մլն-ը պետք է համարվի նրանց իրական թվաքանակը»:

Ընդ որում, 1914-ի պատերազմի նախօրյակին հայերի թիվը ճշտելու նկատառումով արված մարդահամարը, հենց Թալեաթն էր անկացրել և նրա ներկայացրած ցուցանիշի մեջ ընդգրկված չեն հայ բողոքականները: Թեև նա ցուցակի վերջում առանձին նշում է նաև պոլսահայության մասին, բայց և այնպես ավելացնում է. «1914-ին Ստամբուլում հայերի թիվը 68 հազար 422 էր, մեկ տարի անց հասավ 80 հազարի, սակայն ոչ մեկը ներառված չէ ցուցակում»:

Այսինքն՝ ցանկում պոլսահայությունը նույնպես ընդգրկված չէ:

Անկախ թվաքանակը նվազեցնելու միտումներից, եթե համեմատենք այս ցուցանիշները, ապա կստացվի, որ «տեղահանության» հետևանքով, ըստ պետական վիճակագրության, Օսմանյան Կայսրությունում ոչնչացվել են 927 հազար, իսկ Թալեաթի տվյալներով առնվազն 1 մլն. 100 հազար հայեր: Օսմանյան վիճակագրությունն ու Թալեաթի տվյալները, որպես խոստվանության դրսևորում, Ցեղասպանության պատմական իրողությունն անվերապահ ընդունելու վկայությունն է, որն ինքնաբերաբար ենթադրում է կատարված հանցագործության անժխտելիությունը:

Անժխտելիության առումով հատկանշական են նաև Մուդրոսի զինադադար նախօրյակին վերաբացված օսմանյան խորհրդարանի` Meclis-i Mebusan-ի 1918թ. դեկտեմբերի 21-ի որոշումով «պատերազմի և տեղահանության հանցագործությունները հետաքննելու նկատառումով խորհրդարանին առընթեր «Չարաշահումների, հաշիվների և չարագործությոինների ուսումնասիրման» հանձնաժողովի ստեղծումը, մինչև 1919-ի հունվարի վերջը չարագործներից 112-ի ձերբակալությունը, որոնց թիվն այնուհետև հասավ 128-ի, ներառյալ վերջիններին, ցեղասպանության պատասխանատու 144 այլ պետական գործիչների 1919-1920 թթ. Մեծ Բրիտանիայի գերագույն կոմիսարիատի նախաձեռնությամբ Ստանբուլից Մալթա աքսորը, հետաքննության արդյունքում Մեջլիսի հանձնաժողովի ձերբակալվածներին հարուցած «1 մլն հայի, ինչպես նաև 500 հազար հույնի սպանության, իսկ ոչ մահմեդական փոքրամասնություններից կազմավորված աշխատանքային գումարտակներում 250 հազար զորակոչիկի սովի և թշվարության պայմաններում ոչնչացման» մեղադրանքը: Մեղադրանքի հիման վրա նրանց գործի հանձնումը ռազմական ատյան, «պատերազմի և տեղահանության» հանցագործների 1919թ. փետրվարի 5-ին սկսած դատավարությունը, մեղադրյալներից 100-ի դատապարտումը մահապատժի և վերջապես սպանված հայերի թվաքանակի մասին «Չարաշահումների, հաշիվների և չարագործությունների ուսումնասիրման» հանձնաժողովի եզրակացությունը, որը 1919-ի մարտին հրապարակել է մեծ վեզիր Դամաթ Ֆերիդի կառավարության ներքին գործերի նախարար Ջեմալ բեյը, հայտարարելով. «Փաստերը ցույց են տալիս, որ տեղահանության հետևանքով ոչնչացվել է 900 հազար հայ»:

Ի դեպ, Ջեմալի հայտարարությունը, որը մարտի 13-ի համարում հրապարակել է Le Moniteur Oriental-ը, իսկ մարտի 15-ին` «Ալեմդարը», չէր ընդգրկում օսմանյան բանակում դավադրաբար սպանված տասնյակ հազարավոր հայ զինվորներին և սպաներին, տեղահանության փորձություններին դիմանալու անկարողության պատճառով ճանապարհին մահացածներին, աքսորավայրում սպանվածներին, ինչպես նաև մահմեդականացված հայ ընտանիքներին, առևանգված կանանց, աղջիկներին ու որբերին, որոնք հեռանալով ազգային ինքնությունից՝ նույնպես զոհի կարգավիճակում են հայտնվել:

Անժխտելի է նաև Հայոց ցեղասպանության նախապես մշակված ծրագրին համապատասխան պետականորեն կազմակերպումը: Այդ առումով էլ հատկանշական պետք է համարվի թագաժառանգ Աբդուլ Մեջիդի The Morning Post թերթին տված հարցազրույցը: 1918-ի դեկտեմբերի 7-ին հրապարակված հարցազրույցում օսմանյան գահի ժառանգն ասում էր. «Այս ամենը մեր գլխին անձնապես Թալեաթի ու Էնվերի թափած գործեր են, սև բծեր, որոնք անարգել են մեր նախնիների հիշատակը: Իրադարձությունները դեռևս չսկսած ես Էնվերին հարցրի, թե մտադիր են արդյոք վերստին դիմելու Աբդուլ Համիդի օրոք իրագործված կոտորածներին, որոնք խայտառակել են մեզ և ամոթանք պատճառել: Նա ինձ ասաց. «Որոշումը կայացրել ենք: Դա է ծրագիրը»: Սա ստացածս միակ պատասխանն էր»:

 «Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

 

 

 

 

 

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`