Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սառնաղբյուրցի պապիկն իր տան նկուղում ու տնամերձում 14 դամբարան ու կճուճներ է հայտնաբերել

16/07/2019 17:12

Սառնաղբյուրցի պապիկն իր տան նկուղում ու տնամերձում 14 դամբարան ու կճուճներ է հայտնաբերել

Սառնաղբյուր գյուղում տնամերձում փորման աշխատանքների ժամանակ մի քանի տարի առաջ Ռուզվելտ Թորոսյանը 14 դամբարան է հայտնաբերել, որոնց հիմնական մասը դեռ մասնագիտական ուսումնասիրության չի ենթարկվել: Այս մասին գրում է shantnews.am-ը։

Թորոսյանը տան բակում առաջին դամբարանը հայտաբերել է մոտ 30 տարի առաջ: Տնամերձ հողամասում զուգարանի համար փոս է փորել, հողաշերտը հեռացնելուց հետո բահի շեղբը դեմ է առել անսովոր մեծության սալաքարի, հետաքրքրությունից ելնելով շարունակել է փորել ու տեսել է, որ գտածը սովորական քար չէ, այլ դամբարանի վերնամաս:

«Զգացի, որ կողքերից էլ են մեծ, անմշակ տուֆ քարեր տեղադրված, էդ քարերը հանեցի, ու շարունակությունը մոտ 2 մետր էլի տուֆից անտաշ ու անմշակ քարեր էին շարված»,- պատմում է Սառնաղբյուր գյուղի բնակիչ Ռուզվելտ Թորոսյանը:

Հայտնաբերած դամբարանի տարածքը հետագայում դարձնում է կարտոֆիլի պահեստարան, սկսում է լայնացնել ու իր սեփական ուսումնասիրություններն իրականացնել:

Դամբարանները մոտ 3 մետր խորության են, իսկ ծածկաքարերը շարված են հատուկ տեխնոլոգիայով, միջնամասերում սեպաձև քարեր՝ քիվիթներ են տեղադրված, որոնք հավանաբար առաստաղի հսկա քարերը փլուզումից պաշտպանելու դեր են կատարել: Դամբարանի ներսում լցված հողաշերտն էլ տարբերվում է՝ ավելի փափուկ է ու փխրեցված:

Տանտիրոջ, այսպես ասած, ոչ մասնագիտական պեղումները շարունակվում են նաև հիմա: Տան նկուղի տարածքն է փորձել ընդլայնել ու կրկին հսկա քարերի է հանդիպել: Հարմարեցված գործիքներով հողաշերտն է հեռացնում, փորձում է գտնել դամաբարանի մուտքը:

«Իմ տունը սարքված է հիմնականում դամբարանների վրա»,-կատակով նշում է 70 ամյա «հնագետը»:

Փորման աշխատանքների ընթացքում կճուճների, սափորների ու խեցեղենի բազմաթիվ կտորներ էլ է գտել: Առանձնացրել է հողաշերտից: Ասում է՝ բնանյութը տարբեր է, ենթադրում է, որ դրանց մի մասը հնարավոր է ժամանակին Սառնաղբյուր են բերվել դրսից:

Այգու տարածքի դամբարաններից հայտնաբերել է նաև ամբողջական ու լավ պահպանված կճուճներ: Մի քանիսը պահում է տանը: Ցուցանմուշներ դարձած հազարամյակների պատմություն ունեցող կավե կճուճների մեջ եղել է նաև փոքրիկ սափոր, որը Ռուզվելտ պապն անզգուշաբար կոտրել է:

«Իմ կարծիքով՝ յուղի աման է, որ քարավանների գնալուց առևտրականները հիմնականում իրենց հետ որպես սնունդ են տեղափոխել: Թե՞ ճրագի ձեթ են տեղափոխել, հայտնի չէ: Սա ոչ գինու համար է, ոչ էլ կարող է ջրի լինել»,- կոտրված սափորը ցուցադրելով՝ ասում է սառնաղբյուրցի պապիկը:

Սեփական տան տարածքը փաստորեն հնագիտական վայր է համարվում, իսկ համապատասխան օրենքով գտածոները ենթակա չեն տեղաշարժման, անգամ եթե հայտաբերվել են սեփականություն հանդիսացող տարածքում, իսկ այդ մասին հայտնաբերողը պետք է տեղեկացնի պատկան կառույցներին: Առաջին դամբարանը հայտաբերելուց հետո Ռուզվելտ Թորոսյանը հայտնել է գյուղապետին, բայց այդպես էլ մասնագիտական ուսումնասիրություններ չեն եղել:

Դամբարանի փորման աշխատանքները դադարեցվել են, մինչև նախարարության մասնագիտական խումբ ժամանի Սառնաղբյուր: Միայն ուսումնասիրություններից հետո կպարզվի, թե գտածոները որ ժամանակաշրջանին են պատկանում և պատմական ինչ արժեք են ներկայացնում: Դրանից հետո տարածքը կընդգրկվի մարզի 9 պատմական գոտիներից մեկում և կհայտնվի պետական պահպանության ներքո:

 

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`