Հայերի ունեզրկումը Օսմայնան կայսրությունում 1894-1922թթ.

09/04/2017 22:35

Հայերի ունեզրկումը Օսմայնան կայսրությունում 1894-1922թթ.

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում 1894-1922թթ  Օսմանյան Կայսրության տարածքում ապրող հայերի բռնի տեղահանման և նրանց ունեցվածքի ապօրինի բռազավթմանը նվիրված մի հոդված, որտեղ անդրադարձ է կատարվել հայ ազգի համար այդ ծանր շրջանից մեզ հասած փաստերին, որոնք ցույց են տալիս այն հսկայական կապիտալը, որը յուրացվել է երիտթուրքերի կողմից և ի պահ դրվել գերմանական բանկերում:

Պատմական անհերքելի ճշմարտություն է, որ Օսմանյան կայսրությունում հայկական կոտորածների և 1915 թվականի Մեծ եղեռնի կազմակերպման և իրականացման մեջ պետական քաղաքականության, կրոնական ատելության կողքին ամենամեծ ազդակներից մեկը հայերի հարստությանը տիրանալու թուրքերի ցանկությունն էր:

Դեռևս 1894-85թթ. զանգվածային ջարդերից հետո երկրի արևելյան գավառներում հայոց տեղն սկսում էր բռնել թուրք մանր բուրժուազիան: Չնայած կոտորածին, չնայած իշխանությունների կողմից թուրք բուրժուազիայի նկատմամբ հովանավորության քաղաքականությանը, առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին, նրանց, այնուամենայնիվ, չէր հաջողվել շուկայից դուրս մղել հայազգի բուրժուազիային: Մրցակցությունը շարունակվում էր նոր ուժով: Հայոց տնտեսական ակտիվությունն էր, որ գրգռում ու կատաղեցնում էր թուրք բուրժուազիայի քաղաքական պարագլուխներին. նրանք այլևս չէին հանդուրժելու երկրի ներքին շուկայում հայոց տնտեսական վերընթացը:

Թուրքական «Ալեմտար» թերթի խմբագիր Րեֆի Ջևադ բեյը գրել է. «1915 թվականին ես անցա ամբողջ Անատոլիայով և չտեսա թուրքական մեկ տուն, որտեղ չգտնվեին հայերի կարասիներ, գորգեր կամ ուրիշ իրեղեն: Վաղը եթե առիթ գտնեն, թուրքերը նույնը պետք է անեն անպատճառ»:

Հայկական ցանկացած կոտորածի շարժառիթներին անդրադառնալիս՝ օտարազգի դիվանագետներն ու ականատեսները  մեծ նշանակություն են տվել թուրքերի մոտ արմատացած՝ հայերի  ունեցվածքի թալանի անհագուրդ կրքին և կարևորել տնտեսական ոլորտում հայերի նշանակալից ձեռքբերումները, որոնք, առաջ բերելով թուրքերի նախանձը, վերջիններիս դրդել են ոչնչացնել հայերին՝ նրանց ունեցվածքը հափշտակելու ակնկալիքով: Հայերի հարստությանը տիրանալու ձգտումը թուրքական լայն զանգվածների մոտ ուժեղացավ մանավանդ 1914 թվականի հոկտեմբերից հետո, երբ Օսմանյան կայսրությունը ներքաշվեց Առաջին համաշխարհային պատերազմի մեջ: Թուրք թշվառ բազմություններն իրենց առօրյա տագնապներից ազատվելու դյուրին միջոց էին տեսնում տեղահանված հայերի լքած տներին, կարասիներին, սննդամթերքին և բազմատեսակ հարստություններին տիրանալու հնարավորության մեջ: Նրանցից առավել, հայերի տեղահանությունից լայն չափով օգտվելու էին օսմանյան տնտեսության մեջ դեռևս անէական դերակատարություն ունեցող և նոր ձևավորվող փոքր, միջին և մեծ թուրք, հրեա և այլ ազգերի առևտրական բուրժուազիայի ներկայացուցիչները: Նրանք կարող էին ոչ միայն տիրանալ հայերի թողած ունեցվածքի կարևոր մասին և բազմապատկել իրենց հարստությունը, այլև, մեջտեղից հանելով հայ առևտրականներին, ովքեր իրենց ձեռքում էին պահում երկրի ողջ առևտրի ավելի քան երեք քառորդը, առանց հզոր մրցակցի տեր դառնալ առևտրի ասպարեզին և հետագայում արդեն` երկրի տնտեսությանը:

Հայերի ունեզրկմամբ շահագրգիռ էին նաև երիտթուրքական իշխանությունները: Երիտթուրքերի պարագլուխներն իրենց գաղտնի ժողովներում մշակում էին հայերի ունեցվածքի կողոպուտը կազմակերպելուն ուղղված միջոցառումներ:

Հայերի հարստությամբ պետական դատարկ գանձանակը լցնելու և թուրք պաշտոնյաների անձնական հարստությունը բազմապատկելու նպատակին 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմներից հետո գումարվեց նաև թուրք գաղթականների բնակության հարցը: Տեղահանված հայերի լքած տները թուրք վտարանդիներին հանձնելը համարվում էր տվյալ հարցի լուծում: Մի ամբողջ ժողովուրդ կողոպտելու համար նախ և առաջ հարկավոր էր հայերի ունեցվածքը դարձնել տիրազուրկ: Այդ նպատակով երիտթուրքական իշխանությունները 1915 թվականի հունիսի 1-ին հրապարակեցին «Տեղահանության օրենքը», որը ընդունվել էր երիտթուրքական կառավարության կողմից 1915 թվականի մայիսի 30-ին: «Տեղահանության օրենքի» հրապարակումից հետո, 1915 թվականի հունիսի 10-ին հրապարարկվեց «Այլ վայրեր տեղափոխված հայերին պատկանող անշարժ գույքերի և հողատարածքների կառավարման ձևի մասին» կանոնադրությունը: Այն ցուցումներ և հրահանգներ էր բովանդակում «պատերազմի և քաղաքական արտակարգ պայմանների հետևանքով տեղահանված հայերի թողած շարժական և անշարժ գույքի» հետ վարվելու:

Իսկ 1915 թվականի սեպտեմբերի 26-ին իշխանությունները ընդունեցին «Լուծարման» կամ «Լքյալ գույքերի մասին» օրենքը, որն իր 11 հոդվածներով գալու էր իրավական հիմք ստեղծելու մինչ այդ տեղահանված հայերի` հեռագրերով, հրահանգներով կազմակերպված գույքի կողոպուտի գործողությունները: Այսպես, հայերի գույքերի կողոպուտից, վաճառքից և բաժանումից հետո միայն նախարարական հեռագրերով քաղաքներին և գյուղերին հրահանգվում էր կատարել հայերի լքյալ գույքերի ցուցակագրումն ու կազմակերպել դրանց ապահովությունը:

Տեղեկանալով «Լքյալ գույքերի մասին» օրենքի ընդունման մասին “Deutsche Bank”-ի տնօրեն Արթուր ֆոն Գվինները հենգնանքով նշել է, որ օրենքի տասնմեկ հոդվածների բովանդակությունը հանգում է տեղահանված հայերի ամբողջ ունեցվածքի բռնազավթմանը և կառավարության իրավունքի հաստատմանը՝ իր հայեցողությամբ տնօրինելու հայերի հաշիվներում եղած գումարները:

26 սեպտեմբերի 1915 թվականի օրենքի 8-րդ հոդվածի համաձայն և 1915 թվականի հոկտեմբերի 26-ին իշխանությունների կողմից ընդունված կանոնադրությամբ` նախատեսվում էր կազմել Լուծարման կամ Լքյալ գույքերի հանձնաժողովներ, այլ վայրեր տեղափոխված անձանց կողմից լքված գույքերը, նրանց պարտքերն ու պահանջներն օտարելու համար:

Դոկտոր Յովհաննես Լեփսիուսը գտնում էր, որ տարագիրների ունեցվածքը հաշվառելու համար կառավարության կողմից կազմված հանձնաժողովներն ու հանձնախմբերը այլ նպատակ չունեին, քան հայ ժողովրդի ունեզրկումը դատական ձևակերպության թափանցիկ քողի տակ ծածկելուց:

 

Իշխանություններին կարգադրված էր հայերին թույլ չտալ գույքերի վաճառքը և իրավունք էր վերապահված տեղահանվողներին՝ իրենց հետ վերցնել միայն մեկ կամ մի քանի օրվա սննդամթերք: Հատկապես հսկողություն էր սահմանվել թանկարժեք իրերի և զարդեղենի վրա, որոնք տանելը խստորեն արգելված էր: Այդ բոլորը մաս էին կազմում հայության ոչնչացման և նրա ունեցվածքի յուրացման ընդհանուր գործի:

Հայ ժողովրդի անհատական և հավաքական ունեցվածքի յուրացումը պետության կողմից ծրագրավորված լինելու մասին վկայություններ կան թե՛ վերապրողների, թե՛ Օսմանյան կայսրության տարածքում գործած օտար դիվանագետների զեկուցագրերում և թե՛ թուրքական աղբյուրներում, որոնք հաստատում են, որ հայերի ունեզրկումը հայ ժողովրդի բնաջնջման ծրագրում եղել է կարևոր գործոն: Ահա անհատական սեփականության կողոպուտի մասին պատմող պաշտոնական տեղեկագրի մեկ նմուշ, որը կազմվել է Սվազի, Էրզրումի, Թոքատի Լքյալ գույքերի հանձնաժողովի կողմից: 1918 թվականի մայիսի 4-ին ստացված հրամանի հանաձայն, հանձնաժողովի անդամները Սվազից տարագրված Էլմաս անունով մի հայուհու պայուսակներում հայտնաբերել և արձանագրել են 271 կտոր ոսկյա դրամ, զարդեղեն և գոհարեղեն: Սա միայն մեկ հայ ընտանիքի զարդեղենն էր: Հազարավոր հայ ընտանիքներ կողոպտվեցին՝ նախքան անապատներում նահատակվելը: 500.000 հայ ընտանիքների սեփականությունը, որը շատերի դարավոր քրտինքի արդյունքն ու խնայողությունն էր, կողոպտվեց և յուրացվեց:

Կ. Պոլսի «Ճակատամարտ» օրաթերը 1919 թվականի հունիսի 11-ի իր հրապարակման մեջ տեղեկացնում էր, որ Ներքին գործոց նախարարության ընդունած նոր որոշման համաձայն, որը հաստատվել էր Պետական խորհրդի կողմից, մահացածների ժառանգները իրենց բնակավայրից ազգականի մահվան մասին վկայական ներկայացնելով, կարող էին ստանալ իրենց ժառանգությունը: Իշխանությունները քաջ գիտակցում էին, որ հայերը չեն կարող տարագրության ճանապարհին սպանված իրենց ազգականների մահվան վկայականը ձեռք բերել և տեր դառնալ իրենց ժառանգական իրավունքին: Այսպես, երկրով մեկ սահմանափակվում էին հայերի ժառանգական իրավունքները:

 

Ադանա վերադարձած հայերը փորձում էին ետ ստանալ իրենց տները, որոնք մասամբ այրված են կամ ավերված: Նրանցից շատերը հրաժարվում էին իրենց կալվածքներից, քանզի չէին կամենում առնչություն ունենալ թուրքական դատարանների հետ` այն համարելով անօգուտ ձեռնարկ:  Լքյալ գույքերի հանձնաժողովները չէին ուզում ճանաչել նրանց իրավունքները:

Թուրքական «Ալեմտար» թերթը 1919 թվականի հունվարյան համարներից մեկում, անդրադառնալով հայերի ունեցվածքի բռնագրավման բազմաթիվ դեպքերից մեկին, գրել էր, որ պրուսացի Ալթըբարմաքյան գերդաստանը ունեցել է արդիական սարքավորումներով հագեցած ալյուրի գործարան: Ալթըբարմաքյաննեին տարագրելուց հետո այդ գործարանը Թալեաթի հրամանով հանձնվել էր տեղի ոստիկանության պաշտոնյա Պահրի էֆենդիին: Նա իր եղբոր հետ շահագործելով գործարանը՝ մեծ կարողության տեր էր դարձել: Եվ հիմա, կեղծ փաստաթղթերով, եղբայրները վերջնականապես տիրացել են Ալթըբարմաքյանների գործարանին:

Մինչև տեղահանությունը Պրուսայում և շրջակայքում գոյություն ուներ 50 մետաքսի արտադրություն, որոնցից 40-ը պատկանում էր հայերին: Զինադադարից հետո հայերը կարողացան տեր դառնալ այդ արտադրություններից միայն երեքին և գործարկել դրանք:

Կիլիկիայի Այաս գյուղում կանոնավոր կերպով վերադարձրել էին հայերի ունեցվածքը: Սակայն հայերի հայտնի դահիճներից մեկը` Կարա Հասանը, հիսուն ավազակների հետ մտնելով գյուղ, բնաջնջեց տեղի ողջ հայությանը:

1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որն անօրինական ճանաչեց 1915 թվականի օսմանյան կառավարության կողմից ընդունված «Լքյալ գույքերի մասին» օրենքը: Սևրի հաշտության պայմանագրի 114-րդ հոդվածը վերաբերում էր հայերի լքյալ գույքերին:

Դաշնակից պետությունների ճնշման տակ, Թուրքիայի սուլթանական կառավարությունը 1920 թվականի հունվարի 8-ի որոշումով անվավեր համարեց «Լքյալ գույքերի մասին» օրենքի գործադրությունը և ընդունեց որոշումներ, ըստ որոնց, 1915 թվականի սեպտեմբերի 26-ի օրենքով և 1915 թվականի նոյեմբերի 8-ի կանոնադրությամբ` պետք էր տեղահանված անձանց Պետական գանձի և Վաքըֆների անուններով արձանագրված գույքերը, նախ, անմիջապես վերադարձնել սեփականատերերին, ապա նրանց անուններով արձանագրություն կատարել, ուղևորության պաշտոնագրով և անցագրերով մեկնողների գույքերը լքյալ չհամարել, ժառանգորդ չունեցողների և մահացածների գույքերի արժեքը հանձնել համայնքի կրոնապետերին` որբերին և աղքատների բաժանելու համար:

Սակայն թուրք իշխանությունները շարունակում էին ամեն ինչ անել հայերի ունեցվածքի վերադարձը խափանելու համար:

Քեմալական կառավարությունը գավառներում, մասնավորապես, հայերից և հույներից սկսել էր պատերազմի շահատուրք անունը կրող 10-ից մինչև 2000-3000 ոսկուն համարժեք գումար գանձել: Եվ այս տուրքը պահանջվում էր ամենայն խստությամբ:

Գավառային իշխանությունները տարագրությունից իրենց տները վերադարձած հայերից սկսել էին գանձել տասնորդի տուրքը, և դա այն պարագայում, երբ նրանք զրկված էին իրենց տներից, աշխատանքից և գոյության միջոցներից:

1922 թվականի սեպտեմբերի 9-ին քեմալական զորքերը մտան Իզմիր: Նրանք գրավեցին ռազմական նշանակություն ունեցող օբյեկտները, քարափները և քաղաք տանող բոլոր ճանապարհները, որին հաջորդեց Մուստաֆա Քեմալի մուտքը քաղաք: Դրանից հետո սկսվեց հայ և հույն խաղաղ բնակչության կոտորածն ու ունեցվածքի թալանը:

Իզմիրի աղետի մասին 1922 թվականի սեպտեմբերի 20-ին Աթենքի Christian Science Monitor լրատվական գործակալությունը հայտնում էր, որ Մուստաֆա Քեմալը Իզմիրը հրդեհելուց առաջ թալանել է տվել քաղաքի պահեստները, խանութները և տները: Նա Անկարա է փոխադրել այդ ավարը, որի արժեքն է 200.000.000 անգլիական ոսկի:

Իզմիրից «Լամարթին» և «Սիբոս» շոգենավերով մեկնող ուղևորները պատմում են, որ թուրքերն իրենց մոլեգնությունն առաջին հերթին թափել են հայկական թաղի վրա: Քաղաքի հրդեհը ծայր է առել այստեղից և ամենասարսափելի բռնությունները կատարվել են հայկական թաղամասում: „Deli Telegraph” և „Chicago Tribune” թերթերի թղթակիցները վկայում են, որ թուրքերի կողմից հայկական տները և խանութները թալանելուց հետո թաղը կրակի է տրվել:

Էկոնոմիկայի նախարար Հասան Ֆեհմիի «Անատոլու գազեթեսի» պարբերականի 1924 թվականի հունիսի 18-ին հրապարակած հայտարարության համաձայն, Իզմիրում և շրջակայքում մնացել էր հույների 10.678 տուն, 2.173 խանութ, 79 գործատեղի, 2 բաղնիք և 1 հիվանդանոց, իսկ հայկական և հրեական` 1.600 տուն, 2.821 խանութ և վաճառատուն, 89 գործատեղի, 2 բաղնիք և 1 հիվանդանոց:

Իզմիրի աղետից հետո որոշում է ընդունվել Իզմիրից մեկնող հայերի և հույների մնացած ապրանքները ցուցակագրել և փոխանցել բանակին: Իսկ Իզմիրի մաքսատանը կատարված քննության համաձայն, այստեղ 500.000 ոսկու արժողությամբ անտեր ապրանք է գտնվում:

Ահռելի ծախսեր պահանջող պատերազմը, մասամբ, մղվել է ցեղասպանության դատապարտված հայ ժողովրդի ունեցվածքի հափշտակման և դրա վաճառքից ստացած միջոցներով: Դա ապացուցում է 1915 թվականի դեկտեմբերի 24-ին Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ու. Լանգլիի՝ Էդ. Գրեյին և ֆինանսների նախարարին ներկայացրած «Թուրքիայի ֆինանսական կացությունը» վենագիրը կրող զեկուցագիրը: Փաստաթուղթը  ստացվել էր Օսմանյան կայսերական բանկի Կ.Պոլսի կառավարչից, իսկ տեղեկությունը Թուրքիայից հնարավոր էր դարձել դուրս բերել բանկից վտարված իտալացի աշխատակիցներից մեկի միջոցով: Փաստաթղթում խնդրանք էր արտահայտվում՝ չհիշատակել այդ ամենին մասնակից դարձած որևէ անձի անուն:Այստեղ մասնավորապես ասված էր. «Օսմանյան կառավարությունը հուլիս ամսին թողարկեց 5.000.000 թուրքական ֆունտ արժողությամբ գանձապետական պարտամուրհակներ: Այս պարտամուրհակներն ապահովագրված էին ոսկով դեպոզիտացված (պահ տրված)՝ Բեռլինում և Վիեննայում: Միևնույն ժամանակ, գերմանական կառավարությունը Բեռլինում օսմանյան կառավարության տրամադրության տակ էր դրել 1.500.000 ֆունտ, որպեսզի այն վճարի Գերմանիայի զինագործական ձեռնարկություններին՝ կատարված պատվերների համար: Ինչ վերաբերում էր օսմանյան պաշտոնական պարտքին, բանկը ստացել էր հետևյալ տեղեկությունը. Թուրքիայի 750.000 ֆունտ պարտքը “Deutsche Bank”-ին մարվեց 450.000 ֆունտի չափով, իսկ մնացած 300.000-ը պետք է վճարվեր այն բանից հետո, երբ հնարավոր կլիներ դա հավաքել նահանգներից»:

Համաձայն գերմանական աղբյուրների՝ 1916 թվականի արդյունքում Թուրքիան հայերից թալանած և բռնազավթած միջոցներից, որպես արտարժույթ, Բեռլին է փոխանցել և գերմանական բանկերում ի պահ է տվել 100 միլիոն ոսկե մարկ: Նույն աղբյուրի հիման վրա, այդ գումարը զինադադարի ստորագրումից հետո առգրավվել է Անտանտի կողմից:

Աղբյուր՝

Ջոն Կիրակոսյան, Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ

Անահիտ Աստոյան, Հայերի ունեզրկումը 1918-1923 թթ.

Յոհաննես Լեփսիուս, Գաղտնի տեղեկագիր: Հայ ժողովրդի ջարդերը

Արշակ Ալպօյաճեան, Պատմութիւն Կեսարիոյ Հայոց

Ջոն Կիրակոսյան, Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)

«Ազատ Ձայն» լրատվականի նութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

По Теме

fb