2017-ին Արցախում պեղվել է ինը հուշարձան

17/10/2017 20:07

2017-ին Արցախում պեղվել է ինը հուշարձան

Վերջին տարիներին Արցախում ավելացել է հետազոտվող հուշարձանների քանակը: Պեղումների առումով բավական հագեցած էր 2017 թվականը։ Ուսումնասիրվել է ինը հուշարձան՝ Տիգրանակերտը, Ծմակահողի Սբ. Ստեփանոսի դամբարանը, Դադիվանքը ( այս երեք հուշարձաններում աշխատել է Տիգրանակերտի հնագիտական արշավախումբը՝ պ.գ.դ., պրոֆ. Հ. Պետրոսյանի ղեկավարությամբ), Քարինտակի Ալեքսանա Ղուզե քարանձավը (արշավախմբի ղեկավար պ.գ.դ., պրոֆ. Լ. Եպիսկոպոսյան), Միրիկ գյուղի ամրոցը (Քաշաթաղի շրջան, արշավախմբի ղեկավար պ.գ.դ., պրոֆ. Հ. Ավետիսյան), ինչպես նաև Շուշիի Վերին Մզկիթը, Շուշիի Մեղրեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, Քարագլուխ գյուղի գերեզմանատունը (Հադրութի շրջան) և Տող գյուղի Սբ. Հովհաննես եկեղեցին (վերջին չորս հուշարձաններում աշխատել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» արշավախումբը՝ պ.գ.թ. Ն. Երանյանի ղեկավարությամբ):

 ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, Արցախի մշակույթի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանի նշեց, որ պեղվող հուշարձաններն ընդգրկում են Արցախի գրեթե ամբողջ տարածքը և վերաբերում են տարբեր ժամանակաշրջանների։

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ պեղումների զգալի մասն իրականացվել է մասնավոր ներդրողների միջոցներով, ինչը փաստում է, որ Արցախում մշակութային ժառանգության նկատմամբ հոգատարությունն ավելացել է: Տարին դեռ չի ավարտվել, և հնագիտական հետազոտությունները Արցախում գուցե շարունակվեն»,- ասել է Նժդեհ Երանյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ մինչև այժմ պեղված հուշարձանները ներառում են քարի դարից մինչև միջնադարն ընդգրկող ժամանակահատվածը։

 

Այս թեմայով

ֆեյսբուք