Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Քառօրյա պատերազմը՝ լակմուսի էֆեկտ ունեցավ. Հայաստանը սկուտեղի վրա է

22/04/2016 23:52

Քառօրյա պատերազմը՝ լակմուսի էֆեկտ ունեցավ. Հայաստանը սկուտեղի վրա է

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին և ապրիլի 2-5-ը Արցախյան հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:

Սարգսյանն իր խոսքում ուշագրավ հայտարարություն է արել՝ մասնավորապես նշելով. «Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարևոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»:

Հետաքրքիր է, որ քառօրյա պատերազմից հետո Սարգսյանն ու իր շրջապատը հաճախ են խոսում փոխզիջումների մասին, որոնց հետ ինչպես երևում է Ադրբեջանն այդպես էլ չի համաձայնվում, սակայն Սարգսյանն այդպես էլ չի բարձրաձայնում՝ ինչ փոխզիջումների մասին է խոսքը, ինչո՞ւ է նա այդքան ձգտում հարցը լուծել փոխզիջումային տարբերակով: Հետաքրքիրն այն է՝ չնայած ոչ Մադրիդյան և ոչ էլ Կազանյան հարցի լուծման տարբերակները հայանպաստ չեն, բայց Սարգսյանը երբեք չի մերժում դրանք, փոխարենը Ալիևն է դեմ այս սկզբունքներին՝ չնայած որ դրանք ամբողջությամբ ծառայում են Ադրբեջանի շահերին: Սա հարցի մի կողմն է և թերևս ամենացավոտ:

Բայց այս հայտարարության մեջ շատ ավելի ուշագրավ է Սարգսյանի հարցադրումը Լավրովին, որով ուզում է իմանալ ռուսական կողմի տարբերակը, թե ինչու պատահեց այս քառօրյա պատերազմը: Սարգսյանը պնդում է, որ Լավրովն ավելին գիտե այս հարցի շուրջ, քան ինքը՝ Սարգսյանը: Սա իրականում խայտառակություն է: Այս հարցադրմամբ Սարգսյանը ցույց է տալիս, որ Հայաստանը, լինելով պատերազմող կողմ, ընդհանրապես չի տիրապետում իրադրությանը և ընդհանրապես չի հասկանում, թե ինչու է այսօր Ադրբեջանը որոշել լուծել հարցերը: Սա Սարգսյանի թիմի դիվանագիտական պարտությունն է, որն այդպես էլ չհասկացավ Հայաստանի դերի ու նշանակության մասին: Հայրենի դիվանագետներն այդպես էլ չընկալեցին Հարավային Կովկասում Հայաստանի նշանակությունը և Ռուսաստանի համար Հայաստանի կարևորության իմաստը: Սարգսյանի թիմը չցանկացավ գոնե իր համար ճշտել աշխարհում ընթացող խմորումները և այս տարածաշրջանի օր օրի մեծացող նշանակությունը:

Զավեշտալի է, երբ երկրի նախագահը մեկ այլ երկրի արտգործնախարարից է փորձում ճշտել, թե ինչու է թշնամական երկիրը պատերազմ սկսում իր երկրի սահմանին: Սարգսյանի համար մի ամբողջ թիմ է աշխատում, բայց նա ուզում է Լավրովից իմանալ տարածաշրջանային զարգացումների մասին: Մի՞թե սա զավեշտ չէ: Սարգսյանն ասես Հայաստանի նախագահը չլինի, այլ Հայաստանի ինչ որ շարքային քաղաքացի, ով պարզապես հետաքրքրված է խնդրով և հարմար առիթ է գտել ուզում է ճշտել Ռուսաստանի կարծիքը: 

Հարց է ծագում, արդյո՞ք Սարգսյանն ինքն իրեն չպետք է տար այս հարցերը, արդյո՞ք ինքն իրեն չպետք է հարցներ, թե ինչու հենց այս պահին Ադրբեջանը սկսեց պատերազմը, ինչը երբեք էլ չէր վերջացել: Սարգսյանն ինքն իրեն պետք է հարցներ, ինչո՞ւ է Հայաստանն այս վիճակին հասցրել, որ պատերազմի մեջ գտնվելով՝ չի կարողանում ինքնուրույն գոնե մեկ որոշում կայացնել, նույնիսկ սեփական կարծիքը ունենալ:

Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխաններն այդպես էլ չենք ստանում, քանզի Սարգսյանն ինքը դեռ փորձում է ճշտել իր համար: 

Բայց Լավրովն ամենևին չի ընկճվում այս հարցերից և պատասխանում է շատ հստակ. «Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն, բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարևոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաև զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար: Բայց, կրկնում եմ, լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը»: 

Լավրովի պատասխանը մերկացնում է Սարգսյանին: Այս պատասխանով Լավրովը հասկացնում է Սարգսյանին, որ չնայած վերջինիս աղերսներին, Ռուսաստանը մտադիր չէ հարցը լուծել: 

Բայց մի՞թե Սարգսյանն ու իր իշխանությունը պատրաստ են դիմագրավել աշխարհում զարգացող երևույթների դեմ, սեփական որոշումներ կայացնել, գործի դնել երկրի ներուժը՝ օգտագործելով հայոց բանակի կարողությունները լուծել Արցախի հարցը մեկընդմիշտ, դժվար է հավատալ: Քառորյա պատերազմը ցույց տվեց, որ Սարգսյանն ու իր թիմը գործում են հօգուտ օտար պետությունների շահերի: Սարգսյանն այսօր իր ողջ էլիտայի հետ միասին ցայտնոտի մեջ է և իր համար Արցախի հարցը լուծելը չէ առաջնային խնդիրը, նրա համար կարևորը իր պաշտոնի և Հայաստանից կողոպտած միլիարդավոր դոլարների պահապանումն է: Հենց դա է պատճառը, որ Սարգսյանը պատրաստ է ցանկացած զիջման, միայն թե հարցն արագ փակվի, հարցն արագ հասնի բանակցությունների սեղանին, քանզի հաջորդ պատերազմը, որը վստահաբար չի ուշանալու, Սարգսյանի կլանի վախճանն է բերելու:

Այս քառօրյա պատերազմն ասես լակմուսի թուղթ լիներ, որը ջրի երես հանեց իշխանության, ինչու չէ նաև ընդդիմության իրական դեմքը: Ջրի երես դուրս եկան այն բոլոր միֆերը, որոնք հյուսվել էին անկախության տարիների ֆոնին: Եթե մինչ այդ բոլորը գիտեին, ապա այսօր համոզված են, որ հայաստանյան իշխանական էլիտան սեփական կերակրափողն է լցրել ողջ հայաստանյան ռեսուրսները, որ միլիարդավոր դոլարների վարկեր է վերցրել իբրև թե ինչ-ինչ ենթակառուցվածքներ ավելացնելու, զենք գնելու, ճանապարհ կառուցելու կամ մեկ այլ պարտք փակելու համար, բայց այդ գումարները մսխել է՝ Հայաստանի համար չանելով որևէ բան:

Ապրիլյան քառօրյա պատերազմը բացահայտեց մի մեծ հանցավոր բանդայի գործունեություն, որի գործը տարիներ շարունակ Հայաստանը ոչնչացնելն է եղել:

Եթե այսօր բանակում հսկայական բացեր են ի հայտ եկել և սպառազինության խնդիր է առաջացել, ապա պատճառը միայն սարգսյանական էլիտան է իր ողջ համեմունքներով գեներալներով ու օլիգարխներով, ովքեր այդ գումարները շվեցարական բանկերում են կուտակել: 

Այսօր մենք կանգնած ենք անդունդի եզրին, Հայաստանը սկուտեղի վրա վաճառել են՝ սեփական որևէ կարևոր ենթակառուցվածք չունենք՝ էներգետիկ համակարգը, կապը, հանքարդյունաբերությունը, ջուրը ոչինչ չունենք, բոլորը կոպեկներով վաճառել են: Մի խումբ անհայրենիքներ վաճառել են մեր հայրենիքը սեփական որկորը հաստացնելու համար: Եվ այսօր հենց նրանց որկրամոլության պատճառով է, որ անորոշության շեմին ենք, որ սպասում ենք ինչուների պատասխանները օտարներից: Հենց այս որկրամոլներն են մեղավոր, որ Արցախի հարցը մեկընդմիշտ չի լուծվում:

Սարգսյանը և Հայաստանի նախկին երկու նախագահները ձեռք ձեռքի տված պետք է պատասխան տան այսօրվա իրավիճակի համար, քանզի այս երեքը միասին երկիրը հասցրել են ոչնչացման եզրին՝ սպասարկելով օտարներին: Պատասխան պետք է տան բոլոր գողերը՝ իշխանական էլիտան, օլիգարխները, պնակալեզները, գեներալներն ու վերջին ամենաչնչին չինովնիկը, ում պատճառով Հայաստանն այսօր այս վիճակում է: 

Այս ամենի ֆոնին միակ պայծառ լույսը հայ զինվորի փառավոր կեցվածքն է, ով շարունակում է լինել հրադադարի միակ պարտադրողը:

Պատասխան տալու ժամանակն է… 

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`