Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Քաղծառայողի միջին աշխատավարձը կդառնա 90.000 դրամ

28/08/2013 18:50

Քաղծառայողի միջին աշխատավարձը կդառնա 90.000 դրամ

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 28-ին այցելել է Կրթության և գիտության նախարարություն, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, այնուհետև հանդիպում է ունեցել նախարարության ղեկավար անձնակազմի՝ փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարի, վարչությունների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հանրապետության նախագահը նրանց հետ քննարկել է ոլորտի խնդիրները, իրականացվող աշխատանքների, այդ թվում՝ բարեփոխումների ընթացքը, հետաքրքրվել կրթական ոլորտի քաղաքականության համատեքստում հետագա անելիքների և գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին: Կրթության և գիտության նախարարի, փոխնախարարների և աշխատակազմի ղեկավարի զեկույցներից հետո, նախագահը հարցեր է ուղղել զեկուցողներին և պատրաստակամություն հայտնել նաև պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին, որոնք կարող են վերաբերել ոչ միայն կրթության և գիտության ոլորտին, այլև հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, առկա խնդիրներին ու ձեռքբերումներին, աշխարհաքաղաքական խնդիրներին և մեր երկրի անվտանգությանը:

Նախագահը տեղեկացրել է, որ մոտակա ամիսների ընթացքում այցելելու է ՀՀ նախարարություններ ու գերատեսչություններ և նման հանդիպումներ է ունենալու նաև պետական այդ մարմինների ղեկավար անձնակազմերի հետ: «Կարծում եմ, ճիշտ կլինի, որ մեր ղեկավար կազմն անձամբ ինձնից լսի մեր երկրի զարգացման հետ կապված հարցերի պատասխանները, իմ կարծիքը, մոտեցումները քաղաքական գործընթացների և իմ գնահատականները՝ որոշակի իրադարձությունների մասին»,- ասել է Հանրապետության նախագահը: Մինչ այդ, գալիք Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով նախագահը շնորհավորել է Հանրապետության բոլոր ուսուցիչներին, աշակերտներին, ուսանողներին և նրանց ծնողներին, մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նրանց հաջողություններից է մեծապես կախված, թե հետագայում ինչպիսի զարգացումներ են լինելու մեր երկրում: Անդրադառնալով երեկ նախագահի նստավայրում հանրակրթական դպրոցների մեդալակիր շրջանավարտների, միջազգային առարկայական օլիմպիադաներում, «Կենգուրու» մրցույթում, ունիվերսիադայում մրցանակների արժանացած աշակերտների և ուսանողների հետ հանդիպմանը՝ Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կրթությունը, գիտությունը մեր երկրի գերակայություններից են: Ոչ պակաս կարևոր, քան զինված ուժերի զարգացումը:

Սերժ Սարգսյանը Կրթության և գիտության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը խոսել է նախարարությունում և նրան ենթակա պետական հաստատություններում աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետական քաղաքականության առաջիկա ծրագրերի, մեր երկրում մրցունակ, որակյալ կադրեր պատրաստելու և միաժամանակ հայրենասեր քաղաքացիներ կրթելու ուղղությամբ ոլորտի պատասխանատուներից ակնկալիքների մասին:

 «Կարծում եմ, տեղյակ եք, որ մենք 2014 թվականից անցնում ենք աշխատավարձերի ամենամյա բարձրացման գործելաոճին, եթե կարելի է այդպես ասել: Ընդ որում, բարձրանալու են և՛ նվազագույն աշխատավարձը, և՛ աշխատանքի համար վարձատրությունը: 2017թ. մենք հասնելու ենք 90 հազար նվազագույն աշխատավարձի: Հիմա մի փոքր դժվարանում եմ ասել, թե որքան է լինելու գլխավոր մասնագետի կամ բաժնի վարիչի աշխատավարձը, բայց վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից: Դա զուտ հաշվարկային աշխատավարձն է: Կարծում եմ, բնական է, որ դրան ավելանալու են նաև տնտեսումներից գոյացող պարգևատրումները, որոնք մշտապես կան: Սոցիալական փաթեթներն էլ ենք ընդլայնելու: Այսինքն՝ մենք 2018թ. պետք է գանք հասնենք աշխատավարձի մի մակարդակի, որը պետական ծառայողին հնարավորություն է տալիս իր աշխատավարձով ապահովելու իր ընտանիքի նվազագույն կարիքները: Կան տարբեր ծրագրեր. օրինակ, քաղաքացիական ծառայողների, ընդհանրապես, պետական ծառայողների համար բնակարանային պայմանների բարելավման ծրագիր: Մոտավորապես այնպիսի ծրագրեր, ինչպիսիք հիմա իրականացնում ենք երիտասարդական տարբեր խմբերի համար: Այսինքն՝ շատ լավ, շուկայականից ավելի ցածր գներով և վարկավորման միջոցով ավելի լավ պայմաններ ապահովող բնակարանի տրամադրում: Առողջապահական ապահովագրություն ապահովել ենք, բայց պետք է այն հասու դարձնենք բոլոր կարգի ծառայողներին: Եվ այլ ծրագրեր էլ կան: Բայց այս ամենը չի կարող լինել ինքնանպատակ: Մենք պետք է կարողանանք այս միջոցներն օգտագործել արդյունավետ: Այսինքն, եթե մենք ավելացնում ենք միջոցները տեխնիկական վերազինման կամ ծրագրեր իրականացնելու համար, մի կողմից մենք այդ միջոցներով պետք է ավելի մեծ աշխատանք կատարենք, մյուս կողմից՝ այդ տեխնիկական զինվածությունը և մանկավարժի կամ պետական ծառայողի աշխատավարձի բարձրացումը պետք է բերեն արդյունքի՝ կարողանանք պատրաստել մրցունակ մասնագետներ: Կարծում եմ, մենք այստեղ դեռևս բավականաչափ անելիքներ ունենք»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը պատասխանել է նախարարության ղեկավար անձնակազմին հետաքրքրող տարբեր թեմաներով մի շարք հարցերի, որոնք վերաբերել են մեր երկրի անվտանգությանը, պաշտպանությանը, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանն ու ժողովրդավարական գործընթացներին, պետություն-մասնավոր հատված համագործակցության համատեքստում տնտեսության մեջ գիտական նվաճումների ներդրմանը, ներքին և արտաքին քաղաքականության խնդիրներին:

Հանդիպման ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակիցներ Ժասմենա Արարատյանին եւ Ժենյա Ղասաբյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրով, ծննդյան օրվա առիթով շնորհավորել նախարարության աշխատակցուհիներից մեկին:

Հանրապետության Նախագահը նախարարությունում դիտել է նաեւ Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 2012-2013 ուստարվա շրջանավարտների դիպլոմային աշխատանքների ցուցահանդեսը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է այդ քոլեջի շրջանավարտներից մեկի՝ Սամվել Գեւորգյանի «Բնանկար» յուղաներկ նկարը:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`