Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ համանախագահների կոշտ հայտարարությունը

09/03/2019 16:28

Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ համանախագահների  կոշտ հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հայտարարություն են տարածել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի սպասվող հանդիպման մասին:

«Համանախագահները՝ սերտորեն աշխատելով երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ, նախապատրաստում են առաջնորդների այդ կարեւոր հանդիպումը, որը կլինի նրանց առաջին ուղիղ շփումը՝ համանախագահների հովանու ներքո», - ասված է հայտարարության մեջ:
«Համանախագահները ընդգծում են արդյունավետ քննարկումներին նպաստող մթնոլորտի պահպանության կարեւորությունը եւ շարունակում են դրական գնահատել ճակատային գծում մահվան դեպքերի բացակայությունը: Համանախագահները նաեւ ողջունում են բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար ձեռնարկվող նախնական քայլերը եւ կողմերին խրախուսում են ակտիվացնել նման ջանքերը:

Համանախագահները միաժամանակ կրկին վերահաստատում են լարվածության թուլացման եւ ռազմատենչ հռետորաբանության նվազեցման կարեւորությունը: Այդ համատեքստում hամանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ հայտարարություններից եւ գործողություններից, որոնք ենթադրում են իրավիճակի էական փոփոխություններ տեղերում, որոնք նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության կամ ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն են պարունակում:

Վկայակոչելով վերջին շրջանում Մինսկի խմբի գործընթացի նկատմամբ հակասական հրապարակային որոշ հայտարարություններ, համանախագահները վերահաստատում են, որ արդար եւ տեւական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, ներառյալ ուժի կլամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

«Այն պետք է նաեւ ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկվել են համանախագահ երկրների նախագահների կողմից, այդ թվում.

Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը՝

անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների ապահովմամբ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանումը՝ իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձի իրավունքը իրենց բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք ներառելու են խաղաղապահ գործողություն»,-նշվում է հայտարարությունում:

Համանախագահները նաեւ շեշտում են իրենց տեսակետն այն մասին, որ այս սկզբունքները եւ տարրերը պետք է հանդիսանան հակամարտության ցանկացած արդար եւ տեւական կարգավորման հիմքը եւ պետք է ընկալվեն որպես մեկ ամբողջություն: Որոշ սկզբունքներ կամ տարրեր մյուսների նկատմամբ գերակա ճանաչելու ցանկացած փորձ անհնարին է դարձնելու հավասարակշռված լուծման հասնելը:

Համանախագահները պատրաստ են ցանկացած ժամանակ հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եւ ԱԳ նախարարների հետ եւ կոչ են անում առաջնորդներին առաջին իսկ հնարվորության դեպքում վերսկսել բանակցությունները բարի կամքի ոգով: Համանախագահների հովանու ներքո Բաքվի եւ Երեւանի շարունակական եւ ուղիղ երկխոսությունը շարունակում է վստահության ամրապնդման եւ խաղաղ գործընթացն առաջ տանելու կարևոր տարր մնալ:

Համանախագահները կշարունակեն ուղղակիորեն հակամարտության մեջ ներգրավված կողմերի հետ քննարկել համապատասխան հարցերը՝ խոստովանելով, որ նրանց տեսակետները եւ մտահոգությունները պետք է հաշվի առնվեն ցանկացած համաձայնեցված լուծման հաջողության համար:

«Համանախագահներն ընդգծում են, որ իրենց մանդատի համաձայն իրենք ամբողջությամբ հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում կողմերին օգնություն ցուցաբերելու հարցում:

Համանախագահները նաեւ ամբողջությամբ իրենց աջակցությունն են հայտնում հրադադարի ռեժիմի մոնիտորինգի կարեւոր աշխատանքներին, որն իրականացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ նրա թիմի կողմից»,- ասված է հայտարարությունում:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`