Ի՞նչ կարող ենք սպասել ցեղասպանության իրողությունը ժխտող ազգի զավակներից. Թուրք գրող

19/04/2014 02:03

Ի՞նչ կարող ենք սպասել ցեղասպանության իրողությունը ժխտող ազգի զավակներից. Թուրք գրող

Ստամբուլում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթը հրապարակել է թուրք գրող, «Վտանգավոր հակումներ» գրոի հեղինակ  Փերիհան Մաղդենի հետ մի հարցազրույց, որտեղ գրողը խոսել է նաև  Հայոց ցեղասպանության թեմայի և Անկարայի ավանդական ժխտողական քաղաքականության մասին: Խոսելով թուրքերի` ցեղասպանությունը ժխտելու անամոթությունից` Մաղդենը պատմել է իր ու դստեր հետ կապված մի դրվագի մասին:

«Մի բանից բարկացել էի, կատաղությունից բղավում էի, թե լավ ախր ո՞նց չեն տեսնում, ո՞նց չեն հասկանում: Աղջիկս այդ պահին ինձ ասաց. «Մայրի՛կ, իսկ դու ի՞նչ էիր սպասում Հայոց ցեղասպանությունը չընդունող, փաստը տեսնել չցանկացող մարդկանցից»: Իսկապես, ի՞նչ կարող ենք սպասել ցեղասպանության իրողությունը ժխտող ազգի զավակներից: Ասել է թե փողոցի մեջտեղում մի դիակ կա, ու մենք ավտոմեքենաներով վրայով գնում-գալիս ենք: Ու քանի դեռ ոչ սգում ենք, ոչ առերեսվում եղածի հետ, առաջ գնալ չենք կարողանա»:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի 2015-ից, հնարավո՞ր է, որ 100 ամյակին Թուրքիան կառերեսվի Հայոց ցեղասպանության հետ, թուրք գրողը բացասական պատասխան է տվել:

«Ըստ իս` մենք դեպի ավելի վատն ենք գնում: Իմ կարծիքով` իշխող կուսակցությունը և քեմալիստները դրսևորում են իրենց վատ կողմերը միայն, ինչի հետևանքով հասել ենք վատ հանգրվանի: Երկու ճամբարում էլ քենն ու ատելությունը ահագնացել է: Այդ իսկ պատճառով պատմության հետ առերեսվելը հնարավոր չեմ դիտում: Հայերի հետ կապված այդ հարցը մեր կյանքում եղած սև ճեղքն է: Առանց այդ ճեղքը փակելու չենք կարող առաջ շարժվել: Մեր առաջ հոգևոր անդունդ կա»,- նշել է Փերիհան Մաղդենը:

Այս թեմայով

ֆեյսբուք