Տիրի պաշտամունքը և նախամաշտոցյան գրերը

02/06/2017 22:21

Տիրի պաշտամունքը և նախամաշտոցյան գրերը

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Հայաստանում նախամաշտոցյան գրի գոյության ևս մեկ ապացույց Տիր աստծո պաշտամունքի տեսքով: Մեծ պատմաբան Ա. Աբրահամյանն իր «Նախամաշտոցյան հայ գիր և գրչություն» աշխատության մեջ ներկայացնում է փաստեր, որ Տիր աստծո ներկայությունը հայոց պանթեոնում հաստատում է գիր ու գրականության գոյությունը:

IV դարի պատմիչ Ագաթանգեղոսն իր «Հայոց պատմության» մեջ հայկական հեթանոսական աստվածների պանթեոնում հիշում է Տիր անունով աստծու, որին համարում է արվեստի, գիտության և ուսման, ճարտարապետության աստված: Ենթադրվում է, որ այդ աստծու մեհյանը գտնվել է Վաղարշապատից Արտաշատ տանող ճանապարհի վրա և կործանվել է Տրդատի և Գրիգոր Լուսավորչի կողմից: Պատմիչն այս մասին գրում է. «Ապա ինքն իսկ Տրդատ թագավորը, ամբողջ զորքով հանդերձ, Վաղարշապատ քաղաքից շարժվեց գնաց Արտաշատ քաղաքը, ավերելու այնտեղ Անահիտ դիցուհու Բագինը և այն, որ Երազամույն կոչված տեղում էր գտնվում: Նախ ճանապարհին հանդիպեցին քրմական գիտության դպիր, Որմիզդի գրչի դիվան կոչված, երազացույց, երազահան պաշտամունքի Տիր աստծու ճարտարության ուսման մեհյանը և ամենից առաջ սկսեցին այն քանդել, այրել, ավերել»:

Տիր աստծու անունը ժողովրդի հիշողության մեջ մնացել է «Գրող» անունով՝ գիր անող աստծու նշանակությամբ: Նրան վերագրվել է յուրատեսակ հաշվապահի պաշտոն. ըստ ավանդության, նա պարտավոր է եղել ծնվածներին գրանցել ծննդյան մատյանում, իսկ մահացածների անունները ջնջել և գրել ելից մատյանում: Այն մարդու անունը, որին նա ելք էր անում ծննդյան մատյանից, ծոցը դրած երկինք էր տանում: Այստեղից էլ առաջացել են ժողովրդի մեջ լայն տարածում ստացած անեծքները. «Գրո՛ղը տանի քեզ», «Գրողի ծո՛ցը մտնես», «Գրողի բաժի՛ն լինես» և այլն: Մի ժողովուրդ, որը ստեղծել է դպրության, գիտության և արվեստի աստված, նա անպայման ունեցել է գիր և դպրություն: Եթե հեթանոս հայերը գիր և գրականություն չունենային, գրի և դպրության աստված չէին ստեղծի: Տիրը իր ստանձնած պաշտոնով, փաստորեն, համապատասխանում է եգիպտական Թոթ և հունական Հերմես աստվածներին:

Այն պատճառաբանությունը, թե Ագաթանգեղոսը Տիր աստծուն հիշում է որպես Որմիզդ աստծո դպիր, ճիշտ չէ, քանի որ Որմիզդը ոչ թե պարսկական Ահուրամազդան է, այլ հայոց  Արամազդը: Տիրի գոյության փաստը մեր պանթեոնում ևս մեկ անգամ ապացուցում է գիր ու գրականության գոյությունը Հայաստանում:

Նախամաշտոցյան գիրը ժխտողների մյուս պատճառաբանությունը, թե Ագաթանգեղոսը Տիրին ոչ թե որպես գրի աստված է հիշում, այլ գիտության և արվեստի, տեղին չէ, քանի որ Տիրի մեհյանը ներկայացված է իբրև «ճարտարության», «ուսման» մեհյան, իսկ ինքը՝ Տիր աստվածը՝ «Քրմական գիտության դպիր»: Եվս մեկ ապացույց, որ ուսումը, գիտությունը, դպրությունն առանց գրի չեն լինում:

Նախամաշտոցյան շրջանի հայալեզու գրականության օգտին խոսում է Խորենացու ուշագրավ մի վկայություն, որ հայոց Արտաշես թագավորի որդիներից մեկը՝ Վրույրը, եղել է բանաստեղծ: Պատմահայրն իր տեղեկությունները քաղել է մեհենական պատմությունից: Նա Վրույրի մասին գրում է. «Իսկ Արտավազդը Սմբատի գնալուց  հետո հորից ստանում է բոլոր զորքերի իշխանությունը, որին փափագում էր: Սրա վրա նրա եղբայրները, իրենց կանանցից գրգռվելով, սկսեցին նախանձել, ուստի Արտաշեսը Վրույրին, որ իմաստուն և բանաստեղծ մարդ էր, նշանակում է հազարապետ և նրան է վստահում արքունական  տան բոլոր գործերը, իսկ Մաժանին նշանակում է Անիում Արամազդի կուռքի քրմապետ»

Դժբախտաբար Վրույրի բանաստեղծությունները մեզ չեն հասել, և այժմ դժվար է նրա մասին խոսք ասել:

«Ազատ Ձայն» լրատվականի նութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

Այս թեմայով

ֆեյսբուք