Տիեզերքը Գեղամա ժայռապատկերներում

14/11/2016 22:34

Տիեզերքը Գեղամա ժայռապատկերներում

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Գեղամա ժայռապատկերներին նվիրված աշխատությունից մի հատված, որտեղ ակնհայտ է դառնում, որ մեր նախնիները դեռևս հազարամյակներ առաջ տիեզերքի մասին ունեին որոշակի պատկերացումներ, որն արտահայտել են Գեղամա ժայռապատկերներում:

«Տնտեսական ամենագործնական կարիքներից ելնելով, նախնաարյան հովիվն ու երկրագործը դառնում էին աստղային երկնքի, գետերի, մակընթացության ու տեղատվության, կլիմայական փոփոխությունների առաջին դիտողներն ու պարզունակ «ուսումնասիրողները», որոնք այդ երևույթները մեկնում էին յուրովի՝ պայծառ երևակայության թևով, գեղեցիկ լեգենդների ու առասպելների մեջ: Այդ պատճառով էլ նրանց կողմից ստեղծված ժայռապատկերներից շատերը ուղղակիորեն  կապված են աստղային երկնքի, արևի, լուսնի և լուսատուների, տարերքի այլ աստվածների ու նախնիների պաշտամունքից բխող առասպելների և լեգենդների հետ, որոնց մի զգալի մասը հասել է հայ ժողովրդական բանահյուսության ներկա փուլին:

Գեղամա նախնադարյան սրբատեղիներում շատ են հանդիպում երկրաչափական ձևի փորագրություններ, որոնք պատկերում են արևը, լուսինեը, կայծակը, աստղերը, ինչպես նաև աստղային համակարգերի գաղափարը կրող նմանօրինակ նշանների ամբողջական կոմպլեքսներ:

Արևը պատկերող նշանները հաճախ ճառագայթավոր անիվի ձև ունեն: Արև-անիվի նկարագիրն էլ հեշտությամբ կապվում է սայլի, կառքի, մարտակառքի ու քաշող անասունների պատկերացումների հետ: Այդ պատճառով էլ հնարավոր է, որ Գեղամա ժայռագրերում և այլուր հանդիպող զանազանակերպ սայլերի պատկերները կապված լինեն արևի պաշտամունքի հետ, քանի որ նրանց քաշող ցուլերն ու շրջապատի կենդանիներն էլ ոչ այլ ինչ են, եթե ոչ երկնային լուսատուների խորհրդանիշներ: Գեղամա ժայռապատկերներում երկնակամարի ու լուսատուների պաշտամունքը հաճախ կապվում է նաև թռչունների հետ: Աստղային համակարգ ներկայացնող ժայռապատկերներից մեկի կենտրոնում արևը պատկերված է ճաճանչանիվի ձևով, վրան մի խոշոր թռչուն՝ կտուցը դեպի «հրավառ» գունդը:

Պատկերների մի այլ խումբ արտահայտնում է ամպրոպ-կայծակի կամ տարերքի երևույթը: Դրանք առանձին կանգնած այծեր են, իրանի վրա, եղջյուրների միջև կամ գլխավերևում փորագրված խաչերով, ճանկախաչերով և որ գլխավորն է՝ շուրջանակի դասավորված  գնդիկներով կամ երկարում ճառագայթներով, որոնք մեջքից արձակվող պեծերի (կայծերի) տպավորություն են թողնում: «Պեծավոր» այծերի այս պատկերները կարծես դիտմամբ արված են հայ ժողովրդական «ինքը էծ, մեջքը պեծ» հանելուկը պատկերազարդելու համար: Հանելուկը կայծակի երևույթի լակոնիկ մեկնաբանումն է:

Մեր նախնիները կենդանիների կերպարներով պատկերում էին ոչ միայն արևը, լուսինն ու կայծակը, այլև ողջ աստղազարդ երկինքը կամ տիեզերքը: Գեղամա բազմաթիվ պատկերախմբեր ունեն իրենց աստղային զուգորդները, որոնք հավաստում են միակերպ կամ զանազանակերպ կենդանիների լուսատու լինելու հանգամանքը: «Ճերմակ քոլոզով քուրդը,- ասում է հանելուկը,- մի սուրու (հոտ) ոչխար կուշտը, զօր գիշեր աշխրքին կաշե»: Այստեղ ոչխարները պատկերվում են իբրև լուսատուներ, իսկ քուրդը (հովիվը)՝ իբրև լուսին:

Ինչպես վերը բերված հանելուկի մեջ, այնպես էլ նախնադարյան ժայռապատկերներում կենդանիների հոտերի հետ միասին հանդես են գալիս մարդակերպ, խոշոր ընդգծված պատկերներ, լայն տարածած թևերով, մատների ճառագայթավոր բացվածքով, երբեմն ամբողջությամբ ճառագայթ-կայծակների հալոցքի մեջ վերցված, որ մատնում են նրան արևի, լուսնի կամ կայծակի աստվածներ լինելու հանգամանքը: Երկնային նշված աստվածությունները ժայռաատկերներում հաճախ հանդես են գալիս միասին, ինչպես հայկական հանելուկների մեջ արևն ու լուսինը պատկերացվում են ինբրև «քիր ու ախպեր» օրապտույտ հերթափոխությամ մեջ: Աստվածային այս կերպարներից շատերը ներկայացված են շեշտված սեռական օրգաններով, նույնիսկ երկիրը բեղմնավորելու հմայական գործողության մեջ: Մի շարք այլ դեպքերում արևի, լուսնի, կայծակի մարդակերպ աստվածությունները հանդես են գալիս իրենց կենդանիներին հովանավորող, երկրագործությունը արգասավորող ուժեր, որոնց զուգանմանները եվրոպական ժայռապատկերներում պատկերվում են մանգաղը ձեռքին:

Կրոնա-պաշտամունքային առումով խորապես իմաստավորված այս պատկերների նշանակությունն այնքան մեծ էր, որ նրանք հարատևում են մինչև ուշբրոնզի դարի և վաղ երկաթի ժամանակաշրջանի արվեստը և զարդարում Դվինի մ.թ.ա. IX-VIII դարերի սրբազան խեցեղենի պատկերը, այնուհետև տարածվում Վանի թագավորության գլիպտիկայի և անտիկ շրջանի արվեստի մեջ»:

Աղբյուրներ՝

«Իսրայելյան Հ.Ռ., Պաշտամունքն ու հավատալիքը ուշ բրոնզեդարյան Հայաստանում (ըստ հնագիտական նյութերի), Եր., «ՀՍՍՀ ԳԱ», 1973,
«Մարտիրոսյան Հ.Ա., Պաշտամունքը, կրոնը և արվեստը նախնադարյան Հայաստանում.- Հայ ժողովրդի պատմություն, h. 1, Եր., «ՀՍՍՀ ԳԱ», 1971»,

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

Այս թեմայով

ֆեյսբուք