Տիգրան Սարգսյանի ո՞ր մեղքերը չներվեցին

03/04/2014 22:07

Տիգրան Սարգսյանի ո՞ր մեղքերը չներվեցին

Արդեն իսկ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին մի տարի չէ, որ սպասում էին բոլորը: Դեռևս նախորդ տարվա նախագահի ընտրություններից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ձևավորեր նոր կառավարություն, այն ժամանակ էին բոլորն ակնկալում Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Ահա եկավ ժամանակը: Նախ, որ հանգամանքները բերեցին նրան վերջապես այսքան սպասված հրաժարականին:

2013թ. մարտի 18-ին նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով կառավարության հետագա գործունեությանը վերաբերող հարցին, բառացիորեն ասել էր. «Հայաստանի այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ` այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»: 
Եվ ի՞նչ: Նախորդ տարվա տարեկան զեկույցի ժամանակ պարզվեց, որ մեր կառավարությունը չէր հաղթահարել Սարգսյանի նշած շեմերը: Այդ օրերին նույնպես սպասվում էր նախկին վարչապետի հրաժարականի լուրը:

Դեռ այն ժամանակ, երբ Մաքսային Միության և Եվրամիության հետ ասոցացումն այդքան էլ ակտուալ չէր, նախագահն մարտի 18-ի հանդիպմանը նշել էր, որ Մաքսային Միությունը մեզ համար չափազանց անհամապատասխան կառույց է, որտեղ մեզ չեն սպասում: Այս խոսքերին հաջորդել էր վարչապետի ելույթը, որում նա դեմ էր արտահայտվել ՄՄ-ին՝ հավանություն տալով ԵՄ ասոցացմանը: Եվ պարզվում է, որ Հայաստանում ներվում է միայն նախագահի սխալները, վարչապետինը՝ չներվեց: Երբ սեպտեմբերի 3- ին Սարգսյանը որոշեց միանալ ՄՄ-ին, վարչապետը մոլորության մեջ էր: Եվրոպամետ և եվրոպական կառույցներում ազդեցիկ ընկերներ ունենալը չէր կարող վարչապետին ուրախացներ Մաքսայինի լուրը:

Հաջորդ դժբախտությունը վարչապետի կարիերայի համար օֆշորի բացահայտումն էր, որտեղ նա և Նավասարդ Կճոյանը օֆշորային գոտիներում հաշիվներ ունեին: Սա մեծ աղմուկ բարձրացրեց, իհարկե, Սերժ Սարգսյանն այդ ժամանակ էլ լռեց և ամեն ինչ արվեց հարցի բարձրաձայնման կանխման համար:

Հետո եկան «Կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի արձագանքները: Բոլորը դեմ են պարտադիր բաղադրիչին: Ընդամենը երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց որոշ դրույթներ այս օրենքում: Այս հարցում էլ վարչապետը հակադարձեց և հակասահմանադրական դրույթները գործի դրեց մինչև սեպտեմբերի 30-ը:

Սրանք ամենաակնառու դրվագներն էին վարչապետի հավանական հրաժարականի համար, սակայն հիշենք, որ նախկին վարչապետի օրոք երկրի տնտեսական վիճակը սարսափելի անկում ապրեց՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառաբանության ֆոնի տակ: Հավանաբար Սերժ Սարգսյանին հասկացրին վերևներից, որ Տիգրան Սարգսյանի շուրջ սկանդալներն արդեն իսկ անտանելի են դառնում և նրան համակարգից դուրս նետելու ժամանակն է եկել՝ չնայած որ հակառակ լուրեր էլ էին պտտվում, որ Տիգրան Սարգսյանն է շատ համակարգերի գլխին կանգնած: Ասենք, Համաշխարհային Բանկը Հայաստան մտավ նրա իսկ թեթև միջնորդությամբ և այլն: Այսինքն, նախկին վարչապետը միգուցե պաշտոնաթող է լինում, բայց հավանական է, որ շարունակի գլխավոր օղակներում գործել: 

Մյուս հետաքրքիր կետն, իհարկե, ոչ իշխանական «հրաշալի քառյակի» կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն էր, ինչը պետք է տեղի ունենար ապրիլի 28-ին, և դրան պետք է հաջորդեին շուրջօրյա հանրահավաքները: Արդյո՞ք այս հարցն էլ չդրդեց վարչապետին դիմել այս քայլին՝ սրանով իսկ կանխելով սպասվող բողոքի ալիքը, որը վստահաբար մեծ էր լինելու՝ մասնավորապես կապված կուտակայինի հետ: 

Միայն մի բան է պարզ, որ Տիգրան Սարգսյանի հեռանալն այլևս անխուսափելի էր:

Իսկ ի՞նչ է մեզ համար փոխվելու վարչապետափոխությունից կամ կառավարության նոր կազմից, միանշանակ կարելի է ասել, որ ոչինչ: Մարդափոխությունից երկրի վիճակը չի փոխվում, ճգնաժամն ավելի է խորանում, քանզի մյուսի մեղքերի վրա ավելանում են նորինը՝ գումարած դրան վարչապետ լինելու գայթակղության գործոնը:

Այս թեմայով

ֆեյսբուք