Վասակ Սյունին՝ եկեղեցամետ պատմիչների զոհ. Ադոնցի վերլուծությունը

21/07/2017 00:47

Վասակ Սյունին՝ եկեղեցամետ պատմիչների զոհ. Ադոնցի վերլուծությունը

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Նիկողայոս Ադոնցի վերլուծությունը՝ նվիրված 5-րդ դարի իրադաձություններին, Վարդանանց պատերազմին և մասնավորապես մեզ քաջածանոթ երկու կերպարներին՝ Վասակին և Վարդան Մամիկոնյանին, որտեղ հեղինակն ապացուցում է ժամանակի պատմիչների անկողմնակալ վերաբերմունքը Վասակի հանդեպ, ով դարեր ի վեր հենց նրանց գրչի հարվածով համարվել է դավաճան:

Ստորև ներկայացնում ենք վերլուծությունն ամբողջությամբ՝

«Հայերի պատմական կյանքում 5-րդ դարը հատուկ հռչակ ունի: Քրիստոնեական նորածին լուսավորության ազդեցության տակ տեղի ունեցած ժողովրդական ոգու արագ վերելքը արտահայտություն գտավ պարսկական միապետության դեմ ուղղված այսպես կոչված կրոնական շարժման մեջ: Այդ շարժման հանդեպ ավանդական հայացքը, որն անցել է այն նկարագրող պատմիչներից` նոր հետազոտողներին, ինձ թվում է միակողմանի է և Հայաստանում իրերի իրական դրությանը չհամապատասխանող: Հնարավորություն կա 5-րդ դարի իրադարձություններին տալ փոքր-ինչ այլ լուսաբանություն և պատմական այլ գնահատական:

 5-րդ դարի պատերազմների պատմությունը մեզ հասել է Եղիշեի և Ղազար Փարպեցու նկարագրությամբ: Փաստերի պատկերման մեջ նրանք ընդհանուր առմամբ համընկնում են: Ինչպես նրանք են կարծում հուզման պատճառը Հազկերտ Բ-ի պաշտոնական հրովարտակն է եղել, որով հայերին առաջարկվում էր հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել մազդեզականություն: Հոգևորականությունն ու իշխանները երկրի մարզպան Վասակի հետ միասին հավաքվեցին Արտաշատ քաղաքում` խորհրդակցելու և պատասխան տալու համար: Նրանք վճռեցին չկատարել արքայի կամքը և զենքի ուժով պաշտպանել հավատն ընդդեմ բռնության: Վճիռը հաստատվեց փոխադարձ երդմամբ Ս. Ավետարանի վրա: Երբ ժամանեցին մոգերը և սկսեցին արծարծել սրբազան հուրը` գազազած ամբոխը նետվեց ատրուշանների վրա, ոչնչացրեց դրանք և սպանեց մոգերին: Շուտով հայտնվեց պարսից զորքը: Այդ ճգնաժամային պահին մարզպան Վասակը իր համախոհների հետ միասին անջատվեց հայերից և անցավ պարսիկների կողմը: Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ճակատամարտ տրվեց պարսից զորքին, որն ավարտվեց Վարդանի մահով: Պարսիկները բռնեցին մնացյալ խռովարարներին և դատի տվեցին: Դատավարության ժամանակ բացահայտվեց Վասակի խարդախությունը և նրան դատեցին: Այդ տեսքով են պատմիչները մեզ ներկայացնում հայերի ապստամբությունը 5-րդ դարում, ընդ որում` նրանք, որպես հոգևոր կոչման և դաստիարակության տեր անձինք, ջանում են ամբողջ պատմությանը հաղորդել կրոնական բնույթ: Իմ կարծիքով Հայաստանում հուզումները հանգչում էին առավել կենսական հիմքերի վրա: Եղիշեի մոտ պահպանված որոշ դրական տվյալներ խոսում են հօգուտ այն բանի, որ խռովությունները Հայաստանում կրում էին ոչ միայն կրոնական, այլև ընդհանրապես սոցիալական բնույթ: Ցանկանալով մնալ զեկուցման սահմաններում` ես չեմ շոշափում հարցի այդ կողմը և քննարկում եմ սոսկ այն հիմնական գաղափարը, որն անցկացնում են պատմիչները: Ըստ Եղիշեի, և մասամբ ըստ Ղազարի, Վարդանը և նրա զինակիցները, որոնք ընկել են մարտում, հավիտենական փառաց և հիշատակաց արժանի սուրբ նահատակներ են: Հակառակ կուսակցությունը` Վասակը և նրա համախոհները, դավաճաններ և նողկալի երդմնազանցներ են: Փառասիրությունից և անձնական շահագրգռություններից դրդված` նրանք տեղի են տվել պարսիկների թելադրանքին, ըստ Եղիշեի, նույնիսկ ընդունել են պարսից կրոնը և գլխավոր մեղավորները հանդիսացել երկրի բոլոր աղետների համար: Մեսրոպի կենսագիր Կորյունը խիստ համակրանքով է խոսում Վասակի անձնավորության մասին: Կասկած է առաջանում պատմիչների դատողությունների ճշմարտացիության մասին, ուստի հարկ է առավել բանական հիմքեր փնտրել Վասակի
գործողություններում:

Եթե մի կողմ նետելու լինենք վարքագրական տեսակետը, որով Եղիշեն և Ղազարը դիտում են իրերը, և շարադրանքից հեռացնենք կուսակցական և Վասակի նկատմամբ թշնամական ոգին, ապա իրադարձությունը մեզ կներկայանա այլ լույսի ներքո: Հայոց իշխանները, առավել ևս երկրի կառավարիչ Վասակը, օժտված էին քաղաքական խոհեմությամբ և քաջ գիտակցում էին, որ իրենց համար անհնարին է ուժերը չափել հզորագույն մի միապետության հետ: Արտաշատի ժողովում հարցը քննարկելիս` նրանք հույս էին դնում արտաքին օգնության վրա: Որոշման համաձայն՝ Ժողովից հետո Վասակը դեսպանություն հղեց Թեոդոսիոս կայսեր մոտ, որի հետ հայերը մեծ հույսեր էին կապում: Այդ բոլորի մասին տեղեկացնում են Հայաստանի բյուզանդական մասի կառավարիչ Վասակ Մամիկոնյանին, ինչպես նաև Անտիոքի ստրատեգոս Անատոլիոսին և խնդրում նրանց աջակցությունը: Սուրհանդակներ ուղարկեցին նաև հայկական հարավային նահանգներ` Աղձնիք, Անգեղտուն և Ծոփք, որոնք այն ժամանակ իրենցից ներկայացնում էին Բյուզանդիայի հովանու տակ գտնվող ինքնավար սատրապություններ: Կոչեր հղեցին Իբերիա և Աղվանք, և, վերջապես, բանակցությունների մեջ մտան հոների թագավոր Հեռանի և ուրիշ լեռնականների հետ: Վասակը և նախարարները սպասում էին դեսպանների վերադարձին: Մինչ այդ, հոգևորականությունը եռանդով հրահրում էր ժողովրդի կրքերը: Ամբոխը տեղի տվեց նրանց բոցաշունչ քարոզների ազդեցությանը, և սկիզբ առան թշնամական գործողություններ, ցույցեր ու բախումներ: Զարեհավանում խաժամուժը սրբազան կրակը ջուրը նետեց, բռնեց մոգերին և սրանց պաշտած արեգակի ծագման ժամանակ սպանեց նրանց: Իշխաններից ոմանք առաջարկեցին Վասակին կանգնել շարժման գլուխ և հայտարարել համընդհանուր ապստամբություն: Նա դանդաղում էր: Այդ ճգնաժամային պահին լուր ստացվեց Թեոդոսիոսի մահվան մասին: Նրա հաջորդ Մարկիանոսը կտրականապես հրաժարվեց աջակցել հայերին: Անատոլիոսի և Եղփարիոս ասորու (ավելի ճիշտ` Փղորենտիոս, ինչպես Ղազարի մոտ է), Եղիշեի արտահայտությամբ` այդ երկու անարգ և վատթար արանց, խորհրդով կայսրը գերադասեց խաղաղություն պահպանել հեթանոսների հետ, քան թե օգնել քրիստոնյաներին: Մարկիանոսն անգամ հարկ համարեց նույն Փղորենտիոսի միջոցով այդ մասին տեղեկացնել Հազկերտին: Դեսպանության անհաջող ելքը ջարդուփշուր արեց հայերի հույսերն ու ծրագրերը և շրջադարձային կետ հանդիսացավ շատ իշխանների համար` նրանց գործողություններում: Կայսեր մերժումին անմիջապես հաջորդեց Հայաստանի կայսերական մասի կառավարիչ Վասակի, ինչպես նաև հարավային նահանգների սատրապների մերժումը: Չգիտես ինչու հոներին չհաջողվեց կատարել տված խոստումը: Հետագայում հայերը կշտամբում էին նրանց որ իրենց խոսքը չպահեցին և պատերազմի ժամանակ չհայտնվեցին: Ինչ վերաբերում է Իբերիային և Աղվանքին, ապա այնտեղ ուղարկված պարսկական զորաջոկատը շեղեց նրանց ուշադրությունը և խանգարեց նրանց միանալու հայերին: Ըստ երևույթին, հոներին էլ այդ զորաջոկատն էր կասեցրել: Հանգամանքների անհաջող դասավորման հետևանքով հայերն ընկան անելանելի դրության մեջ: Այդպիսի պայմաններում խզել կապերը պարսիկների հետ և նրանց բացահայտ պատերազմ հայտարարել` նշանակում էր երկիրը տանել դեպի անխուսափելի կործանում: Վրա հասավ հուսախաբության ու տատանումների պահը: Կարծիքները տարամերժվում էին: Պարագլուխները պառակտվեցին երկու բանակի: Մի մասը կանգնած էր հանուն ապստամբության և խորհուրդ էր տալիս շարունակել սկսված գործը` հույսը դնելով սեփական ուժերի վրա: Մյուս մասը, հասկանալով նման հանդգնության ամբողջ վտանգը, խոհեմ էին համարում կասեցնել հետագա գործողությունները և կոծկել գործը: Առաջին կուսակցության գլուխ կանգնած էին Մամիկոնյաններն ու Արծրունիները, իսկ երկրորդի` մարզպան Վասակն ու Բագրատունիները: Հաշտություն չկայացավ: Տեսակետների անհամաձայնությունը շուտով վերաճեց փոխադարձ թշնամության, և երկու կողմերը սկսեցին գործել տարբեր ուղղություններով և բացահայտորեն միմյանց դեմ: Վասակը կոչ կոչի հետևից էր ուղարկում երկրի բոլոր կողմերը և հուզված ժողովրդին խաղաղության և կարգի հրավիրում: Նա «ոչ երբեք դադար էր», ասում է Ղազար Փարպեցին, «գրել նամականի առ իշխանս և շինականս և քահանայս աշխարհիս Հայոց, ցուցանէր իմն բերեալս ի դրանէ ուխտս սուտս և վկայութիւնս ընդունայնս, թե «Արքայից արքայ զքրիստոնէութիւն շնորհեաց աշխարհի, և զվնաս կոտորածի մոգուցն չխնդրէ. և զապստամբութենէն ասէ, թէ «բնաւ և յիշեմ իսկ ոչ, միայն թէ ի բաց դառնայք ի խրատուէ և ի բանից Վարդանայ, և մի կորնչիք ընդ դմա»: Այդ նույնն է հաստատում Եղիշեն: Մարզպանի խոսքը լիովին չկասեցրեց շարժումը: Ժողովուրդը եռանդով արձագանքեց Մամիկոնյանի կոչին և շարժվեց դեպի մարտադաշտ: Հայաստանի սահմաններում պարսից զորքի Վարդանը նույնպես շտապեց հանդիպելու պարսից զորքին: Արաքսից ոչ հեռու տեղի ունեցավ ճակատամարտ: Ճակատամարտի հենց սկզբում նրա զինվորությունը, որը գլխավորապես ռամիկներից էր կազմված, փախուստի դիմեց, իսկ նա մի բուռ քաջերի հետ ընկավ մարտում: Պատմիչների խոսքերով հայերի կողմից ընկավ 287 մարդ, իսկ մարտադաշտ էր հայտնվել ըստ Եղիշեի 60 000 մարդ, պարսիկների թիվը եռակի ավելի էր: Որքան էլ առասպելական են այդ թվերը, բայց ցույց են տալիս, որ մարտական ուժերը նշանակալի էին: Այդքան պատկառելի ուժերի բախումից ստացվեց զոհերի համեմատաբար աննշան թիվ: Ակնհայտ է, որ պարսիկները հայերին դիտում էին որպես խռովարարների, որոնց հարկ էր ցրել և ոչ թե կոտորել` որպես թշնամիների: Այդպիսով, Վասակի միջնորդության շնորհիվ, Հայաստանը փրկվեց սարսափելի կոտորածից: Ճակատամարտից հետո մարզպանը նույն բովանդակության կոչերով վերստին դիմեց բնակչությանը, և միաժամանակ աջակցում էր պարսկական իշխանություններին զինաթափելու և հանդարտեցնելու ժողովրդին: Շուտով Վասակի տեղը նոր մարզպան նշանակեցին Ատրորմիզդին` հանձնարարելով շարունակելու երկրի խաղաղեցումը: Վասակը մյուս իշխանների ու հոգևորականների հետ ամբողջ գործի քննության համար կանչվեց արքունիք: Հարցաքաննության ժամանակ պարզվեցին գործի բոլոր հանգամանքները: Տուժող կողմը, առաջնորդվելով Վասակի նկատմամբ տածած ատելությամբ, մատնեց բոլոր գաղտնիքները: Ներկայացվեցին գործին վերաբերող փաստաթղթեր` կնքված Վասակի կնիքով: Պարզվեց, որ մարզպանը ոչ միայն խառն է խռովություններին, այլ որ դրանք ամբողջապես նրա ձեռքի գործն են:

Շրջանցելով մանրամասնությունները ես ներկայացրի սոսկ իրադարձությունների սխեման այն հաջորդականությամբ և ներքին կապակցվածությամբ, ինչպես որ ես եմ հասկանում դրանք: Բոլոր փաստերը ես վերցրել եմ պատմիչներից, որոնց մոտ, սակայն, դրանք հայտնվում են այլ երանգավորումով: Նրանք հարկ եղած ուշադրությունը չեն դարձնում և շարադրանքում բավարար տեղ չեն հատկացնում դեսպանությունների հարցին: Իշխանների և ժողովրդի միջև տեղի ունեցած պառակտումը կախման մեջ չի դրվում դեսպանության սպասված ելքից: Ղազար Փարպեցին կարծում է, որ Բյուզանդիա ուղարկված դեսպանությունը վերադարձի ճանապարհին հապաղեց Հյուսիսային Հայաստանում և չհասավ պատերազմին: Պատմիչը ճիշտ չէ: Նախ և առաջ, նրա տեղեկությունը հակասում է Եղիշեի ցուցումին, համաձայն որի հայերն իմացան դեսպանության հետևանքների մասին, բայց և այնպես վճռեցին շարունակել գործը` ապավինելով Աստծուն և իրենց:
Երկրորդ, Թեոդոսիոսը մահացել է 450 թվականի հուլիս ամսին. Արաքսի մոտի ճակատամարտը տեղի է ունեցել հաջորդ թվականին, Քրիստոսի հայտնության շաբաթ օրը: Դեսպանությունը Կոստանդնուպոլիս էր ժամանել դեռևս Թեոդոսիոսի կենդանության օրոք: Մեկ ամբողջ տարվա ընթացքում այն կարող էր հայերին հաղորդել իր առաքելության արդյունքների մասին, ինչպես, օրինակ, Մարկիանոսը հաջողացրեց ժամանակին տեղեկացնել Հազկերտին իր որոշման մասին: Եղիշեն աղավաղում է Վասակի կոչերի իմաստը: Նա չի հավատում դրանց անկեղծությանը և կարծում է, որ այդ կոչերի հետևանքով հարավային նահանգները և Հայաստանի բյուզանդական մասի կառավարիչը օգնության չեկան: Նրանց մերժումի իսկական պատճառը բացահայտվեց վերը: Արդարացի չէ Եղիշեն նաև իր այն պնդման մեջ, որ իբր թե Վասակը և նրա համախոհները ուրացել են քրիստոնեությունը և մազդեզականություն ընդունել: Առավել անկողմնակալ Ղազարը ոչ մի տեղ որոշակի չի ասում Վասակի հավատուրացության մասին. բոլոր մակդիրները, որոնք ուղեկցում են նրա անվանը, մատնացույց են անում միայն նենգություն, ուխտադրժություն: Վասակի կուսակցությունը նա բնութագրում է որպես մի խումբ մարդկանց, «զորոց», ինչպես նա է արտահայտվում, «գիտէր զհոլովումն ի վատթար կողմն, և ոչ ուղղակի ի խորհուրդ ուխտապահութեանն»: Փաստորեն, չի արդարանում նաև երկու պատմիչների համար էլ ընդհանուր principium divisionis - մասնակիցների բաժանումը տվյալ ուխտի կամ դաշինքի նկատմամբ նրանց ունեցած վերաբերմունքի տեսանկյունից: Արտաշատի ժողովին մասնակցում էր 18 իշխան: Նրանցից գործին նվիրված դուրս եկան լոկ 8 մարդ, մնացյալ տասը հրաժարվեցին մասնակցելուց և կանգնած էին Վասակի կողմը: Ակնհայտ է` դրանում չի կարելի տեսնել ուխտադրժություն, այլ սոսկ հարցի վերավճռում: Պառակտումից հետո Վասակին հարեցին ևս հինգ իշխաններ՝ Խորխոռունի, Գաբեղյան, Ակեացիք և Ուրծեցիք, իսկ Վարդանին` երեքը՝ Մանդակունի, Ռոփսենյան և Տաշրաց իշխանները, ինչպես երևում է պարսիկների բռնած նախարարների ցուցակից: Մամիկոնյաններից հետո շարժմանը առավել եռանդուն մասնակցություն բերեցին Արծրունի և Կամսարական իշխանները: Մամիկոնյանները սերտ կապերի մեջ էին գտնվում նաև հոգևորականության հետ: Վարդանը Սահակ կաթողիկոսի թոռն էր: Հոգևորականության շարքերում Արծրունիներն ունեին խիստ հայտնի ներկայացուցիչ ի դեմս Աղանի, որի եղբայր Մերուժանը մտնում էր Թեոդոսիոսի մոտ
ուղարկված դեսպանության կազմի մեջ: Արշավիր Կամասարական իշխանը ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի դստեր հետ: Մյուս իշխաններից խռովությունների ժամանակ հատկապես աչքի ընկավ Վահան Ամատունին. նա անձնական հաշիվներ ուներ Վասակի հետ. դրանից առաջ պարսից պաշտոնյա Դենշապուհը նրան հեռացրել էր Հայաստանի հազարապետի պաշտոնից: Հնարավոր է, որ նա իր անկման մեջ կասկածում էր Վասակին: Խռովությունների պատմության մեջ Բագրատունյաց իշխաններին նրանց հզորությանը վայել ուշադրություն չի դարձված: Ամենաազդեցիկ նախարարական տունը ետին պլան է մղված այն պատճառով, որ ձեռնպահ էր մնացել հուզումներին մասնակցելուց: Բագրատունիները նույնիսկ ժողովին չէին եկել: Բայց երբ Վասակը ուխտը դրժեց, ապա Տիրոց Բագրատունին հարեց նրան և օժանդակում էր նրա գործողություններին: Բագրատունիների ազդեցության ոլորտում գտնվող Արարատյան նահանգի տարբեր գավառների իշխանները (Աբեղյան, Գաբեղյան, Վահևունի, Վանանդի, Աշոցքի, Դվինի տերերը) հետևեցին Տիրոցի օրինակին: Բագրատունյաց իշխանների գործելակերպը ցույց է տալիս, որ հենց սկզբից հայոց ավագանու մեջ համամտություն չկար: Այն պահին, երբ տարաձայնությունը պարզորոշ երևան եկավ և իշխանները պառակտվեցին կուսակցությունների, Վասակը` երկրի մարզպանը, կանգնեց մեծամասնության կողմը և վարվեց նրա ցանկությանը համապատասխան: Երկու պատմիչներն էլ` Եղիշեն և Ղազարը, վայելում էին Մամիկոնյանների հովանավորությունը և նրանց հանձնարարությամբ գրեցին իրենց երկերը: Զարմանալի չէ, որ նրանք իրերը դիտում են իրենց հովանավորների աչքերով: Եղիշեն ուղղակի հայտարարում է, որ նա գրել է պատմությունը այն բանի համար, որպեսզի գալիք սերունդներն անիծեն ուխտադրուժ Վասակի հիշատակը: Նման կանխակալ նպատակով է բացատրվում այն պարագան, որ Եղիշեն պատմությունից մասամբ դուրս է նետել որոշ տարրեր, մասամբ էլ վերամշակել է դրանք: Ըստ Ղազար Փարպեցու, Հազկերտն իր մոտ է պահել Վասակի երկու որդիներին իբրև պատանդների: Եղիշեն լռում է այդ մասին. ընթերցողի աչքում այդ պարագան կարող էր փոքր-ինչ մեղմել ուխտադրուժ Վասակի մեղքը: Ընդհակառակը, նա հորինում է պատմություն, որ իբր թե Վասակը սպանել է իր հորեղբայր Վաղինակին և նրանից հափշտակել իշխանությունը, և որ նա հետապնդում էր իր զարմիկներին: Ըստ Ղազարի, Վասակի փեսան, ոմն Վարազ-Վաղան, կնոջ` Վասակի դստեր հետ վատ վարվելու պատճառով ընկել էր աներոջ աչքից: Վարազ-Վաղանը փախել էր Պարսկաստան, ընդունել մազդեզականություն և փոքր դեր չէր խաղացել խռովությունների մեջ: Ղազարը նրա մասին արտահայտվում է կծու արտահայտություններով և նկարագրում է նրա տանջալից մահը: Եղիշեն ամենևին չի հիշատակում նրա մասին. փեսայի անձնավորությունը նրա մոտ միաձուլվում է աներոջ կերպարին` քրիստոնեությունից նրա ուրացումը և մահվան պատկերը, որը նկարագրում է Ղազարը, Եղիշեն փոխանցում է Վասակին: Մարզպանի գահընկեցությունից հետո նախարարական իշխանությունը տոհմում անցավ Վարազ-Վաղանին: Նա երկար չվայելեց աներոջ նկատմամբ իր հաղթանակը և մահացավ սոսկալի մահով: «Այլ աստէն իսկ նախ ընկալեալ յարդար դատաստանեն Աստուծոյ զվճիռ
հատուցման ըստ արժանի գործոց իւրոց,- ասում է Ղազարը,- քանզի տեսիլ նշաւակի եղև ամենայն տոհմին իւրոյ և գաւառին մարդկան: Վասն զի ի խորհրդակցէն, ի դիւէն իւրմէ տանջեալ ամս բազումս առաջի ամենեցուն հանապազօր նշաւակօք, զգետնեալ փրփրէր անզգայութեամբ, և չկարացեալ ասել, թէ մեղայ: Վասն որոյ գտեալ դիւին ամենաթափուր զայրն ի խնամոց մարդասիրին` յետոյ ապա սաստիկ և անհնարին խայտառականօք մինչ ի բազում ժամանակս չարալլուկ կտտանօք զարկուցեալ` հեղձոյց: Որ և զմնացորդս
ժահահոտ չարահամ խորտկին իւրոյ եթող զաւակին իւրում... Եվ այսպէս նորա աստէն ընկալեալ զհատուցումն մեղաց իւրոց` պահի և անշէջ գեհենոյն ի տարտարոսին` մատնել յաւիտենից և անանց բոցոյն»: Մոտավորապես այդպիսի գծերով Եղիշեն նկարագրում է Վասակի մահը.«ՙԵւ օր ըստ օրէ բերէին իբրև զգեշ ընկենուին ի մեծ հրապարա-կին, ձաղէին և այպանէին... Եվ իբրև այսպէս յամենայն կողմանց հարեալ վատթարացաւ, անկաւ յախտս դժնդակս անդէն ի կապանսն: Ջեռաւ փոր նորա, և հարան և տրորեցան գոգք նորա, և քամեալ մզեցաւ թանձրամսութիւն նորա: Եռացին որդունք ընդ աղս նորա, և ի վայր սորեցին ընդ ռնգունս նորա. խցան լսելիք նորա, և ծակոտեցան չարաչար շրթունք նորա. լուծման ջիլք բազկաց նորա, և յետ կոյս կորացան կրկունք ոտից նորա: Բղխեաց ի նմանէ հոտ մահու, և փախստական եղեն ի նմանէ ձեռնասուն ծառայք նորա: Լեզուն միայն կայր կենդանի ի բերան նորա, և ոչ գտաւ խոստովանութիւն ի շրթունս նորա: Ճաշակեաց զմահ հեղձամղձուկ, և էջ ի դժոխս անհնարին դառնութեամբ: Ոտնհար եղեն նմա ամենայն սիրելիք նորա, և ոչ յագեցան սաստիկ հարուածովք ամենայն թշնամիք նորա: Եւ այն, որ կամէրն թագաւոր լինել մեղօք Հայոց աշխարհին, ոչ երևեցաւ տեղի գերեզմանի նորա, քանզի իբրև զշուն մեռաւ և իբրև զգէշ քարշեցաւ»: Առավել ճշմարտացի` Ղազարն այլ
կերպ է ներկայացնում Վասակի մահը: Եւ նենգաւորն Վասակ կացեալ ի դրանն ամս ինչ կարի վշտագին և նեղութեամբ բազմաւ` մաշէր զաւուրս իւր հառաչելով և յոգւոց հանելով... ինքնին զիւրոյին ծեծէր զդէմսն, ասելով. «Ահա ընկալ զայս ձաղսս, ասէր, զոր ետ բերել քեզ ուխտանենգութիւն Սրբոյ Աւետարանին և արիւն նահատակութեան Սրբոյն Վարդա- նայ Մամիկոնէի և այլոցն ցանկալի հաղորդելոցն ընդ նմա, որոց ժառանգեալ զյաւիտենից կեանսն` ընկալան զանուն բարի յերկրի և անանց ազգաց յազգս իւրեանց: Իսկ դու, ասէ, մեղաւոր անձն իմ, կեաս խղճիւ և ցաւովք մտաց զսակաւաթիւ զաւուրս կենցաղոյս, պատրաստեալ պահիս մշտնջենաւոր և անանց գեհենին»: Ըստ Ղազարի, Վասակը մինչև կյանքի վերջը մնաց քրիստոնյա, և դրա համար էլ մահվան մահճում նրա շուրթերին զղջման խոսքեր է դրել: Եղիշեն նրան զրկել է այդ մխիթարությունից ևս, քանի որ հավատուրաց է համարում: Բերված զուգահեռը և ուրիշ հանգամանքներ հանգեցնում են այն մտքին, որ գրական կապ գոյություն ունի Եղիշեի և Ղազարի միջև: Անունների միևնույն ցանկերը միևնույն կարգով երկուսի մոտ էլ կան: Նման ապշեցուցիչ զուգադիպությունը կարելի է բացատրել մեկի կախվածությամբ մյուսից, և կամ նրանով, որ երկուսն էլ ունեցել են մեկ ընդհանուր աղբյուր: Կարծիքը, թե Ղազարն օգտվել է Եղիշեից, քանի որ, ըստ ավանդության, ավելի ուշ է ապրել, հիմքից զուրկ է: Գրական առումով Ղազարի երկն ավելի առաջնային է, քան Եղիշեինը: Մեզ հասած խմբագրությամբ Եղիշեի պատմությունը չի կարող բարձրանալ մինչև ավելի վաղ ժամանակ, քան 6-րդ դարը: Եղիշեի գիրքը կազմված է երկու մասից. առաջինը նվիրված է պատերազմների պատմությանը, երկրորդը պարունակում է Ղևոնդի և մյուս քահանաների չարչարանքների պատմությունը: Հայոց եկեղեցական օրացույցում Վարդանի և նրա զինակիցների և Ղևոնդյանց քահանայից հիշատակները նշվում են առանձին, տարբեր օրեր: Այդ օրացույցին համապատասխան գոյություն ուներ նաև ժողովածու, որն ամփոփում էր օրացույցում նշված բոլոր սրբոց վարքերը: Եղիշեի ներկա երկատված տեսքը, ինչպես ինձ թվում է, առաջացել է և պայմանավորված է օրացույցային նկատառումներով, այլ կերպ ասած, Եղիշեի երկը գրված է այդ ժողովածուի համար: Բայց քանի որ օրացույցը և նրան համապատասխանող ժողովածուն առաջացել են 6-րդ դարից ոչ վաղ, ապա և Եղիշեի պատմությունն էլ, այդ տեսքով, չի կարելի վերագրել ավելի վաղ ժամանակի: Այդ դեպքում, երկու պատմիչների միջև կախվածության հարցը կարելի կլիներ
լուծել հօգուտ Ղազարի: Սակայն Եղիշեի մոտ կան ինքնուրույն բնույթի ամբողջ էջեր, որոնց համար Ղազարի երկը իբրև աղբյուր չէր կարող ծառայել: 7-րդ դարի պատմիչ Սեբեոսը սեղմ բառերով շարադրելով 5-րդ դարի իրադարձությունները վկայակոչում է ինչ-որ պատմություն. «այն ամենայն ի ձեռն այլոց գրեցաւ, որպէս ցուցանէ նոյն իսկ պատմութիւնն»,- նշում է նա: Այդ պատմության Վարդանը կոչվել է Կարմիր («Կարմիրն կոչեցեալ Վարդան»): Այդպիսի մականուն Վարդանը չունի ոչ Եղիշեի, ոչ էլ Ղազարի մոտ: Դրա համար էլ Սեբեոսին հայտնի պատմությունը չի կարելի նույնացնել նրանց երկերի հետ: Սեբեոսի բառերը`«ի ձեռն այլոց գրեցաւ»,  ցույց չեն տալիս շատ հեղինակներ, որոնց տակ կարելի կլիներ հասկանալ Եղիշեին և Ղազարին, այլ պարզապես նշանակում են հեղինակի անհայտ լինելը. չիմանալով կամ չցանկանալով նա չի տալիս հեղինակի անունը: Պետք է ենթադրել, որ գոյություն է ունեցել հատուկ հին պատմություն` «Կարմիր Վարդանի պատմություն» վերնագրով, որը և ընկել է Ղազարի և  Եղիշեի երկերի հիմքում»:

Այս թեմայով

ֆեյսբուք