Սոչիում Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցերը. Ուշակով

11/05/2018 17:08

Սոչիում Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցերը. Ուշակով

Մայիսի 14-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի «շրջանակում» կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնականի պաշտոնակատար Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սպասվում է, որ Սոչիում առաջիկա բանակցությունների ժամանակ կքննարկվեն երկկողմ օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության մի քանի հրատապ հարցեր»,- ասել է նա:

Ուշակովի խոսքով՝ սա 2 երկրների առաջնորդների առաջին հանդիպումն է լինելու Հայաստանում քաղաքական համակարգի փոփոխությունից հետո:

Ուշակովը նշել է, որ «միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերում Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները մոտ են կամ համընկնում են»: «Երկու երկրների ԱԳ նախարարությունների գծով ինտենսիվ շփումները նպաստում են արտաքին քաղաքականության ոլորտում համակարգմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի, Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ բազմակողմ կազմակերպությունների շրջանակում»,- հավելել է նա:

Կրեմլի ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ (ԱՄՆ և Ֆրանսիա), «ակտիվ միջնորդական դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»:

Այս թեմայով