ՌԴ-ի, Իրանի և Արևմուտքի կոնսենսուսը ԼՂ-ում նոր արյունահեղությունից խուսափելու երաշխիք չէ. «Կոմերսանտ»

26/03/2018 17:15

ՌԴ-ի, Իրանի և Արևմուտքի կոնսենսուսը ԼՂ-ում նոր արյունահեղությունից խուսափելու երաշխիք չէ. «Կոմերսանտ»

Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը անդրադարձել Արցախի հակամարտության շուրջ ստեղծված իրադրությանը և Ապրիլյան պատերազմին: «Ռազմավարական և տեխնոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնի» փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն «Ղարաբաղյան պատերազմի նավթադոլարները» վերտառությամբ նյութում գրում է, որ 2016-ին տեղի ունեցած ռազմական գործողությունները անխուսափելի էին, քանի որ խախտվել էր հարաբերական այն հավասարակշռությունը, որը պահպանվում էր Արցախյան պատերազմին հաջորդող առաջին տասնամյակում։
Հեղինակը գրում է, որ 2004-ից հետո, երբ ադրբեջանական ռազմական բյուջեն կտրուկ աճեց նավթադոլարների շնորհիվ, երկիրն ընդլայնեց սպառազինության գնումների ծավալը, իսկ արդեն 2008-ից Բաքուն կտրուկ փոխեց ռազմական ներկրումների մոդելը՝ խորհրդային զենքիից անցնելով նոր սերնդի բարձր տեխնոլոգիական սպառազինության, ինչպես հետխորհրդային երկրներից, այնպես էլ Իսրայելից և Արևմուտքից։

«Արդյունքում 2014-ին երկիրը ռազմատեխնիկական ճնշող գերակշռության հասավ Հայաստանի և ԼՂՀ-ի ուժերի նկատմամբ: Վերջին տասնամյակում զենքի գնման և բանակի արդիականացման ոլորտում ներդնելով մոտ $25 մլրդ՝ Բաքուն պարզապես չէր կարող չփորձել իր ուժերը», - գրում է հեղինակն ու միաժամանակ հավելում, որ 2016-ի ապրիլին պարզվեց՝ Ադրբեջանի ռազմական առավելությունն անբավարար էր հաջողության հասնելու համար։

Ըստ հեղինակի՝ չնայած Ապրիլյան պատերազմին Ադրբեջանի զինված ուժերը չեզոքացրին հայկական թույլ դիրքերը և գրավեցին մարտավարական նշանակություն ունեցող մի քանի կարևոր բարձունք, նրանց հարձակողական պոռթկումը շատ արագ սպառվեց:

«Ադրբեջանի էլիտար ստորաբաժանումները մարտերի առաջին իսկ օրը ծանր կորուստներ կրեցին․ հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում զոհվեցին նույնիսկ հրամանատարն ու շտաբի պետը։ Անհաջող էին նաև հայկական կողմի հակահարվածները։ Կիրառելով իսրայելական ժամանակակից սպառազինություն, մասնավորապես՝ երրորդ սերնդի հակատանկային համալիրներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ կամիկաձեներ, ադրբեջանական կողմը կարողացավ պահել գրավված դիրքերը և արցախյան կողմին հասցնել մեծ կորուստներ, որոնց նախկինում սովոր չէին»,- գրում է հեղինակը:

Մակիենկոն նկատում է, որ Արցախյան հակամարտության շուրջ իրավիճակը շարունակում է բարդ խնդիր մնալ ռուսական դիվանագիտության համար: Նա նշում է, որ կոնֆլիկտն այն փոքրաթիվ դեպքերից է, երբ ՌԴ-ն ու Արևմուտքը, ինչպես նաև Իրանը միասնական դիրքորոշում ունեն:

«Այս եզակի փոխհամաձայնությունը հրաշալի նախադրյալ է, սակայն, ցավոք, ոչ երաշխիք՝ նոր արյունահեղությունը շրջանցելու համար», - եզրափակում է հեղինակը:

Այս թեմայով

ֆեյսբուք