Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հեղինակ :

Լիլիթ Մխիթարյան

Պիտի գործի պատերազմում գտնվող երկրների օրենքը՝ դավաճաններին միայն կառափնարան. Ժ. Գալստյան

30/05/2016 23:47

Պիտի գործի պատերազմում գտնվող երկրների օրենքը՝ դավաճաններին միայն կառափնարան. Ժ. Գալստյան

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում հարցազրույց հասարակական գործիչ, ազգայնական գաղափարների կրող Ժաննա Գալստյանի հետ Հայաստանում տիրող իրավիճակի, քառօրյա պատերազմից մեր քաղած դասերի և ներքին ու արտաքին մարտահրավերների մասին:

Տիկի՛ն Գալստյան, չնայած Արցախյան պատերազմը 1994-ի հրադադարից հետո այդպես էլ չէր դադարել, բայց ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններից հետո նոր զգացինք շարունակվող պատերազմի շունչը, ի՞նչը փոխվեց ապրիլից հետո, ըստ Ձեզ:

Ապրիլից հետո մեր աչքերը բացվեցին երկկողմանի: Պարզվեց, որ մեր Բանակը անՈւժ է, այս 22 տարվա մեջ հիմնականում անտեսված ու իմիջիայլոց, չի զինվել ինչպես հարկ է բանակային կառույցին, չի ամրացել պաշտպանական անհրաժեշտ կառույցներով, և որ ամենաահավորն է՝ Երկրի ամենակարևոր օղակը Թալանվել ու անտեսվել է... Երբ երկիրը թալանվեց պատեհապաշտ կառավարիչների կողմից, երբ արտագաղթը երկիրը դատարկեց զինվորից, երբ...ո՞ր մի հրեշավոր երբը նշեմ՝ ժողովուրդը դիմանում էր, վստահ լինելով, որ գոնե սահմաններն ամուր են, Բանակը կայուն է, երկիրը պաշտպանված, չնայած բազմաթիվ զոհերին՝ դիպուկահարի ու ներքին «դեդովշչինա» կոչվող հրեշավոր երևույթի առկայությանը։ Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Բանակի վիճակը այդքան անճար է, երբ փաստորեն 18-20 տարեկանների անձնազոհության հույսին է մեր անվտանգությունը, ովքեր մատաղացու էին մեր զոհասեղանին։ Ամենակուլ թալանի ականատես մեր ժողովրդի մտքով չէր անցնում դավաճանության այն աստիճանը, որ այդ թալանը Բանակին կհասներ, կվարկաբեկվեր միակ կառույցը, որը պիտի սրբորեն պահպանվեր: Մեր ցավագին մխիթարանքը եղավ Հայ Զինվորի հրաշք կերպարը, նրա անմնացորդ հպարտ ու խիզախ հերոսացումը։ Սա այն սերունդն էր, որը ծնվել էր մութ ու սովի, ցրտի ու հուսահատ մաքառումի տարիներին, այս սերունդը դաժան պայմաններում մեծացավ ու մտածում էինք, թե տեսնես վտանգի պահին ինչպես կդրսևորի իրեն... Փառք ու պատիվ հայոց Գենին, որ արթնացավ հպարտորեն, որ զարմանքն ու հպարտությունը միասնականորեն մեզ միացրին, որ այդ օրերի մեր մրմուռը, անքուն գիշերները երբեք չենք ների մեղավորներին:

Կողմերը նորից բանակցային փուլ են ասես թևակոխում՝ բոլորին հայտնի հակահայ մադրիդյան սկզբունքները կրկին հիմք ընդունելով, բայց սահմանին իրադրությունը շարունակվում է լարված մնալ, թշնամին ամեն օր կրակում է մեր դիրքերի ուղղությամբ, ունենք տարածքային կորուստներ, ինչ կասեք, ո՞ր ուղին պետք է մենք բռնենք:

Այս բանակցային փուլ կոչվածը արդեն տարիներ ի վեր պայմանավորված թատրոն է հիշեցնում: Բոլոր սկզբունքները վաղուց ոտնակոխ են արված այս աշխարհի փորձառու կեղծ բարեպաշտների կողմից։ Ինձ թվում է, որ այդ տարածքային կորուստները ժամանակին ստորագրվել էին հանձնման, որն էլ պահանջեցին իրականացնել Ստորագրողին, նա էլ կատարել տվեց։ Այն, ինչ կատարվեց 4-օրյա կոչվող պատերազմի ընթացքում առատ է առեղծվածներով՝  1. Մի կողմից իբր անսպասելի կոչվող հարձակումը մեր ամենթույլ դիրքերի վրա: 2.Անհասկանի էր, թե պաշտպանական շերտը, որտեղ ականապատված էր տարածքը, ինչու թշնամու հարձակման ժամանակ, եթե նույնիսկ նրանք անհավանականորեն մաքրել էին, գոնե մի արկ սխալմամբ չպայթեց: 3.Մեր երեխաների, մեր հրաշք 18-20 տարեկանների անձնազոհ, հերոսական պահվածքի ժամանակ, նրանց անզիջում պահանջը մարտը շարունակելու ու ազատագրելու գրավված տարածքները, կրակի դադարեցում պարտադրվեց։ Այս հարցերի պատասխանները տրվում են լղոզված, խուսափուկ, իրենց արդարացնող բոլոր միջոցներով` մոռանալով, որ բազմաթիվ են իրական ականատեսներն ու լուրջ ռազմագետները: Ժողովրդի լեզվով ասած`«Ուղտին նստել կուզեկուզ են ման գալիս»։ Իսկ որ այդ տարածքները մեզ համար ռազմավարական են, որ արյունով ազատագրված հող է, որ վերջապես Մերն է, կասկած չի հարուցում։ Անապատի վերածեցին, մշտապես թիրախավորեցին սահմանի զինվորին, ուրեմն հույժ կարևոր էր թշնամու համար: Ուստի պարտադիր է այդ տարածքների վերադարձը մինչև համապատասխան դիրք, ոչ մի կիսատ-պռատ արդարացում չկա:

Հայը միշտ ուժեղ մարտիկ է եղել, պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ մեր զորքերի օգնության կարիքը հզոր կայսրություններն են ունեցել, այսօր էլ հայը վստահ է դիրքերում, հարյուրավոր հերոսներ ընկան, բայց ինչո՞ւ են միշտ կիսատ մնում մեր հերոսների գործերը…

Այո, հզոր կայսրությունները միշտ էլ օգտագործել են հային, հայն էլ պատրաստակամ է եղել՝ սեփական երկրի վերահաստատման-վերակառուցման մասին մոռացած: Սա մեր ցավերից մեկն է... Մեր հերոսների գործերի կիսատ մնալը, «Կիսատ» հրամանատարության ու ղեկավարության ձեռքի գործն է, այն էլ անհասկանալի, անբացատրելի, եթե դա թշնամու հետ պայմանավորվածություն չէ։ Կգա մի օր, երբ ցավալիորեն նորից կխոսվի այդ մասին՝ տարբեր անվանումների հոլովումով, սկսած հանցավոր անտեղյակությունից ու նախապես Ստորագրված փաստաթղթերից, արդեն Դավաճանություն կոչվող իմաստով։ Ժողովուրդը կույր գործիք չէ, անթել հեռախոսով ակամա ու կամա վկաները ամեն ինչ էլ տարածում են, մախաթը պարկի մեջ հնարավոր չէ, որ երկար մնա, դուրս կգա որոշ աչքեր հանելու համար... Վաղուց է խոսվում, 1994-ի պատերազմի հրահանգավորված կասեցման մասին, այսինքն՝ Տիզբոնից եկող հրամանների ժամանակը ոչ մի կերպ չի վերանում, զոհերն են ավելանում ու մեր տարածքների կորուստներն են փաստվում։ Բոլոր բանական երկրներում եղել է զինվորականության Պատվո Վարքականոնը նաև՝ Հայաստանում։ Հիմնականում թագավորական ու իշխանական ընտանիքների զավակներն են մանկուց սովորել ռազմական գործը, որ հետո պատրաստ լինեն ղեկավարելու պատերազմական գործողությունները։ Ընդհանրապես Պատվո խնդիրը շատ սուր է դրված եղել Վարքականոնի հիմքում, հիշենք, թե որևէ մի հարցում սխալված զինվորականը ինչպես էր ինքնասպան լինում։ Հիմա տեսնենք ինչ կատարվեց մեր երկրում։ Կառավարիչներից ոչ մեկը չի անցել զինվորական ծառայություն, հազվագյուտ բացառությամբ, էլ չեմ ասում նրանց տղաները։ Բացարձակապես ոչ մեկը չի տիրապետում Վարքականոնի ոչ մի դրույթի՝ զինվորական կամ մարդկային։ Քանի որ 25 տարի է երկիրը թևակոխել է «Թալան, Թալան մինչև վերջ» կարգախոսի շրջան, զինվորականությունը դրանից անմասն չմնաց, արդյունքը տեսանք Քառօրյակում... Դրանից հետո պիտի որ լինեին ինքնասպանություններ, գոնե մեկ հոգի։ Պաշտոններից հեռացվեցին պատասխանատուները...Ընդամենը... այդ թալանի արդյունքում նրանց պալատներն ու դղյակները, հայտնի ու անհայտ հարստությունները մնացին անձեռնմխելի՝ ձուկը գլխից էր Հոտած։ Փոխարենը ռազմադաշտում թիկունքից սպանվեցին բոլոր Զորավոր Զորավարները, քանզի նրանք հետո բացատրություն էին պահանջելու բանակում տիրող իրականության համար, ցավալիորեն հիշեցի ռուսական մի ասույթ. «когда вы воевали, мы вам мешали?»… Մենք երկար լռեցինք գործածելու «Դավաճանություն» եզրույթը, բայց այսօր միայն այդ բառն է շրջանառվում մեր լքված ժողովրդի շուրթերին:

Արդեն խոսեցիք բանակի վերնախավում առկա հրեշավոր կերպարների և նրանց հակահայ քաղաքականության մասին, ակնհայտ է, որ բանակում ամեն ինչ չէ որ հերոսական է: Ի՞նչ անել այս ուղղությամբ:

Բանակի հերոսականը միայն Հայ ԶԻՆՈՐՆ է, կատարյալ Զորավար Լեոնիդ Ազգալդյանի խոսքով. «Հայաստանի հարստությունը հայ Զինվորն է»։ Իսկ մնացածի մեջ ոչ թե հերոսություն, այլ իմիջիայլոցությունն է իշխում: Բանակի բազմատեսակ անհրաժեշտ զինամթերքի ու պաշտպանական կառույցների բացակայությունը բազմաթիվ դիրքերում, զիվորի նկատմամբ աչք ծակող անտարբերությունն ու մնացյալ ցավալի երևույթները, անտերության վիրավորական զգացողություն են առաջացնում։ Ժողովուրդը դիմանում էր կոռուպցիային, բազմադեմ թալանին, նույնիսկ արտագաղթի ահավորությանը, որը Խփում էր մեր պաշտպանության հիմքին, հավատալով, որ Բանակը մաքուր կմնա այդ հրեշավոր երևույթից, որ Բանակը հուսալիորեն ամուր է։ Քառօրյա պատերազմի արդյունքը բացեց ժողովրդի աչքերը ու սարսափեցրեց նրան, երբ տեսավ, որ իր հույսը միայն իր Զինվորն է, նրա անձնազոհ-հերոսական էությունը, Զինվոր մասունքի Գենը։ Ամոթը խեղդեց մեզ, ի տես կերած-խմած գեներալիտետ կոչվածի, զինվորի արյուն-քրտինքը գողացողի։ Կոսմետիկ միջոցառումները, որ նրանց մի մասին ազատեցին պաշտոններից, չի բավարարում։ Կարծում եմ պիտի գործի Պատերազմում գտնվող երկրների օրենքը՝ դավաճաններին միայն Կառափնարան, որ ժողովրդի հավատը վերականգնվի: Ժողովուրդը երբեք չի ներելու 100 մատղաշների հերոսական մատաղացումը, Սև խարանի պես այն դաջված է 18-20 տարեկանների պայմանավորված թիրախավորումն իրագործողների ճակատին: Նաև գործող օլիգարխա-իշխանական թալանչիների դատաստանը պիտք է որ ակնառու լինի: Հարկեր չմուծելու հանցավոր մեղավորները, և նրանց հովանավորները արժանի են Կառափնարանի։ Դատաստանը եթե արդար ու ակնհայտ չեղավ, ոչ մի բան չի փոխվի ու ցասումը ժողովրդական, որ արդեն երևում է, շատ բան կսրբի մեր սուրբ հողից:

Հայը հազարամյակների ընթացքում բազմաթիվ պատերազմներ է տեսել, դարերով օտարի լծի տակ է ապրել, ցեղասպանություն տեսել, բայց այսօր Հայաստանն անկախ է՝ չնայած մեջքը չափազանց կոտրված երկու տասնամյակից ավել ընթացող այդ ներքին թալանի ու ավերի պատճառով, ինչպե՞ս փրկենք մեր անկախ Հայաստանը:

Ցեղասպանությունն ու օտարի լուծը մեզ Դաս չեղան, մեր երկիրն էլ երբեք անկախ չի եղել, պատրանք է այդ անկախությունը, երբ Ռուսական սապոգի հարվածը միշտ ենք զգում մեր մեջքին։ Մոռացվել է դաշինքների մեջ իր շահը ամրագրելու պայմանը, մոռացվել է Օբյեկտից Սուբյեկտի անցնելու հրամայականը։

Մի տեսակ փակուղու մեջ լինենք ասես՝ ներսում առնետներ, սահմանի մյուս կողմում գայլեր, դրսում բորենիներ, ինչպե՞ս փրկվել այս «կենդանականե շրջափակումից:

Մեր հայրերի սերունդը Եղեռն տեսավ, տեսավ 1937,1941, 1949, տեսավ Բաքու ու Սումգայիթ... մեր հայրերի սերունդը այդ ամբողջ տարիներին կարողացավ գիտակցելով կառուցել ավերված ու ողորմելի մի տարածք, որը միայն անունով էր Հայաստան, ու 1918-ից հետո դարձավ Հանրապետություն։ Կարողացավ կառուցել ու զարգացնել բոլոր հնարավոր բնագավառները: Դարձավ ցուցադրելի և Առաջատար այլ հանրապետությունների շարքում։ Մեր սերնդին փոխանցված պատգամը մենք սրբորեն կատարեցինք՝ ունենալով մեր հայրերի աջակցությունը։ Սովետ կոչվող Փակ տարածքում զարգացրինք գիտությունն ու մշակույթը, այն ամենը, որ տեսանելի ու կիրառելի էր ու մեզ էլ հեշտությամբ ու առանց բարդությունների ստեղծել հնարավոր չէր... Մենք ևս Ազգայինը պահպանելու ու փոխանցելու համար բազում զրկանքների ու հալածանքների ենթարկվեցինք: Ու այսօր, որ թալանվում է արդեն հիմնականում կառուցված Հայաստանը, դա նախորդ սերունդների Քրտինքն է։ Արժեքային համակարգի վերականգնում է պետք. 25 տարվա մեջ, երբ ֆիդայական շարժումը երկրի ազատագրման ոգով զինվածներին տարավ ռազմի դաշտ, թիկունքը մնաց անպաշտպան, պատեհապաշտները սկսեցին իրենց սև գործը՝ Աթոռակռիվը: Իրենցով արեցին ազգային հարստությունը, կոպեկներով յուրացրին 70 տարիների արյուն-քրտինքով ստեղծված արդյունքը։ Բանակ չկար, տարերային էր պատերազմի մեջ մխրճված երկրի պաշտպանությունը, հերոսական անհատների ջանքերով հիմք էր դրվում բանակային կառույցի ու ռազմական արդյունաբերությանը՝ հաճախ հանդիպելով խոչընդոտների, արդեն ոչ բանիմաց կառավարիչների կողմից։ Բայց հաղթեց ժողովուրդը և գերությունից ազատվեց Արցախ աշխարհը։ Ներսի ու դրսի բորենիների դեմ պայքարի զենքը վճռականությունն է։ Այսօր անտեղյակ հայ չկա, ակնառու են բոլոր դավաճանական ու կեղծ բարեպաշտական քայլերը: Խորհելու ժամանակներն անցել են, այժմ Խմորվելու ու ելքային քայլ անելու ժամանակն է: Ցասման բաժակը լցվել է վաղուց։

Ունե՞ք ինչ-որ բանաձև ինչպես դարձնել բանակը ազգային,  կառավարությունը, ազգային ժողովը և ընդհանրապես բոլոր ենթակառույցները դարձնել ազգային, կա ի՞նչ որ դեղատոմս: Չե՞ք կարծում սա կարող է լինել մեր միակ փրկությունը:

Կան բազմաթիվ խելացի վերլուծություններ ու առաջարկներ, բարդը մեխանիզմի որոնումն է՝ ցավոտ ու պակաս ցավոտ։ Դարձյալ արժեհամակարգի վերականգնումից է կախված։ Մայրական տատս, ով Կարսից էր, պատմում էր, թե ինչպես է հայ ընտանիքը դիմավորում պատերազմից վերադարձած որդուն, ամուսնուն։ Սեղան է գցվում դռան մոտ,երբ որդին մոտենում է, մայրը ծնկի է գալիս նրա առաջ, խոնարհվում է՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի զինվորին, հետո ոտքի է կանգնում ու ողջագուրվում։ Նույնը անում է կինը, երբ ամուսինն է վերադառնում, հետո գնում են չվերադարձած զինվորների ընտանիքներին խոնարհվելու ու մխիթարելու։ Սա Հայ տղամարդուն կարևորելու, մեծարելու ու նրան հենարան լինելու յուրահատուկ քայլ է, որ ծեսի է վերածված եղել։ Ինձ շատ հուզեց այս երևույթը, երբ մայրս դիմավորեց ձախ ձեռքի թաթը կորցրած եղբորս... Ես հատուկ սկսեցի Բանակից, որովհետև ամենակարևոր, ամենապատվախնդիր, ամենաԱմենօրյա խնդիրը Բանակն է՝ սկզբից ու վերջից ԲԱՆԱԿ ու ԶԻՆՎՈՐ։ Զինվորը՝ հայ ընտանիքում արու զավակը, պաշտամունքի առարկա է, նա դաստիարակվում է ընտանիքում, ծննդյան օրվանից, որպես ընտանիքի, օջախի, երկրի պաշտպան: Կարծում եմ վերականգնել է պետք նման համակարգը, երկրում կարևորագույն դերը պիտի վերագրվի Տղամարդուն, երկրի իրական Պահապանին ու Պաշտպանին։ Իսկ մեզ մոտ գենդերային հավասարություն ենք փաթաթում բոլորի վզին, աշխատատեղերի հիմնական մասը տրվում է կանանց, նաև որոշակի նպատակներով, էլ չեմ ասում, որ «ամոթ» բառը վերացել է գիտակցությունից։ Այստեղ էլ կա հասարակական հարաբերությունների Վարքականոնի բանական անհրաժեշտությունը։ Պահանջս մեկն է՝ վերականգնել տղամարդ հասարակության գերակայությունը, նրան վերադարձնել աշխատատեղերի գերազանցող մասը, որն էլ հենց պատճառն է ահագնացող արտագաղթի։ Հայ կինը միշտ էլ բազմազբաղ է եղել, բայց նրա ուսերին պարտադրված ծանրաբեռնվածությունը, այն էլ պակաս վճարվող, նրան կտրում է իր ամենակարևոր պարտականությունից՝ երեխաների դաստիարակությանը անմնացորդ տրվելուց։ Երեխաները մեծանում են ծնողների հետ պակաս շփումներով, ինքնուրույն, հաճախ վտանգավոր դրսևորումներով՝ ինտերնետային ու բակային։ Էլ չեմ ասում տատիկ-պապիկների հետ չապրելու, նրանց հետ հաղորդակցվելու կարևորագույն հանգամանքը, որը գալիս է հենց գենդերային ինքնագլուխ ու օտարածին քարոզից։ Տոհմիկությունն է Հայ ընտանիքի կարևորագույն հիմքը, հոգեբանական, մտերմիկ ու ջերմ հարաբերությունների առկայության անհրաժեշտությունը՝ ժամանակակից քաղաքակիրթ ներդրումների խելացի ընտրությամբ: «Ամեն պսպղուն չէ, որ ոսկի է»։ Որպեսզի չհզորացնենք թշնամու բանակը, պիտի Զինենք ու կատարելագործենք, Զինենք ու կերակրենք մեր Բանակը։ Իսկ իրականությունը երևաց այս քառօրյա կոչվող պատերազմում, որը բնավ էլ քառօրյա չէր: Քառօրյայի արդյունքում եղած բացահայտումները հետևանք էին հանցավոր անգործության, իմիջիայլոցության, թալանի ու կեղծ տեղեկատվության, որի իսկական անունը Դավաճանություն է, մեղավորներին Կառափնարան տանելու անհրաժեշտությունն է: Հավատի ու Հույսի կորուստը կվերականգնվի միայն արդար դատաստանով։ Այս դրույթը պիտի ավելանա Բանակի կոդեքսի մեջ։ Զինվորից բարձր կանգնած սպայակազմ կոչվող զանգվածը, ազնիվ նվիրյալներին հանած, պիտի որակավորման նոր համակարգով անցնի՝ արդյո՞ք նվիրված են հայ զինվորին ու երկրին: Մենք բազմաքանակ ազգ չենք, որ հեշտորեն 100-ից ավել մատղաշ շիվեր ոչնչացնենք, երբ նրանց սերնդի պակասը դեռ զգալու ենք։ Կարևորագույն հարց է, թե ինչ պարտավորություններ ունի Կառավարությունը, իշխանություն կոչվածը զոհված զինվորի ընտանիքի նկատմամբ, արդյո՞ք այն բավարար է, արդյո՞ք այն բացասականորեն չի տարբերվում մնացած քաղաքացիների կենցաղից, երբ երկրի ու զոհվածի ընտանիքի հանդեպ բոլորն են պատասխանատու։ Պատերազմում հաշմված զինվորի համար որքան էլ հասարակությունն իր բարոյական պարտքը կատարի, նրա բուժման ու գոյատևման ամբողջ պատասխանատվությունը Կառավարության վրա է, առանց կեղծ արդարացումների։ Մարդ ամաչում է նայել կառավարիչների ու գեներալիտետի դեմքերից ծորացող կերած-խմածների երջանիկ գոհունակությանը։ Պակաս կարևոր չէ պարգևատրումների համակարգը, որը ի սկզբանե հավատ չէր ներշնչում։ Այդպես էլ հասկանալի չէ, թե քաղաքացիական հասարակությանը ինչո՞ւ է այդպես առատորեն մեդալներ բաշխվում, այն էլ ՊՆ-ի կողմից, հատկապես ոչնչով աչքի չընկած մարդկանց։ Հստակեցում ու ճշգրիտ չափորոշիցներ է պետք ամրագրել, ասֆալտային հերոսներից ձերբազատվելու համար։ Հնարավություն ստեղծենք իսկական հերոսներին ապրելու, սերնդին օրինակ ծառայելու համար։ ԱԺ, Կառավարություն, Դատական համակարգ՝ սրանք տպավորիչ բառեր լինելուց բացի այլ բան չեն։ Մշակել այնպիսի համակարգ, որ ոչ ոք չուզենա պատգամավոր ընտրվել, կառավարության պաշտոնյա լինել ու դատավոր-դատախազ լինել, և կգա Ազնիվ աշխատավորի ժամանակը, որը ազատ կգործի խստագույնս ամրագրված նորմերով։ Այս ճանապարհը դժվար է, բայց արդարացված, մտածել է պետք անկուսակցական երկիր դառնալու ձևավորման մասին, ամոթ է 2 միլիոնանոց երկրում 100 կուսակցաՄոլական գոյությունը: Մերը Ազգային Պետություն ունենալն է, որի համար խելոք ուժերի պակաս չենք ունենա: Իսկ որ Սփյուռքի առողջ զանգվածի հետ կառուցողական-խորհրդատվական դաշտի անհրաժեշտությունը այսրոպեական է, վիճելի չէ։ Վիճելին մեր կառավարիչների ու նրանց հավասարազոր օլիգարխ անդեմ կերպարների անսասան պայքարն է ամեն բանականի ու օգտակարի դեմ:

Ինչպե՞ս եք տեսնում Արցախի ճակատագիրը:

Պիտի օրինականացվի Արցախի Միացումը Հայաստանին, առանց հաշվետու լինելու որևէ ուժի՝ Արցախը Հայաստան է ու վերջ։ Ոչ ոք իրավունք չունի՝ սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել։ Լեոնիդ Ազգալդյանի և մյուս հայորդիների արյունով ազատագրված հայրենի հողին Տեր են լինում իսկական Տիրոջ պես:

Ո՞ր հարցն եք այս օրհասկան պահին տեսնում առաջնային, որ օր առաջ պետք է լուծում ստանա:

Կարծում եմ առաջնայինը Հիմնովինն է: Ախր հիմքերն են սասանված բոլոր բնագավառներում։ Առաջնայինը գործող ապազգային իշխանություններից ազատվելն է, առաջնայինը կրթական համակարգի վերաիմաստավորումն է, առաջնայինը Բանակի Պատվո Վարքականոնի վերահաստատումն է, առաջնայինը սոցիալական համակարգի հստակեցումն է, առաջնայինը Սփյուռքի հետ միասնական ու գործուն հարաբերությունների հաստատումն է, առաջնայինը հասարակական հարաբերությունների ընդիմադիր-դիմադիր, սարքովի-ցուցամոլական թատրոնից ձերբազատվելն է, առաջնայինը ընտրական համակարգի իրավական գոյության հաստատումն է՝ Ուժով, առաջնայինը հասարակության աղճատված, գոյություն պահպանելու ու ամեն պարտադրվածին համակերպվելու բացառումն է, ինքնասիրության վերականգնումը, առաջնայինը իրավական-Ազգային Պետություն վերակառուցելու Գերխնդիրն է ու լծվել է պետք այս գործին: Շատ բարդ ու հակասական, բազում մարտահրավերներով հագեցած օրհասական վիճակ է։ Միասնականության, Արցախյան Շարժման անկեղծ ու ազնիվ նվիրումի Պահերն են պետք, հավատի ու հույսի վերականգնումը։ Այս ամենը կլինի միայն ժողովրդական Ցասման արդյունքում, որն արդեն հասունացել է, Կոչվածների նոր սերունդ է հասունացել... Ի Գործ ու ի Զեն…

 

 

 

 

 

 

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

Ամենաընթերցված

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`