Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Պատմության կեղծարարները. Ինչո՞ւ հորինեցին «Ուրարտուն», ո՞րն էր հայոց պատմության թելը կտրելու նպատակը

02/12/2014 22:39

Պատմության կեղծարարները. Ինչո՞ւ հորինեցին «Ուրարտուն», ո՞րն էր հայոց պատմության թելը կտրելու նպատակը

«Ազատ Ձայն» լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում հայոց պատմության մի հսկայական շրջանի աղավաղմանը նվիրված մի հոդված, որում կփորձենք պարզաբանել, թե ինչո՞ւ Վանի Արարատյան թագավորությունը կտրեցին հայ արմատներից, ովքե՞ր էին «Ուրարտու» կոչվող հիմնադիրները, այն օտարացնողները, ե՞րբ և ինչո՞ւ կեղծվեց հայոց պատմությունը, որտեղի՞ց ծնվեց «Ուրարտու» տերմինը և ըստ այդմ՝ «ուրարտագիտություն» կոչվող հեքիաթը: Ձեզ կներկայացնենք մեծ հայագետ, պատմաբան Սուրեն Այվազյանի աշխատությունից մի հատված:

«Մովսես Խորենացին շարադրել է Հայաստանի գոյության ավելի քան 3000-ամյա պատմությունը: Աշխատության առաջին մասում նա նկարագել է Հայկազյան հարստության (դինաստիայի) 59 ներկայացուցիչների կյանքն ու գործունեությունը՝ օգտագործելով ժամանակի գիտության կուտակած և իր տրամադրության տակ եղած ամբողջ նյութը:

Մեզ համար այնքան էլ կարևոր չէ, թե Հայկազյան հարստության այս կամ այն ներկայացուցչի կյանքն ու գործունեությունը որչափով է համապատասխանում պատմական իրականությանը (իհարկե, հետաքրքրությունն այդ առթիվ նույնպես քիչ չէ): Կարևորը մ.թ.ա. II հազարամյակում հայկական պետության գորյության փաստն է. դա է Խորենացու աշխատության առաջին մասի էությունը, այստեղ է հետազոտական աշխատանքի ծանրության կենտրոնը:

Բայց ահա, հնադարյան ժամանակաշրջանի հայ պատմագրության պարզ երկնքում հանկարծ որոտացին ամպերը, այն էլ բոլորովին ոչ այնտեղից, որտեղից կարելի էր սպասել: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ այնտեղից, որտեղից կարելի էր սպասել: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ բոլորովին անհայտ գերմանացի Գ. Գրոտեֆենդը (1802թ. ) չլինելով մասնագետ լեզվաբան, կարողացավ վերծանել հին պարսկական սեպագիր արձանագրությունները, իսկ հետո Հ. Ռոուլինսոնը, Է. Հինքսը, Ժ. Օպպերտը և այլք վերծանեցին սեպագիր մյուս համակարգերը (XIX դարի երկրորդ կես, XX դարի սկիզբ): Գիտության համար դա  հեղափոխական ժամանակաշրջան էր: Հին Արևելքի պատմության մեջ, կարելի է ասել, ամեն ինչ խառնվեց: Ուղղակի և փոխաբերական  իմաստով գետնի տակից երևան եկան պետություններ, հարություն առան մոռացված թագավորներ ու ժողովուրդներ. Այդ ամենն ուղեկցում էին մեծ թափ առած հնագիտական պեղումներին:

Հենց այդ ժամանակ՝ XIX դարում, Հայաստանի տարածքում հայտնաբերվեցին առաջին հայացքից ասորեստանյան արձանագրություններ: Դրանց ընթերցումը, կարծես թե, ոչ մի դժվարություն չէր հարուցում, քանի որ ասուրական սեպագրերն արդեն վերծանված էին: Հայկական սեպագրերն սկսեցին կարդալ ճիշտ այնպես, ինչպես  կարդում էին ասուրականը՝ սեպագիր բոլոր նշաններին տալով այն իմաստը, որ ունեին ասուրական սեպագրերը: Արդյունքն այն եղավ, որ լույս աշխարհ եկավ նոր գիտություն՝ «ուրարտագիտություն», հայտնվեց նոր լեզու՝ «ուրարտերենը»:

Մինչդեռ հենց այդ ժամանակ անհրաժեշտ էր պարզել, թե Հայաստանի բնիկները սեպագիր այդ գրություններն ինչպե՞ս են օգտագործել, սեպագիր կոդեքսի այս կամ այն նշանն ինչպե՞ս էր արտասանվել, ասուրական սեպագրերը ինչպիսի՞ յուրօրինակ փոփոխություններ էին կրել Հայաստանումն: հետազոտողները զարմանալիորեն շրջանցել են այս հարցերը: Այստեղ հանդիպում ենք այն հազվադեպ, թերևս եզակի երևույթին, երբ պրոբլեմի հեշտ լուծման ճանապարհի նախընտրումը քողարկում է ակնհայտ փաստը, որից կառչելով կարելի էր դուրս քաշել ճշմարտության ամբողջ շղթան:

Սեպագրերն աղավաղված կարդալու հետևանքով ի հայտ եկավ նոր լեզու, որը կոչվեց «ուրարտերեն». ասպարեզ եկավ նոր պետությունն, որն անվանեցին «Ուրարտական», տերմին, որը հանդիպում է միայն ասուրական սեպագրերում՝ որպես Հայկական լեռնաշխարհի պետության անվանում:

Այս տվյալների ճնշման տակ, բնականաբար, փլվեց Մովսես Խորենացու ամբողջ տեսությունը՝ նույն տարածքում հայկական պետության գոյության մասին: Առաջ քաշվեց մի տեսություն, որի համաձայն հայ ժողովուրդը կազմավորվել և աճել է «ուրարտական» ցեղերի խառնուրդից՝ մ.թ.ա. VI դարում, ուրարտական պետության անկումից հետո: Սկսվեց Մովսես Խորենացու աշխատության առաջին մասում շարադրված փաստերի անվերապահորեն մերժման փուլը, Հին Հայաստանի պատմությունն ամբողջությամբ վերագրվեց ժողովրդի երևակայությանը, Խորենացու նկարագրած անձինք, լավագույն դեպքում, հայտարարվեցին դիցաբանական հերոսներ, որոնք գոյություն են ունեցել, իբր, միայն ավանդույթյուններում և առասպելներում, բայց ոչ երբեք՝ իրականության մեջ:

Խորենացու «Հայոց Պատմության» առաջին մասն այսպիսով, կորցրեց իր պատմական նշանակությունը, իսկ հաղորդված տեղեկությունները դիտվեցին որպես զութ գրական արժեքներ:

Անհրաժեշտ է նշել, որ գիտնականները «Ուրարտու» անվան տարրալուծմամբ սկսեցին զբաղվել այն ժամանակ, երբ արհեստականորեն բարձացված այդ շինության մեջ ի հայտ եկան առաջին՝ բավականին ակնհայտ ճեղքվածքները: «Ուրատուի» գլխին փոթորիկ ավետող կայծակները փայլատակեցին այն ժամանակ, երբ չեխ մեծ լեզվաբան ու պատմաբան Բեդրժիխ Հրոզնին (XX դարի սկիզբ) վերծանեց հեթիթական կամ խեթական սեպագրերը և կարդաց նրանց մայրաքաղաք Խաթթուշայի արքունական հարուստ արխիվները: Այնտեղ միանգամայն պարզ ու որոշակի պատմվում էր նաև Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցող պետության՝ Հայասայի մասին:

Այս հայտնագործությանը սկզբում առանձնապես նշանակություն չտվեցին: Հետագայում, սակայն, փաստերի ճնշման տակ, սկսեցին ելք որոնել ստեղծված իրադրությունից, անհրաժեշտ էր «Ուրարտուն» և Հայասան նույն տարածքի վրա տեղավորել և այն էլ այնպես, որ նրանք համատեղ «գոյություն ունենային և իրար չխանգարեին». միաժամանակ հնարավոր լիներ հետագայում Հայք-Հայասան հայտարարել Ուրարտուի հաջորդը, նրա անկման պատճառը: Գիտնականների միջև  (Է. Ֆոռեր, Ա. Խաչատրյան, Ն. Ադոնց, Գ. Ղափանցյան, Հ. Մանանդյան և ուրիշներ) սկսվեց կատարյալ մրցում նորահայտ Հայասա պետությունը տեղորոշելու կապակցությամբ: Մերթ, ըստ խեթական սեպագրերի Հայասան պետք էր տեղորոշել Բարձր Հայքում, մեկ էլ հանկարծ, համաձայն այդ նույն աղբյուրի՝ Հայասան հայտվում էր Վանի շրջանում, այսինքն՝ «Ուրարտուի» կենտրոնում, և այդ դեպքում անհրաժեշտ էր ընդունել, «Ուրարտուին» տեղ չմնաց: Եղել են և կան ուսումնասիրողներ էլ, որոնք Հայասան «դուրս են հանում» Հայաստանից:

Սակայն մինչև «ուրարտական» տեսությունը համակողմ ճգնաժամին կհասնի, անհրաժեշտ է քննադատորեն վերանայել այն գիտնականների պատկերացումները, որոնց աշխատություններն ապահովեցին «Ուրարտուի» մասին գիտության վերընթացը և միաժամանակ նախապատրաստեցին նրա անկումը:

Նախ և առաջ հարկավոր է պարզել «Հայք-Հայասա-Նաիրի-Ուրարտու-Արմենիա» տերմինների պատմական նշանակությունը, համառոտակի շոշափել խնդրի էությունը և ցույց տալ, թե  ինչպես, ի հակադրություն գոյություն ունեցող տեսության, փաստերը տանում են դեպի պատմական ճշմարտություն:

Հայերի հայ էթնիկական տերմինը առկա է երկրի անվան մեջ՝ Հայք-Հայասան: Այդ տերմինն առկա է նաև մեկ այլ Հայասա անվանման մեջ, որով խեթերն անվանակոչել են հայերի երկիրը (խեթերենում «ասա» ածանցը նույնն է, ինչ հայերենում «ք» և «ստան» ածանցները): Հայասա անվանումը բավականաչափ մոտ է հայերենի Հայաստան անվանմանը և եթե հաշվի առնենք, որ այն հիշվում է մ.թ.ա. II հազարամյակի առաջին կեսի խեթական արձանագրություններում, ապա պարզ կդառնա, որ ծայրահեղ դեպքում այդ դարաշրջանից սկսած կարելի է հաստատապես խոսել հայկական պետության՝ որպես առանձնահատուկ էթնիկ-մշակութային աշխարհի գոյության մասին:

Բայց հայագետները շարունակում էին Հայասան այս ու այն կողմ տեղաշարժել՝ Ուրարտուին զրկելով հայկական լինելու իրավունքից: Հայասայի տեղադրության մասին շատ մանրամասն չենք ներկայացնում՝ անցնելով բուն թեմային:

Հետազոտողների  առջև կանգնել էր լեզվաբանական սխալը, որն էլ հնարավորություն չէր տալիս խոստովանելու, որ «ուրարտերենը» հին հայերենն է, կամ էլ ուրարտացիները նույն հայերն են:

Նման պարագայում, ինչպես, միշտ մտքի տառապանքները հանգեցնում են փոխզիջման: «Ուրարտական» տեսությունը փրկելու համար նրա ջատագովներին հարկավոր էր որոշ փաստեր մեկնաբանել այլ կերպ, «բարենպաստ» ժամանակներին: Ականավոր լեզվաբան և պատմաբան Գրիգոր Ղափանցյանը, ով եղավ «Հայասան հայերի բնօրրանն է» բանաձևի ստեղծողը, «Ուրարտուն» փրկելու համար, Հայասան տեղադրեց Բարձր և Փոքր Հայքի սահմաններում՝ դառնալով մ.թ.ա. VIII-VII դարերում «Ուրարտուի» լայնարձակ տարածություններում հայերի փոխակերպման տեսության հեղինակ (ի դեպ, Արիպսան նա տեղավորել էր Կարինի մոտ գտնվող ճահճուտներում, բայց ըստ Ֆոռերի Արիպսան նույն Վանա լիճն էր): Թվում էր, թե ամեն ինչ ընկավ իր տեղը: «Ուրարտական» տեսությունն անկումից բարեհաջող ազատվեց: Սակայն իրականում նրան ճգնաժամից դուրս բերելն ու կյանքի կոչելն արդեն բացարձակապես անհնար էր: Ճգնաժամային երևույթներն «Ուրարտուն» ցնցեցին նաև բոլորովին այլ կողմից՝ հենց իր «Ուրարտու» անվան տարրալուծման ժամանակ: «Ուրարտու» անվանումը ասուրական է, կապված ասուրական սեպագրերի, ասուրական աշխարհըմբռնման հետ և ուրարտական սեպագրերում չի հանդիպում: Ավելին, ասորեստանցիների համար «Ուրարտուն» միակ տերմինը չէ՝ Հայկական լեռնաշխարհում տվյալ պետությունն անվանելու համար:

Մ.թ.ա. XIII դարում, երբ խեթական պետությունը կործանվեց, անհետացան նաև խեթական աղբյուրները, որոնք տեղեկություն էին տալիս Հայաստանի մասին: Այդ ժամանակ հզորանում է Ասորեստանը, և ի հայտ են գալիս նոր, զութ ասուրական անվանումներ: Մ.թ.ա. II հազարամյակի վերջին ասուրական աղբյուրներում երևան է գալիս նաև «Նաիրի» տերմինը՝ որպես Ասորեստանից դեպի հյուսիս՝ Վանա և Կապուտան (Ուրմիա) լճերի շրջանում ընկած լայնարձակ տարածքի ընդհանուր անվանում: Մի շարք հետազոտողներ գտնում են, որ «Նաիրի» անվանումը որոշակիորեն նման է «գետ» հասկացությունն արտահայտող սեմական բառերին: Ամենայն հավանականությամբ, «Նաիրին» ասուրերեն նշանակել է «գետերի երկիր», եթե հաշվի առնենք, որ նշված տարածքում են սկիզբ առնում Հայկական լեռնաշխարհի հիմնական ջրային զարկերակները՝ Տիգրիսը, Եփրատը, Կուրը, Արաքսը:

Իրենք՝ ասորեստանցիները, այդ ժամանակ դեռևս որոշակի պատկերացում չունեին «Նաիրի» երկրի սահմանների մասին: Նրանց համար «Նաիրին» հյուսիսն էր, ընդհանրապես մի տարածք, որի կենտրոնում գտնվում էր «Նաիրի» երկրի «ծովը» (Վանա լիճը): «Նաիրին» զութ ասուրական անվանում է: «Նաիրի» թագավորության զորեղացմանը և նրա քաղաքական կառուցվածքին ավելի լայնորեն ծանոթանալուն զուգընթաց, ասորեստանցիները «Նաիրին» սկսեցին անվանել հոմանիշ «Ուրարտու» տերմինով. Դա արդեն Արարատ (կամ Այրարատ) աշխարհագրական տեղանունն էր և նախկին վերացական «Նաիրի» («գետերի երկիր») անվան հետ համեմատած ավելի ճիշտ էր արտահայտում երկրի տեղադրությունը: Նրանք բոլոր հիմքերն ունեին այդպես վարվելու, քանի որ հայկական պետությունը մի շարք հին աղբյուրներում (մասնավորապես Աստվածաշնչում) պարզապես Արարատյան թագավորություն էր կոչվում: Հայկական աշխարհագրական անունների ցանկում Արարատ (Այրարատ) անվանումն իր ուրույն տեղն ունի, հայկական բառագանձում նույնպես: Մենք ասում ենք Մասիս և Սիս: Հին հայկական արձանագրություններում մենք հանդիպում ենք զարմանահրաշ գեղեցիկ անվանման, որն ասես մարմնավորում է Հայաստանի անկախությունը և Արարատի՝ այդ անկախության խորհրդանիշ լինելը: Արարատ անվանումը հայկական է, ծագել է Այրարատ գավառի անունից: Արարատի ասուրական ձևը «Ուրարտուն» է, իսկ բաբելոնականը՝ «Ուրաշտուն»:

Անհրաժեշտ է  նշել, որ ասուրական սեպագրության մեջ բառասկզբի «ու»-ն կարող է կարդացվել նաև «ա» (հետազոտողներն այս մասին էլ պարզ պատկերացում չունեն), ահա թե ինչու միևնույն տերմինը կարող է երկու տարբերակով գրվել: Ասուրական սեպագրերում հանդիպում են նույնանման տերմինների գրության երկու տարբերակներ, օրինակ, պետությունը կոչվել է և «Ուրաշտու», և «Արաշտու», երկիրը՝ «Ուրմե» և «Արմե», քաղաքը՝ «Ուրմեայտե» և «Արմաիդ» և այլն: Հետևաբար, երբ մենք ասում ենք Ուրարտու, չպետք է մոռանանք, որ դա, ըստ էության, «Արարտուն» է, այսինքն՝ Արարատը: Բայց սա չի նշանակում, թե Արարատ լեռան և Այրարատ երկրամասի անունները ծագել են  «Ուրարտու» անվանումից, որը ասորեստանցիներն օգտագործել են երկու կամ երեք դար: Ընդհակառակը, իբրև տերմին, իբրև այդ տարածքի անվանում, ասուրական «Ուրարտուն» կամ «Արարտուն», ինչպես նաև բաբելական «Ուրաշտուն» կամ «Արաշտուն» ծագել են հայկական տեղական աշխարհագրական Արարատ անվանումից: Այսպիսով, ասուրական սեպագրերի «Ուրարատու» («Արարատու») տերմինը ծագումնաբանորեն ասորական չէ: «Ուրարտուն» տեղական աշխարհագրական անվանում է (բայց ոչ երբեք էթնիկական), որը հաջորդել է «Նաիրի» նույնանիշ տերմինին:

Անցնենք առաջ: «Նաիրի-Ուրարտու» («Արարտու») կոչվող երկիրը հետագայում ավելի մոտիկից ճանաչելու արդյունքը եղավ այն, որ ելնելով տեղական էթնիկական անվանումից, ասորեստանցիներն էլ սկսեցին երկիրն անվանել այնպես, ինչպես անվանում էին բնիկները («Հայք»), այնպես, ինչպես անվանել էին խեթերը («Հայաս»), սակայն մի փոքր աղավաղված (ասուրացված) ձևով՝ «Ուայայիս»:

Վերհիշենք, որ ասորեստանցիների բառասկզբի «ու»-ն կարող էին արտասանել նաև «ա», և պարզ կդառնա, որ մեր առջև հայկական «Հայք» տերմինի ասուրական ձևն է՝ հար և նման խեթական «Հայասա» ձևին: Ավելին, մ.թ.ա. VII  դարում արդեն ասորեստանցիներն այդ, այսպես կոչված, «Նաիրի-ուրարտական» թագավորներին անվանում էին «Հայա» (կամ «Յասա») թագավորներ, այսինքն՝ «հայկական թագավորներ»: Թվում է, թե անհնար է քարի վրա ավելի որոշակի փորագրել իրադրության էությունը: «Ուրարտուն»՝ «Ուայայիսն» է (Հայայիս), Հայասան:

Հնացած տեսություններով չկաշկանդված հետազոտողի համար միանգամայն պարզ է, որ «Ուրարտուն» պատմագիտական և լեզվաբանական սխալների արդյունք է: Սովորույթը սակայն, օժտված է տևական հզորագույն ուժով և դժվար է նրանից հրաժարվել, թեկուզ ակնհայտ փաստերի առկայության դեպքում: Ահա թե ինչու անհրաժեշտ էր բացահայտել լեզվաբանական բնույթի սխալը, որպեսզի «ուրարտական» տեսությունը վերջնականապես կորցներ բոլոր հիմքերը: Սակայն , նախ անհրաժեշտ էր ցույց տալ, որ  «Արմենիա» տերմինի (ինչպես նաև  «Հայասա-Նաիրի-Ուրարտու» տերմինների) տարրալուծումը դարձյալ խարխլում է արհեստականորեն բարձրացված այդ շենքի՝  «Ուրարտուի» հիմքերը:

Արմենիա (Արմնիա) անվանումը ևս կապված է ասուրկան, և ապա Մարապարսկական աշխարհըմբռնման հետ: Մարաստանից և Պարսկաստանից այն անցել է Հունաստան, ապա Եվրոպա: Ըստ Բ. Պիոտրովսկու, Գ. Մելիքիշվիլու և ուրիշների, այդ տերմինը ծագում է  «Ուրարտուի» հարավ-արևմտյան մասում ընկած  «Արմե» երկրի անունից: Մեր կարծիքով  «Արմնիա» տերմինը կապված է Վանա լճից արևելք ընկած  «Արամալե» («Արմարիլի») եկրամասի անվան հետ և նշանակում է  «Արամի տեղ»՝ մի անվանում, որն առաջացել է Մովսես Խորենացու հիշած՝ մ.թ.ա. II հազարամյակների սկզբների Արամ Նահապետի անունից: Մարաստանին և Պարսկաստանին համեմատաբար մոտ գտնվող Հայկական լեռնաշխարհի արևելյան մասում ընկած  «Արմալեան» («Արամի երկիր» կամ  «Արամի տեղը») և դեպի արևմուտք ընկած ամբողջ ընդարձակ տարածքը պարսիկներն անվանեցին  «Արմնիա»: Մարերի և պարսիկների պատկերացմամբ  դա ընդհանրապես  «Արամի երկիրն» էր և նրան կից պետական գոյացությունների երկրները, որոնք բնակեցված էին նույնալեզու ցեղակիցներով:

Այն, որ հին պարսկական Արմնիա (=Արամանիա) անվանումը միանգամայն նույնանիշ է ասուրա-բաբելական Արմանի=Արամանի, ապա Նաիրի=Ուրարտու=Ուրաշտու տերմիններին, անվիճելիորեն վկայում են Դարեհի բիհիսթունի և Նախշ ի Ռուսթեմի արձանագրությունները. այստեղ բաբելական տեքստում երկիրն անվանվում է բաբելացիների գործածած տերմինով՝ «Ուրաշտու», պարսկական տեքստում՝ պարսիկների գործածած տերմինով՝ «Արմնիա»: Ճիշտ այնպես, ինչպես այժմ Հայաստանը ռուսերեն կամ այլ լեզուներով անվանում են «Արմենիա», վրացերեն՝ «Սոմխեթի», հայերեն՝ «Հայաստան» և իհարկե, երեք տերմինները հոմանիշ են: Այսպիսով, պարզվում է, որ Մովսես Խորենացու հիշատակած Հայքը, ասուրական Արմանի=Արամանին, խեթական Հայասան, ավելի ուշ՝ ասուրաբաբելական Նաիրի=Ուրարտու=Ուրաշտուն, պարսիկների «Արմնիան» նույնն են, որը և պահանջում էր ապացուցել:

Սակայն «Ուրարտուի» թագազրկման ճանապարհին ընկած է լեզվաբանական սխալը. Սեպագրերի ոչ ճիշտ ընթերցումը հանգեցրել է միանգամայն անստույգ հնչյունաբանությամբ, քերականական կառուցվածքով և բառակազմով մի լեզվի՝ «ուրարտերենի» ի հայտ գալուն, թեպետ լեզվաբանները գլուխ են ջարդում որոշելու, թե նորահայտ այս լեզուն, որ լեզվախմբին է պատկանում, և շարունակում են «հաջողությամբ կարդալ» նոր արձանագրություններ: Եվ, իրոք, դժվար է հավատալ, որ հայերը Հայաստանում չխոսեին կամ չգրեին հայերեն: Ուրարտագետներին ուղղակի ձեռնտու էր հետևեցնել, որ անհավանական են «Ուրարտուն» և «Հայաստանը» իրար նմանեցնող պատմական բոլոր նախադրյալները և ընդհակառակը, ճիշտ է «ուրարտական» տեսությունը, ըստ որի, այդ պետությունը համարվում է ոչ հայկական և այլն: Ահա թե ինչու անհրաժեշտ է գտնել լեզվաբանական այդ սխալն ուղղելու միջոցը: Փորձել վերականգնել սեպագիր նշանների անեղծ, ճշմարտացի նշանակությունը, այսինքն՝ պարզաբանել, թե հայերն ինչպես են փոխել ասուրական սեպագիր կոդեքսը՝ հայերենը նրանով արտահայտելու համար: Հարկավոր էր գտնել «ուրարտերեն» սեպագրերը հայերեն կարդալու բանալին, այնպես, որ բառային կազմը հայերեն լիներ, բայց տեքստի իմաստը նույնը մնար (չէ որ տեքստերը ստուգված են բիլինգվաներով՝ երկլեզվյան արձանագրություններով):

Բնական է, որ այս դեպքում չի կարող կամայականություն լինել: Եթե «ուրարտերեն» հնչյունաբանությունն ու բառապաշարը արհեստականորեն հարմարեցվեն հայերենին, ապա այդ կհանգեցնի տեքստի բովանդակության կամայական փոփոխության և, ընդհակառակը, եթե նույնիսկ մի տեքստի բովանդակությունն արհեստականորեն փոփոխված կամ հարմարեցված լինի բիլինգվաների տեքստին, ապա այն ընդհանրապես անհնար կդարձնի բառերի ընթերցումը:

Սեպագրերը ճիշտ վերծանելու և ընթերցելու հիմքում հարկավոր է դնել հուսալի չափանիշ: Այդպիսի չափանիշ հանդիսացավ հնչյունաբանության համապատասխան սկզբունքը՝ համաձայն որի այսպես ասված «ուրարտերեն» լեզվի շատ բառեր նույնացվում է հայերենին՝ օրինակ՝ Arzibini-Արծվին, kiri-կեռ, luabi-լավ և այլն: Ըստ այդմ՝ ուրարտերեն լեզվի արմատների կազմը լիովին նույնացված է հայերենին և ապացուցված է, որ առանձին «ուրարտական» լեզու, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել»:

Հ.Գ. Եթե Ուրարտուն, ինչպես վերևում նշվեց, համարժեք է Նաիրիին-Արմենիային-Ուրաշտուին-Արարատին-Արմնիային, և ուրարտերեն լեզուն նույն հայերենն է, ապա «Ուրարտու» կոչվող այդ պետությունը գոյություն չի ունեցել, իսկ տերմինը օտարածին է՝ ունենալով հետին մտքեր: Այնպես որ հայոց պատմության թելը կտրողներն ավելի լավ է ընդունեն, որ Վանի Արարատյան Թագավորությունը հայկական թագավորություն է, ինչն անհերքելի է:

 

 

 

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`