Քաոսը և նախագո օվկիանոսի ջրերը կային ի սկզբանե. ի՞նչ են պատմում աշխարհաստեղծման հնագույն ավանդապատումները

21/08/2013 23:13

Քաոսը և  նախագո օվկիանոսի ջրերը կային ի սկզբանե. ի՞նչ են պատմում աշխարհաստեղծման հնագույն ավանդապատումները

«Ազատ Ձայն» լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում մարդու ստեղծման և աշխարհարարման հնագույն մի քանի ավանդապատում: Ամենավաղագույններից է շումերականը: Ըստ շումերա-բաբելական առասպելի՝ մարդկանց ստեղծել է Էա-Հայա աստվածը: Երբ Թիամաթի սիրած Կինգոն փորձեց ապստամբություն բարձրացնել, աստվածները նրան հաղթեցին և բերեցին Հայայի մոտ: Նրա արյունը բաց թողեցին , և Հայան այդ արյունից ստեղծելով մարդկանց, պատվիրեց նրանց  ծառայել աստվածներին: Եվ քաոսի աստվածուհու՝ Թիամաթի արյունից ստեղծվում է մարդը: Կա նաև այս ավանդապատման մեկ այլ տարբերակ, որում ասվում է. «Նախագո անսահման օվկիանոսում կային միայն երկու զարհուրելի հրեշներ՝ Ապսուն և նախամայրը՝ Տիամատը: Ապսուն համարվում է համաշխարհային օվկիանոսը, իսկ Տիամատը՝ համաշխարհային քաոսը, նախամայրը: Հետո ճակատամարտ է տեղի ունենում ավագ և կրտսեր աստվածների միջև: Կրտսերներին գլխավորող Մարդուկը սպանում է Տիամատին և նրան բաժանում երկու մասին, որի մի մասից ստեղծվում է երկիրը, մյուս մասից՝ երկինքը»:  

Ըստ ամերիկյան մայաների ավանդության՝ մարդուն փորձեցին ստեղծել չորս աստվածները: Դեղին աստվածը ծեփեց նրան դեղին կավից, սակայն նա թրջվեց ջրից և քայքայվեց, կարմիր աստվածը ստեղծեց փայտից, այն լողաց, բայց այրվեց կրակից, սև աստվածը մարդուն ձուլեց ոսկուց, բայց նա չէր կարող շարժվել և խոնարհվել աստվածներին, և աստվածները, նրանից հրաժարվելով, թողեցին երկրի վրա: Չորրորդ՝ անգույն աստվածը մարդկանց ստեղծեց իր մարմնից, և աստվածները դեռ չէին հասցրել նրանց փորձել, երբ նրանք արագորեն ցրվեցին: Աստվածներին նրանք թվացին վազվզող մրջյուններ, սակայն վերջիններս սկսեցին երկրպագել աստվածներին: Այդ մարդիկ մի օր գտան ոսկե մարդուն, որը սառն էր քարի նման: Մարդիկ իրենց բարիությսմբ այրեցին ոսկե մարդու սիրտը, և այն կենդանացավ: Աստվածները ոսկե մարդուն անվանեցին «հարուստ», իսկ մյուսներին՝ «աղքատ»: Հիանալով աղքատների բարության վրա, նրանք պարտադրեցին հարուստին միշտ օգնել նրանց, հետո որոշեցին, որ հարուստի երկինք գալը կախված կլինի, թե որքանով է նա օգնել աղքատներին, ընդ որում նա երկինք կգնա, եթե նրան աւյնտեղ ուղեկցի մի աղքատ:

Հնդկական առասպելում՝ մարդկանց ստեղծելու համար Բրահմանը կիսվել է երկու մասերի՝ տղամարդու և կնոջ: Այդ մասերը գիտակցության գալով հասկացան, որ մի մարմնից են, սիրեցին իրար ու ծնեցին ամբողջ մարդկությանը: 

Ըստ իրանական «Ավեստայի»՝ Ահուրամազդա գերագույն աստվածը ստեղծեց բոլոր կենդանի արարածներին և վերջում՝ առաջին մարդուն՝ Հայամարդին և նրա ցլին: Սակայն ամեն կենդանության թշնամի Ահրիմանը նրանց հիվանդացրեց, և սկզբում ցուլը, հետո Հայամարդը մահացան: Վերջինիս սերմից ծլեց մի փոքր բույց, որն ուներ երկու՝ տղամարդկային և կանացի ճյուղեր: Այդ բույսը հետո դարձավ հսկա ծառ, որից որպես պտուղներ կախված էին տասը մարդկային ռասաները:

Ըստ եգիպտական դիցաբանության՝ դեռ գոյություն չուներ երկինքը և գոյություն չուներ երկիրը, ոչ էլ այնտեղ՝ օձեր: Ես արարեցի նրանց այնտեղ նույնից, ունայնությունից: 

Հին հույների աշխարհաստեղծման, մարդու արարման մասին մեզ հասած ավանդապատումը հետևյալն է. «Ամեն ինչ՝ ամբողջ աշխարհն ու անմահ աստվածները առաջացել են Քաոսից: Քաոսից՝ կենսատու աղբյուրից, ծնվեց նաև հզոր ուժը՝ ամեն ինչին կենդանություն տվող Սերը՝ Էրոսը: Սկսվեց աշխարհի արարումը: Անսահման Քաոսը ծնեց հավիտենական խավարը՝ Էրեբոս, և մութ գիշերը՝ Նյութոս: Իսկ խավարից ու գիշերից առաջ եկան հավերժական լույսը՝ Եթերը, հրճվալից ու պայծառ օրը՝ Հեմերան: Լույսը հորդեց աշխարհով մեկ, և գիշերն ու ցերեկը սկսեցին հաջորդել մեկմեկու»:

Մեզ նմանատիպ ավանդապատումներ, ցավոք,չեն հասել, բայց ի երջանկություն մեզ՝ հայերիս, մենք ունենք «Սասնա Ծռեր» էպոսը, որում առկա է աշխարհաստեղծման, աշխարհարարման դրվագ՝ ի դեմս Ծովինարի, որը նախաստեղծ,նախագո նախամայրն է, ով Կաթնաղբյուրից խմում է մեկ ու կես բուռ ջուր և քաոսի ու ջրերի միախառնումից ծնվում են Սանասարն ու Բաղդասարը: Մեր աստվածային էպոսում առկա են խոր թաքնագիտական և աշխարհաճանաչողական գաղափարախոսություններ, որոնց անդրադարձել ենք «Ձայն Արարատի» հաղորդաշարի շրջանակներում: 

Իսկ չինական, ճապոնական և վեդայական աշխարհաստեղծման առասպելներին սպասեք առաջիկայում:

 

Այս թեմայով

ֆեյսբուք