ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստը հրապարակվել է

14/10/2017 00:17

ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստը հրապարակվել է

Եվրահանձնաժողովը հրապարակել է Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը: Ներկայացնենք որոշ կետեր:

Համաձայնագրում բոլոր ոլորտների մասին անդրադարձ կա՝ և՛ արցախյան հակամարտության, և՛ տնտեսական, և՛ քաղաքական: Արցախյան հակամարտության մասով նշվում է, որ ճանաչվում է հակամարտության խաղաղ և տեւական կարգավորմանը Հայաստանի Հանրապետության հավատարմության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բանակցությունների շրջանակում հնարավորինս շուտ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: 

Շեշտվում է, որ անհրաժեշտ է կարգավորման հասնել ՄԱԿ Խարտիայի սկզբունքների, ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ մասնավորապես ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների հիման վրա:

Էներգետիկ ոլորտում համագործակցությունը ենթադրում է նաև Մեծամորի ատոմակայանի փակում և դրա փոխարինում Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ այլընտրանքային միջոցով:

Տնտեսական համագործակցության մասին գլխում նշվում է, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի իր տնտեսական և ֆինանսական կարգավորումներն ու քաղաքականությունն աստիճանաբար ԵՄ-ի կարգավորումներին մոտեցնելու համար, իսկ Եվրամիությունն աջակցելու է Հայաստանին հուսալի մակրոտնտեսական քաղաքականութան հարցում:

Հոդված կա նաև վիզաների ազատականացման վերբերյալ: Ասվում է, որ կողմերը պարտավորվում են կատարել ԵՄ և ՀՀ միջև ստորագրված արտահանձնման և վիզաների դյուրացման համաձայնագրերը, որոնք ուժի մեջ են մտել 2014 թվականի հունվարի 1-ից: Կողմերը երկխոսություն են սկսելու վիզայի ազատականացման շուրջ:


Այս թեմայով

ֆեյսբուք