Հենց այսօրվանից սկսեք ԵՄ և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին. ԵՄ դեսպան

26/09/2017 20:34

Հենց այսօրվանից սկսեք ԵՄ և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին. ԵՄ դեսպան

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանի իշխանություններին հորդորում է չսպասել և հենց այսօրվանից նախապատրաստվել Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին, հաղորդում է «Ազատությունը»:

«Այսօրվանից սկսեք ձեր ներքին նախապատրաստությունները, որովհետև Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկիր բազմաթիվ օրենսդրական և վարչարարական փոփոխություններ պետք է կատարի՝ անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու համար: Այնպես որ, ժամանակ մի կորցրեք և կատարեք ձեր տնային աշխատանքը, ու ես հուսով եմ՝ այդ պահը կգա: Իսկ այժմ եկեք աջակցենք վրացիներին և հաջողություն մաղթենք՝ վիզային ռեժիմի ազատականացումը ներդնելու հարցում, քանի որ դա լավ ազդեցություն կունենա Հայաստանի վրա»,- ասաց ԵՄ դեսպանը:

Նա հակիրճ անդրադարձավ նաև նոյեմբերին Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրվելիք նոր համաձայնագրին, շեշտելով՝ Բրյուսելում դրական են տրամադրված. «Ես հավատում եմ, որ Բրյուսելի գագաթնաժողովից Հայաստանի համար լավ լուրեր կստացվեն»:

Նշենք, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում էլ նախատեսվում է Եվրամիության և Հայաստանի միջև Համափարպակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այն փոխարինում է նախկին՝ Ասոցացման համաձայնագրին, որի ստորագրումը, հիշեցնենք, տապալվեց Հայաստանի՝ ՌԴ ստեղծած Մաքսային միությանն անդամակցելու որոշման պատճառով:

Այս թեմայով

ֆեյսբուք