Հայերն ու Հայաստանը հնագույն աքքադական արձանագրություններում

09/03/2017 22:35

Հայերն ու Հայաստանը հնագույն աքքադական արձանագրություններում

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում մի հոդված, որտեղ քննարկվելու է հայերի ու Հայաստան երկրի անվան հնագույն ձևերը՝ Արմանի, Արմինա, Արմենիա, Ուրաշտու, որոնք հայտնաբերվել են հնագույն աքքադական թագավորների վիմագիր արձանագրություններում:

Հոդվածում օգտագործվել են Ռաֆայել Իշխանյանի աշխատությունից հատվածներ:

«Հայերն իրենց թորգոմյան են անվանել, նաև՝ հայ, երկիրը՝ Հայք, Հայաստան, պարսիկներն ու հույները՝ արմին (յա), արման, արմեն, երկիրը՝ Արմինա, Արմենիա, Արմանստան և այլն, վրացիները՝ սոմեխի, երկիրը՝ Սոմխեթի: Հին հրեաները երկիրն անվանել են Արարատ, աքքադացիները, ինչպես կտեսնենք, նախ՝ Արմանի, ապա Ուրարտու (Ուրաշտու), հայերին կոչել են ուրարտ (ուրարտայա):

Բացի այս կարգի հայկական ամբողջությանը վերաբերող անուններից, եղել են նաև հայերի ու նրանց երկրի առանձին մասերին տրվող շատ անվանումներ. Օրինակ՝ զոկ (Գողթան գավառի հայերի անունն է), վանեցի և Վան, Տոսպ, Վասպուրական, կամ լոռեցի և Լոռի, սյունեցի և Սյունիք և այլն:

Վաղուց վերացած որոշ հին ժողովուրդներ ու ցեղեր հայերին պետք է կոչած լինեն նաև այլ անուններով, որոնք հիմա վերականգնել դժվար է կամ անհնար, քանի որ չկան այդ ցեղերը և նրանցից  մի քանիսի լեզուներով գրված արձանագրությունների մեջ հնարվոր չի լինում որոշել, թե բազմաթիվ տեղանուններից ու ցեղանուններից որոնք ում են վերաբերում կամ որոնք են Հայաստանին ու հայերին վերաբերում: Այնպես որ, այսօր հին սեպագիր ու գաղափարագիր արձանագրություններն ընթերցելիս՝ կարող ենք կարդալ հայերի ու Հայաստանի մասին մեզ անծանոթ անուններով և չիմանալ, որ խոսքը հայերին է վերաբերում:

Օտարների կողմից հնում հայերին տրված և այժմ տրվող ամենատարածված անունն է արմեն-ը՝ իր տարբերակներով (արմին, արման, արմյանին, արմենիեր, էրմանի և այլն): Գիտնականները հին սեպագիր արձանագրություններում ու այլ գրություններում նախ այդ հայտնի անունն են փնտրում: Եվ հայերի ու նրանց երկրի այդ անվան հնագույն գործածությունները դարձյալ աքքադական թագավորների վիմագիր արձանագրությունների մեջ են հանդիպում:

Մ.թ.ա. III հազարամյակի երկրորդ կեսին Միջագետքում գտնվող Աքքադ պետության թագավոր Նարամ-Սուենը (Նարամ-Սինը) մի քանի անգամ արշավել է Միջագետքից դեպի հյուսիս: Նրա արշավանքների մասին վկայող աքքադերեն (ասուրա-բաբելերեն) և խեթերեն արձանագրություններ են պահպանվել: Աքքադերեն արձանագրություններից մեկում (փորագրված մարմարի բեկորի վրա) գրված է. «Աստվածային Նարամ-Սուենը՝ չորս կողմերի հզոր թագավորը, նվաճողը Armani-ի և Ebla-ի» (ոմանք այս անունները կարդում են՝ Armanum, Armanim, Ibla):

Armani-ի նվաճման մասին պատմում է նաև աքքադական մի այլ արձանագրություն (փորագրված է սկավառակի վրա), որ ջարդված է, պահպանված է այն մասը, որտեղ Նարամ-Սուենը հիշում է իրեն իբրև Armani-ի նվաճող: Մի այլ  արձանագրության մեջ հիշվում է Արմանիի թագավորը՝ Ռեդ-Թեշուբ (ըստ այլ ընթերցման Ռեդ-Ադադ):

Վերջապես խեթերեն մի արձնագրության մեջ թվարկվում են Նարամ-Սուենի 17 հակառակորդ երկրները և նրանց թագավորները: 11-րդը հետևյալն է. «Madakina lugal, uru Armani» - «Մադակինա՝ Արմանի քաղաքի, երկրի [թագավորը]». (այստեղ տարընթերցում չկա, կարդացվում է Armani):

Նարամ-Սուենը թագավորել է մ.թ.ա. XXII դարում. Ըստ նորագույն պարզաբանումների՝ շուրջ 40 տարի, մինչև մ.թ.ա. 2230թ. , ըստ այլ կարծիքների՝ 2290-2254թթ., կամ 2260-2223թթ.:

Իհարկե, որոշ գիտնականներ փորձել են ժխտել, որ Նարամ-Սուենի արձանագրության մեջ հիշատակված Armani-ին որևէ կապ չունի Հայաստանի հետ, սակայն հետագա պեղումները և գտնված արձանագրությունները ապացուցեցին հակառակը:

Այսպես, Մեծ Հայքի Աղձնիք աշխարհում, այժմյան Դիարբեքիքր մոտ (Տիգրանակերտ) գտնվեվ  Նարամ –Սուենի հաղթանակի կոթողը՝ այդ թագավորի անունը կրող արձանագրությամբ (կոթողը գտնվում է Կոստանդնուպոլսի թանգարաններից մեկում): Այս հայտնագործությունը ցույց է տալիս, որ Նարամ-Սուենը եղել է Մեծ Հայքի հարավում, այդտեղ պատերազմել է ու այդ երկրի անունը հիշատակել իր արձանագրություններում:

Կան նաև այլ փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Նարամ-Սուենի հիշատակած Armani-ն Արմենիան է՝ Հայաստանը կամ ավելի ճիշտ նրա հարավային մասը: Դրանցից մեկը ծիրանի աքքադական անունն է: Ծիրանը մի շարք հին լեզուներում կոչվել է Հայաստանի անունով՝ որպես հայկական կամ հայաստանյան պտուղ: Այսպես. հին հռոմեացիները իրենց լեզվով (լատիներեն) ծիրանն անվանել են armeniacum (հայկական), բուսաբանության մեջ ծիրանի այժմ ընդունված լատիներեն անվանումն է Prunus armeniaca (հայկական սալոր), իտալերեն ծիրանի անուններից է armellino, արաբերեն ծիրանը կոչել են տուֆֆահ ալ-արմանի (հայկական խնձոր): Միջագետքում արաբներին նախորդել են արամեացիները, որոնք ծիրանը կոչել են hazzura armenaja, դարձյալ՝ հայկական խնձոր: Արամեացիներին Միջագետքում նախորդել են աքքադացիները, որոնք այս երկրի բնակիչներ են եղել հնագույն ժամանակներից (նրանց լեզվով արձանագրությունները գալիս են մ.թ.ա. III հազարամյակից) մինչև մ.թ.ա. IV դարը: Եվ ահա աքքադերեն ծիրանը կոչել են armanu, եղել է նաև armanis աքքադական բառը, որը նշանակել է ծիրանանման:

Ուրեմն, եթե աքքադացիները, այսինքն ասորեստանցիները և բաբելացիները ծիրանին իրենց լեզվով armanu են ասել, որ նշանակել է հայաստանյան, ապա Armani-ն էլ (կամ Armanum-ը) նշանակել է Հայաստան, Արմենիա»: 

Շարունակելի...

«Ազատ Ձայն» լրատվականի նութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

Այս թեմայով

ֆեյսբուք