Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Հայերը համաշխարհային շուկայի ջենթլմեններն էին. Հայ վաճառականությունը Օսմանյան կայսրության մեջ և հայկական գաղթօջախներում

02/09/2016 23:18

Հայերը համաշխարհային շուկայի ջենթլմեններն էին. Հայ վաճառականությունը Օսմանյան կայսրության մեջ և հայկական գաղթօջախներում

Օսմանյան կայսրության դարավոր լծի տակ ապրող հայը եղել է այդ նույն կայսրության տնտեսական, մշակութային, գիտական ու կրթական ոլորտների առաջին զարգացնողը: Նիկողայոս Ադոնցն իր «Հայկական հարցի լուծման շուրջ» հետաքրքիր աշխատության մեջ փոքր անցում է կատարում, թե կայսրության տնտեսության մեջ հայերն ինչ դերակատարություն ունեին, ինչպիսի առևտրականներ էին և որ եվրոպացի առևտրականները միշտ ցանկանում էին հայերին ներգրավել իրենց գործունեության ոլորտ: Ադոնցը նկարագրում է նաև գաղթականության ճամփան բռնած հայ գործարարներին, ովքեր առևտրական գրասենյակների մի ամբողջ ցանց էին սփռել համաշխարհային կարևորագույն բոլոր շուկաներում: 

Ստորև ներկայացնում ենք աշխատությունից հատվածներ՝

«Առևտրում և արդյունաբերության մեջ, բանկային գործում և արհեստագործության մեջ հայեր էին ովքեր դեռ մնում էին գլխավոր գործակալները: Շփումը Եվրոպայի հետ նպաստեց նրանց արագորեն հարմարացնելու հին մեքենաները նոր մեթոդներին: Այսպես կորչված «սառաֆերը» կամ լումայափոխները, ովքեր մի տեսաակ կորպորացիա էին կազմում, ժամանակին սպասարկել էին դրամական շուկայի բոլոր կարիքները, նոր պայմաններում վերափոխվեցին բանկային հաստատությունների:

Բանկ Օտոմանի հիմնումից առաջ 19-րդ դարի կեսերին Թուրքիան այլ վարկային հաստատություններ չգիտեր, բացառությամբ հայ և հույն սառաֆների: Նրանք առևտրական և արդյունաբերական հաստատությունները մատակարարում էին կանխիկ կապիտալով: Նրանք փոխառություններ էին տրամադրում կառավարությանը, հաճախակի տարբեր նահանգներից ստացվող պետական եկամուտների գրավականի դիմաց:

Որքանով որ վերջինս վճարվում էր բնամթերքով, սառաֆները հարկադրված էին լինում նաև առևտրական գործարքներ ձեռնարկել, ներառյալ ապրանքների արտահանումն ու ներմուծումը:

Արդյունաբերության շատ ճյուղեր, ինչպես գործվածքների արտադրությունը, մետալուրգիան, մետաքսի մանուֆակտուրան, իրենց զարգացմամբ պարտական էին միայն ու միայն հայերի ձեռնարկողունակությանը: Այսպես կոչված, Բրուսսայի մետաքսեղենը, որը շատ բարձր էր գնահատվում եվրոպական շուկաներում, արտադրվում էր հայկական գործարաններում:

Հետևաբար զարմանալի չէ, որ նույնիսկ դրամահատարանը, ինչպես նաև վառոդի գործարանները, երկու հայկական ընտանիքների ժառանգական սեփականությունն էին: Սրանցից մեկը՝ Տատյանները, որոնք հիմնեցին վառոդի առաջին գործարանը Կոստանդնուպոլսում սուլթան Սելիմի գահակալության օրոք, հետագայում սև երախտամոռության զոհ դարձան պալատական խարդավանքների շնորհիվ:

Արհեստագործության բնագավառում հայ արհեստավորն էլ ավելի աչքառու դեր էր խաղում: Սառաֆների հետ միասին Կոստանդնուպոլսում գոյություն ունեին էսնաֆներ կամ արհեստավորների համքարություններ: Նրանց մեջ հայկական կազմակերպությունները նկատելի էին ոչ միայն իրենց թվով, այլև իրենց մասնագիտությունների բազմազանությամբ: 19-րդ դարի կեսերին հայկական կորպորացիաները ընդգրկում էին շուրջ 70 տարբեր պրոֆեսիաներ, որոնցից ոմանց մեջ բացառապես նրանք էին մասնագիտացած: Հայերի տեխնիկական նվաճումները Արևմտյան Ասիայում քաջ հայտնի են և հաստատվում են բազմաթիվ ճանապարհորդների կողմից:

Այն նշանավոր տեղը, որ հայերը գրավել են Օսմանյան կայսրության մտավոր շարժման մեջ, շնորհիվ նրանց գաղութային ծավալման է: Այս տարրերը, գործելով դրսից, ներկայացնում էին Հայաստանի պոտենցիալ ուժերը՝ դուրս ներտված թուրքական սահմաններից անբարենպաստ հանգամանքների բերումով, որոնք այժմ բերում էին իրենց եռանդը՝ փոխանցելու այս սահմաններում արգելափակված ազգի կորիզին: Այն պահից ի վեր, ինչ Հայաստանը դարձավ թուրք-թաթարական հորդաների սատուռնալիաների թատերաբեմ, այնտեղ գերիշխող պայմանները ավելի նպաստավոր էին ավազակության, քան խաղաղ  աշխատանքի համար: Հարուստ դասակարգերը և քաղաքային բնակչությունը, որոնք ավելի էին ենթարկվում բռնության և կողոպուտի, հարկադրված էին ապաստան գտնել օտար երկրներում:

Կիլիկյան թագավորության անկումից հետո հայկական կապիտալը փոխադրվեց Ջենովա, Վենետիկ և Ղրիմ, մինչ հաջորդ դարերում այն մուտք գտավ աշխարհի բոլոր արդյունաբերական շուկաները: Փոքրիկ, բայց ծաղկող հայկական գաղութներ ստեղծվեցին Արևելքի և Արևմուտքի բոլոր միջազգային կենտրոններում: Հայկական գործունեության այս դերը սերտորեն կապված է համաշխարհային կարևորություն ունեցող պրոբլեմների հետ: Հայերի հայտնվելը միջազգային շուկայում արդի քաղաքակրթության հիմքում ընկած նոր ոգու այդ հալոցում մատնանշում է Հայաստանի կարևորությունը, որպես նոր աշխարհի գենեզեսի մի գործոնի, արտացոլված Արևելքի և Արևմուտքի միջև եղած փոխհարաբերություններում: Ասիայի և Եվրոպայի միջև առևտրական հարաբերությունների պատմության անկողմնակալ ուսումնասիրողը պարտավոր կլինի պատվո տեղը հատկացնելու հայերին և բարձր գնահատել նրանց կուլտուրական կարևորությունը, ինչպես նաև առևտրական հանճարը: Այս պետք է արվի առանց մարդկային առաքինության փարիսեցիների սովորական նախապաշարման, ովքեր արհամարհման ծամածռությամբ շուռ են գալիս «խանութպան» հայերից, իրենք լինելով նրանց անհաջողակ և ապաշնորհ հակառակորդները նույն պրոֆեսիայում: Մենք այստեղ սոսկ հարևանցիորեն կնշենք, որ 16-17-րդ դարերում հայկական գաղութների և առևտրական գրասենյակների մի ամբողջ ցանց սփռվեց բոլոր կարևորագույն համաշխարհային շուկաներում, Յավայից, Սումատրայից և նույնիսկ Ֆիլիպիններից մինչև Մարսել, Ամստերդամ և Մանչեսթը:

Այս ցանցի բոլոր թելերը միանում էին Հայաստանում, Արաքսի ափին գտնվող Ջուղա քաղաքում: Այստեղի այժմյան անմխիթար տեսքը քիչ բանով է հիշեցնում ճանապարհորդին, որ մի ժամանակ սա համաշխարհային առևտրի կենտրոն էր: Նրա անցյալ մեծության միակ վկան նրա լայնածավալ և լուռ գերեզմանատունն է:

XVII դարի սկզբին ծաղկուն քաղաքը՝ Պարսկաստանի շահերի նախանձի առարկան, նման էր մի արմատախիլ արված և Պարսկաստան տեխափոխված ծառի: Նոր Ջուղան Սպահանի շահերի մայրաքաղաքի արվարձաններում Շահ Աբբասի հովանավորության ներքո շողշողաց մի նոր և ավելի մեծ փառքով քան նախկինում: Այս տիրակալը խրախուսեց հայերի ձեռնարկատիրությունը, ավելի ճիշտ կլինի ասել այս ագահ շահը առաջնորդվում էր սեփական պետության շահերով: Սրա ապացույցը շուտով մատուցվեց ոսկու մեծ հոսքով շահի գանձարանը: «Մի հայը ինձ ավելի շատ հարկեր է վճարում, քան տասը մահմեդականը»,- այս է եղել շահի կարծիքը»:

Ասիական շուկաները գրավելու իրենց ջանքերում բրիտանացի և հոլանդացի գործարար մարդիկ փնտրում էին հայերի համագործակցությունը, և հրապուրում էին նրանց իրենց տիրույթները: Պահպանվել է Արևելա-հնդկական ընկերության կառավարչի բնորոշ հրամանը թվագրված 1691 թվականով, որով հորդորում է  Հնդկաստանում ընկերության գլխավոր վարչությանը հրապուրել հայ փորձված գործի մարդկանց, որոնք շատ բան են արել առևտրի զարգացման համար ամբողջ Հնդկաստանով, Պարսկաստանով և առհասարակ ամբողջ Ասիայով մեկ: Մադրասում նրանց հատուկ թաղամաս պետք է հատկացվեր, որտեղ նրանք կարողանային ապրել համաձայն իրենց սովորույթների և իրենց համար եկեղեցի կառուցեին: Այս արվարձանը կարելի կլիներ կոչել Ջուղա, Շահ Աբբասի հետևողությամբ, ով գաղթեցրեց հայերին նրանց հայրենի երկրից Սպահան և «նրանք այնտեղ զորեղացել, դարձել են ամենահարուստ մարդիկ աշխարհում մեր իմացած վաճառականներից ամենափորձվածները»: Նրանց վտահությունը շահելու համար  անհրաժեշտության դեպքում նրանց կարող են հրավիրել մասնակցելու կառավարմանը: Այդ ժամանակից ի վեր ոչ միայն անգլիացիք, այլև հայերն ու ուրիշ օտարերկրացիները իրավունք ունեն ընտրվելու՝ վարելու պետական գործերը: Աշխատասեր հայ ժողովուրդը վաղուց էր գրավել Լոնդոնի հասարակության ուշադրությունը՝ «նկատառումներն այն էին, որ հայ վաճառականները առևտուր կատարում էին սեփական միջոցներով և վարկերով», գործում էին բոլոր գլխավոր համաշխարհային շուկաներում և արտահանում էին ամենաարժեքավոր ապրանքները: Այս խոսքերը լավագույն հանձնարարականն են, որը երբևէ տրվել է հայերի առևտրական գործունեությանը: Նրանց անբասիր ազնվությունը և բարձր համբավը շեշտված են XVII և XVIII դարերի բազմաթիվ ճանապարհորդների կողմից: Սրանցից մեկը ծնունդով անգլիացի, հայ վաճառականին տրված փայլուն նկարագրության մեջ նրան «բոլոր առումներով ջենթլմեն» է համարում:

Այս նույն «առևտրական ջենթլմեններն» էին աքսորված օտար երկրներ և այնտեղ ստիպված էին ստեղծել նոր մշակութային արժեքներ, որ դարձան հայկական վերածննդի նախակարապետները: Իրենց աքսորավայրում նրանք երբեք չկորցրին կապը հայրենիքի հետ»: 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`