Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հեղինակ :

Լիլիթ Մխիթարյան

Հայաստանի ժառանգությունը. մետաղների արտահանումն ու առևտուրը հնագույն աշխարհում

08/03/2016 19:54

Հայաստանի ժառանգությունը. մետաղների արտահանումն ու առևտուրը հնագույն աշխարհում

Հնագիտական Ancient-origins.net կայքն անդրադարձել է Հայկական լեռնաշխարհում մետաղագործության զարգացմանն ու տարածմանը: Հոդվածում շեշտվում է, որ մետաղագործության կենտրոնը եղել է Հայկական լեռնաշխարհը, որտեղից էլ արտահանվել են թանկարժեք մետաղներ, քարեր, պղինձ, երկաթ, անագ հնագույն աշխարհի երկրներ՝ Բաբելոն, Եգիպտոս, Հնդկաստան և այլն: Ստորև ներկայացնում ենք հոդվածը:

«Հայկական լեռնաշխարհի տարածքում հնագույն ժամանակներից ի վեր հայտնի էին, մշակվում և արտահանվում էին օգտակար հանածոների գրեթե բոլոր տեսակները, այդ թվում՝ պղինձ, անագ, ոսկի, արծաթ, երկաթ, կապար, ցինկ, մագնեզիա, ծարիր, սնդիկ, որձաքար, աղ  և այլն: 

Սա վկայում են Հայկական լեռնաշխարհի տարբեր անկյուններից հայտնաբերված գտածոները, որոնք ցույց են տալիս մեր նախնիների կողմից օգտակար հանածոների ճիշտ կիրառումը և դրանցով առևտրային կապերի հաստատումը:

Անագը հին աշխարհի ամենահազվագյուտ մետաղներից էր: Անագի համար հեռագնա արշավանքներ էին կազմակերպվում ընդհուպ մինչև Բրիտանական կղզիներ և Պիրենեյան լեռներ:  Հին Հայաստանի տարածքում  անագը հայտնաբերված էր մի քանի վայրերում՝ Աղձնիքում, Վանում, Կարինում, Սյունիքում, այսինքն՝ Արարատյան հարթավայրին անմիջապես մոտիկ:

Օգտակար հանածոներով հարուստ Հայաստանը նշանավոր տեղ էր գրավում հին աշխարհում մետաղների հանքամշակման և արտահանման գործում:

Սկզբնական շրջանում Եգիպտոս, Հնդկաստան, Սկյութիա և Հունաստան էին հասցվում անագ, պղինձ, ոսկի, իսկ հետագայում՝ մեծ քանակությամբ երկաթ:

Կարելի է բերել նաև մի քանի պատմագրական տվյալներ, որոնք  բնորոշում են Հայաստանը որպես հանքամետաղագործական կենտրոն:

Ըստ հին հունական հեղինակներ Հոմերոսի, Հեսիոդոսի, Էսքիլեսի, Էվրիպիդեսի և այլոց՝ պղինձը, արծաթը և երկաթը առաջինը հայտնագործվել են Հայաստանում և արտահանվել ուրիշ երկրներ: Աշխարհի մեծագույն հնագետներ Ֆրենկֆորտը, Ժակ դը Մորգանը, Վուլլին և ուրիշներ, ուսումնասիրելով Էգեյան կղզիների, Փոքր Ասիայի հուսիս արևելյան շրջանների և հյուսիսային Պարսկաստանի մետաղագործական նմուշները, հանգում են այն եզրակացության, որ Հայաստանը մետաղագործության օրրաններից մեկն է:

Անգլիացի Գորդոն Չայդի և ներկայիս խոշոր գիտնական, հնդիկ հնագետ Դիքշիտի կարծիքով  երկաթի ձուլման առաջին հայտնագործողները հայ լեռնցիներն են, իսկ երկաթի դարի հեղափոխության էպիկենտրոնը՝ Հայաստանի լեռները:

Վերոնշյալ բոլոր գիտնականներն ընդգծում են, որ Հայաստանը մշտապես մետաղներ է մատակարարել Ասուրաբաբելական աշխարհին, Եգիպտոսին, Հնդկաստանին և Մարաստանին:  Ռուս խոշոր գիտնականները, մետաղագործության պատմության մասնագետները պնդում են, որ մ.թ.ա. III-II հազարամյակներում Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի շատ երկրներին մատակարարվել է հայկական մետաղը:

Հանքամետաղագործական արտադրության կատարելագործումը և մետաղների, առաջին հերթին՝ երկաթի արտադրությունն ու արտահանումը այն նյութական հիմքն էր, որի վրա զարգացան արտադրողական ուժերը և դրանց հետ կապված աստղագիտական գիտելիքները Հայկական լեռնաշխարհում:

Հնագույն քաղաքակրթությունների զարգացման անհրաժեշտ պայմանն էր երկիրն ապահովել անհրաժեշտ օգտակար հանածոներով կամ մետաղե իրերով: Հայաստանի բնական հարստություններն օժանդակում էին մերձավոր երկրների տնտեսության և ռազմական գործի զարգացմանը: Ուստի, Մերձավոր Արևելքի հնագույն պետությունները ձգտում էին իրենց ենթարկել Հայաստանը կամ նրա հետ մշտապես առևտրական կապեր հաստատել:

Հայկական մետաղի մասին ասուրաբաբելական հնագույն վկայությունները վերաբերում են մ.թ.ա. XIII դարին: Սալմանասար I-ի և Թուքուլթի-Նինուրթա I-ի արձանագրությունների մեջ կան վկայություններ «սարերի ծանրագույն հարկի», «սարերի հարստության» մասին, որոնք ամեն տարի Հայաստանից արտահանվում էին Ասորեստան:

Թիգլաթպալասար I-ի տարեգրությունները վկայում են, որ ասուրները Հայկական լեռնաշխարհի լավագույն հարստություններ են համարել պղինձը, բրոնզը, ոսկին, արծաթը, ինչպես նաև մագնեզիումի հանքանյութը (մագնեզիտ), որոնք արդյունահանում էին Մալաթիայի բնակիչները:

Արդեն մ.թ.ա. IX դարի սկզբում (ըստ Թուքուլթի-Նինուրթա II-ի տարեգրության) մեծ տարածում ուներ ոսկու, արծաթի, կապարի և երկաթի մշակումն ու արտահանումը: Դրանք Ասորեստան էին տարվում ձուլածոների կամ պատրաստված տարբեր իրերի՝ անոթների, քանդակների, արձանիկների ձևով:

Արշավանքներից մեկի ժամանակ Աշուրբանիպալ II թագավորը (մ.թ.ա. IXդ.) Տիգրանակերտի շրջանից հափշտակել է «2 տաղանդ արծաթ, 2 տաղանդ ոսկի, 100 տաղանդ կապար, 200 տաղանդ բրոնզ, 300 տաղանդ երկաթ, 1000 բրոնզե անոթ, 2000 բրոնզե գավաթ, բազկաթոռներ՝ պատրաստված փղոսկրից և ոսկուց»:

Մետաղներով հարուստ Սասնա լեռներից նրան է հասցվել մեծ քանակությամբ արծաթ, ոսկի, կապար և երկաթ:

Շամշիադադ V-ը (մ.թ.ա. IX դար) վկայում է, որ Հայաստանից էին արտահանվում «անհամար քանակությամբ  արծաթ, կարմիր ոսկի և բրոնզե իրեր»:

Ասուրաբաբելական աղբյուրներում առանձնապես մատնանշված են Հայկական Տավրոսի, Վանա և Կապուտան (Ուրմիա) լճերի ավազանների շրջանում գտնվող «երկրների» մասին:

Ասուրները հազվադեպ էին հասնում հեռու հյուսիս կամ արևմուտք: Սալմանասար III-ի (մ.թ.ա. IX դար) տեղեկությունների համաձայն՝ Կապուտան լճի ափի արևմտյան ափին գտնվող գավառներից արծաթ, ոսկի, կապար, բրոնզե անոթներ էին տանում Ասորեստան:

Փոքր Հայք կատարած արշավանքի ժամանակ Թիգլաթպալասար III-ը (մ.թ.ա. VIII դար) կողոպտել և իր հետ տարել է 300 կգ ոսկի և 3 տոննա արծաթ: Նա ամեն տարի Հայկական լեռնաշխարհից ստանում էր ոսկի, արծաթ, անագ, երկաթ և մագնեզիումի հանքանյութ:

Մետաղների արտահանման մասին հետաքրքիր տվյալներ կան Սարգոն II-ի (մթ.ա. VIII դարի վերջ) տարեգրություններում և Աշուր աստծուն ուղղած ուղերձում:

Սարգոն II-ը միայն Արդինի (Մուսասիր) քաղաքի թագավորական պալատից հափշտակել է ավելի քան մեկ տոննա ոսկի, մոտ հինգ տոննա արծաթ, «սպիտակ պղինձ» (արույր կամ բրոնզ), կապար, սարդիոն, տարբեր տեսակի թանկարժեք քարեր, «անհամար քանակությամբ» պղնձե և երկաթե իրեր, ոսկե սրեր, դաշույններ, ոսկով և թանկարժեք քարերով  դրվագված ալեբաստրե և արծաթե իրեր, արծաթե նիզակներ, գավաթներ, բուրվառներ, պղնձե կաթսաներ, կրակարաններ, շերեփներ, կանթեղներ, երկաթե հնոցներ և այլն:

Ըստ այդմ՝ զարմանալի չէ, որ Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. II հազարամյակի վերջից մինչև I հազարամյակի սկզբին մետաղաձուլումը լայն զարգացում էր ապրում:

Խոսելով մետաղաձուլման մասին չենք կարող չնշել, որ Հայաստանի Մեծամոր հնավայրում մ. թ. ա. III-I  հազարամյակներին պատկանող հանքամետաղագործական խոշոր մի համալիր էր գործում, որը հանքահարստացման և ձուլման չափերով իր հավասարը չուներ ողջ Հին Արևելքում:

Մինչև վերջին ժամանակները Մերձավոր Արևելքում հնագույնն էին համարվում Պաղեստինի մետաղաձուլական վառարանները (XIII դար, մ.թ. ա.), սակայն Մեծամորում հայտնաբերված մեծ ու փոքր հալոցները թվագրվում են մ.թ.ա. III-I  հազարամյակներով:

Այսպիսով՝ պղնձաբրոնզային արտադրության հումքը բերվել է Մեծամորից 45-50 կմ հեռավրության վրա գտնվող Կաղզվանի պղնձի հանքավայրից, որոնք բերվել են, թե քարավաններով, թե ջրային ուղիներով, հաշվի առնելով, որ ձուլարանը գտնվում է Արաքսի հովտում:

Առևտրական կապերի հաստատումը հեռավոր երկրների հետ մեծապես նպաստում էին հայերի երկրաբանական-աշխարհագրական գիտելիքների զարգացմանը: Աստղագիտական գիտելիքների զարգացման մեծ ձգտում էր առաջանում: Եվ զարմանալի չէ, որ նույն Մեծամորում հայտնաբերվել է դեռևս մ.թ.ա. III-II հազարամյակներում ստեղծված աստղադիտարան, որի տեղադրությունը համընկնում է կենդանակերպի գոտու ուղղությանը:

 

Մ.թ.ա. II հազարամյակի առաջին կեսին Հայաստանից մշտապես մերձավոր երկրներ էին առաքվում ոսկե իրեր և ոսկու, արծաթի, պղնձի, բրոնզի ձուլածոներ, իսկ մ.թ.ա. XVII դարից հայկական երկաթը մեծ քանակությամբ արտահանվում էր Հեթիա (Խաթի), Եգիպտոս, Ասորեստան, Հյուսիսային Կովկաս, Հարավային և կենտրոնական Ռուսաստան՝ զենքերի, զարդարանքների և ամենօրյա գորածածության իրերի ձևով:

Այդ ժամանակից ի վեր՝ Հայաստանը գրեթե բոլոր մերձավոր երկրներին մատակարարում էր երկաթապատ մարտակառքեր և ձիեր: Ինչպես գիտենք, ըստ եգիպտական քուրմ Մանեթոնի՝ ձիերի ընտելացումն առաջին անգամ կատարվել է Հայաստանում:

Մ.թ.ա. VII դարում հույն հեղինակները, նշելով Հայասատանի երկաթի բարձր որակը, հատկապես ընդգծում էին նրա կոփման բարձր արվեստը և արտադրության հսկայական չափերը: Սկսած մ.թ.ա. II հազարամյակի կեսերից  ընդհուպ մինչև ուշ միջնադար այստեղից հայկական պողպատը հասցվում էր Արաբական թերակղզի, Պարսկաստան և Հնդկաստան»:

 

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

Ամենաընթերցված

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`