«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Հեղինակ :

Մարիամ Ղուկասյան

Խոջալուի կեղծ դեպքերը և տարեցտարի ավելացող «զոհերը»

22/02/2018 23:41

Խոջալուի կեղծ դեպքերը և տարեցտարի ավելացող «զոհերը»

1992 թվականի փետրվարի 26-ին ազատագրվեց Խոջալուն (այժմ՝ Իվանյան):

Խոջալուի ազատագրումը կենսական նշանակաություն ուներ, քանի որ ԼՂՀ բնակավայրերը Խոջալուից պարբերաբար ենթարկվել
են ադրբեջանական հրետակոծության:

Խոջալուի ազատագրման և օդանավակայանի ապաշրջափակման մարտական գործողությունը սկսվել է 1992թ. փետրվարի 25-ին։ ԼՂՀ իշխանությունները Խոջալուի կրակակետերի ճնշմանն ուղղված գործողության նախապատրաստման մասին նախօրոք՝ դեռևս 2 ամիս առաջ, տեղեկացրել էին ադրբեջանական կողմին, ինչը բազմիցս հաստատվել էր Ադրբեջանի պաշտոնական անձանց՝ մասնավորապես նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն խաղաղ բնակիչները գնդակահարվել էին Աղդամի մատույցներում՝ ԼՂՀ և Ադրբեջանի Աղդամի շրջանի միջև ընկած սահմանին։

Նշենք, որ և՛ Խոջալուի իշխանությունները, և՛ բնակչությունը տեղեկացվել էին սպասվող գործողության, ինչպես նաև մարդասիրական միջանցքի մասին, որը ստեղծվել էր Աղդամից (Ակնա) բնակչության անվտանգ տարհանման համար։ Այդ ժամանակ ճանապարհը գտնվում էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ (Նկ․ 1)
Խոջալուի ազատագրումից ժամեր անց ադրբեջանական կողմը լուրեր տարածեց, իբրև թե հայերը ադրբեջանցիների տարհանման համար չեն տրամադրել մարդասիրական միջանցք և կազմակերպել են ադրբեջանցիների «ջարդեր»։ Ադրբեջանական կողմը, խեղաթյուրելով իրականությունը, մինչև հիմա կեղծ փաստերի հիման վրա փորձում է ցույց տալ, թե հայերը Խոջալուում կազմակերպել են ադրբեջանական «ջարդեր»։ Սակայն ինչքան էլ Ադրբեջանը փորձում է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Խոջալուում «այսպես կոչված» կոտորած է տեղի ունեցել, իրական փաստերը ապացուցում են ճիշտ հակառակը։
Վերը նշվածի ապացույցն է Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցը, որի ժամանակ, անդրադառնալով Խոջալուի դեպքրին, նշել է հետևյալը․

«Ինչպես պատմում են Խոջալուի այն բնակիչները, ովքեր փրկվել են, այդ ամենը կազմակերպվել էր, որ ես հրաժարական տամ: Ինչ-որ ուժ էր գործում նախագահին վարկաբեկելու համար: Ես չեմ կարծում, թե հայերը, ովքեր շատ հստակ և բանիմացությամբ են վերաբերվում նման իրավիճակներին, կարող էին թույլ տալ, որ ադրբեջանցիները ձեռք բերեն իրենց գործողությունները մերկացնող փաստաթղթեր… Ճշմարտությունն այն է, որ հայերը տրամադրել էին ադրբեջանցի բնակչության տարհանման համար նախատեսված մարդասիրական միջանցքը: Այդ դեպքում նրանց ինչի՞ն էր պետք կրակել: Մանավանդ, Աղդամին հարող տարածքում, որտեղ այն ժամանակ կային բավականաչափ ուժեր, որպեսզի դուրս գային և օգնեին մարդկանց»։

Չեխ լրագրող Յանա Մազալովան, ով ադրբեջանցիների անուշադրության հետևանքով հայտնվել էր մամուլի ներկայացուցիչների երկու խմբերում էլ, որոնց ցուցադրել էին «հայերի կողմից սրբապղծված դիակները», նկատել էր, որ վերջիններիս վիճակի էական տարբերություններ կան: Իրադարձություններից անմիջապես հետո, լինելով տեղում, Մազալովան դիակների վրա ոչ մի վայրագության հետքեր չէր արձանագրել: Իսկ երկու օր անց լրագրողներին ցուցադրվեցին արդեն այլանդակված մարմինները:

Իսկ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը, անդրադառնալով այդ օրերին, մասնավորապես նշել է․ «…Ծանոթանալով աշխարհագրական տեղանքին` ամենայն համոզվածությամբ կարող եմ ասել, որ հայկական միջանցքի բացակայության մասին պնդումները անհիմն են: Միջանցքը, իրոք, եղել է, այլապես լիովին շրջափակված և արտաքին աշխարհից մեկուսացված Խոջալուի բնակչները ոչ մի կերպ չէին կարողանա ճեղքել օղակը և դուրս գալ շրջափակումից: Սակայն Կարկառ գետից այն կողմ փախստականների շարանը բաժանվեց, և, չգիտես ինչու, Խոջալուի բնակչների մի մասն ուղղվեցին կամ ավելի ստույգ, ինչ-որ անձանց կողմից ուղղորդվեցին Նախիջևանիկի ուղղությամբ: Թվում էր` Ադրբեջանի ժողճակատի գումարտակների նպատակը ոչ թե Խոջալուի բնակիչներին փրկելն էր, այլ Մութալիբովի հրաժարականին զուգահեռ ավելի շատ արյուն հեղելը: …Տարօրինակն ու զայրացնողը այն է, որ հայերի տեղատարափ կրակի տակ Աղդամի մատույցները դժվարությամբ հասնող մեր ուղղաթիռները հապշտապ տեղափոխում էին անասուններին, այլ ոչ թե մի կերպ փրկված ու այստեղ հասած բնակիչներին: Ո՞վ էր նրանց այդպիսի սահմռկեցուցիչ հանձնարարություն տվել: Հայե՞րը…»:

Այս հայտարարությունից հետո հոդվածի հեղինակը ձերբակալվել է և դատապարտվել՝ «Խոջալուի բնակիչներին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով։

Ադրբեջանական կողմի կեղծարարութունը լավագույն կերպով արտահայտված է ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաևի նկարահանած կադրերում։ Չինգիզ Մուստաֆաևը նկարահանումներն իրականացրել է երկու անգամ` երկու օրվա տարբերությամբ: Ֆիլմից երևում է, որ երկրորդ նկարահանման ժամանակ որոշ դիակներ այլանդակված էին: Տվյալ հանգամանքը այնքան էր ապշեցրել Մուստաֆաևին, որ դրա մասին անձամբ տեղեկացրել է նախագահ Մութալիբովին, ում արձագանքը խորապես ընգծում է ադրբեջանական կեղծարարությունը. «Չինգիզ, ոչ մեկին ոչ մի բառ չասես այն մասին, թե նկատել ես, որ ինչ-որ բան այն չէ: Հակառակ դեպքում քեզ կսպանեն»:

1992թ. մարտի 2-ին դեպքի վայր կատարած երկրորդ այցելության ժամանակ լրագրողները նկատել էին, որ գետնին գտնվող դիակների դիրքը և նրանց վնասվածքների ու վերքերի աստիճանը առաջին զննման հետ համեմատած, բավականաչափ փոփոխվել է: Եվ դա այն տարածքում, որը մինչ 1993թ. ամառն ամբողջությամբ վերահսկվում էր Ադրբեջանի Ազգային ճակատի կողմից:

Հետաքրքրական են նաև ադրբեջանական «Մոնիտոր» ամսագրի հիմնադիր-խմբագիր, վերլուծաբան Էլմար Հուսեյնովի Խոջալուին նվիրված հոդվածներից մեկում տեղ գտած այս տողերը․ «Այսօր Ադրբեջանում նշում են մահվանից հետո որդու կողմից «համաժողովրդական առաջնորդ» հռչակված Հեյդար Ալիևի մահվան 6-րդ տարելիցը: Ասում են` մեռյալների հետևից կա՛մ լավը, կա՛մ ոչինչ։ Քանի որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Հեյդար Ալիևի մասին լավ բան ասել հնարավոր չէ, ավելի լավ է պահենք ավանդույթն ու լռենք, թեպետ լռելն այս դեպքում այնքան էլ հեշտ չէ։ Բայց կլռենք։ Կլռենք, չենք պատմի նրա կազմակերպած Խոջալուի բնակիչների կոտորածի, ռազմական հեղաշրջման մասին: Ադրբեջանական կողմից Խոջալուի դեպքերը ճշմարտացիորեն լուսաբանել է միայն Չինգիզ Մուստաֆաևը, ով մի քանի ամիս անց մահացել է խորհրդավոր հանգամանքներում, իսկ ճշմարտությունն ասող մյուս լրագրողը՝ Էյնուլլա Ֆաթուլլաևը շինծու մեղադրանքի պատճառով տարիներ շարունակ գտնվում է ճաղերի ետևում»։

Ուշագրավ է, որ այս տողերի հեղինակը 2005 թվականի մարտի 2-ին՝ Բաքվում չպարզված հանգամանքներում իր տան մոտ գնդակահարվել է։
1992թ. հուլիսին «Զերկալո» թերթում տեղ գտած հետևյալ հայտարարությունը՝ «Քաղաքը և նրա բնակիչները գիտակցաբար զոհ են դարձել» պատկանում է իրավապաշտպան Արիֆ Յունուսովին, ով շարունակաբար ադրբեջանական իշխանությունների հալածանքների զոհն է դառնում մինչ օրս։
Խոսելով Խոջալուի դեպքերի մասին՝ կարևոր է, որ ուշադրություն դարձնենք Խոջալուի դեպքերի ժամանակ զոհվածների թվի վրա։

1992թ. մարտի առաջին տասնօրյակում ադրբեջանցի լրագրողներ Իլյա Բալախանովան և Վուգար Խալիլովը «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի գրասենյակ ներկայացրին Խոջալուի բնակիչների մահվան վայրի նկարահանումների մի տեսաերիզ, որը բաքվեցի հեռուստալրագրողներ էին պատրաստել անմիջապես դաշտի վերևում պտտվող ռազմական ուղղաթիռից: Փաստացի գրասենյակում գտնվողներից բոլորը համաձայնվեցին, որ տեսաերիզում պատկերված զոհերի թիվը չի գերազանցում 50-60 հոգին:

Ադրբեջանը միջազգային ամենաբարձր ամբիոններից, օգտագործելով հարմար առիթները, առաջ է քաշում Խոջալուի դեպքերի հարցը՝ տարեցտարի ավելացնելով զոհերի թիվը։ Եթե 1992թ. սեպտեմբերի «պաշտոնական Բաքուն» «Human Rights Watch»-ին հայտնել էր 159 զոհերի մասին, ապա այսօր Բաքուն անամոթաբար, անհայտ մաթեմատիկական հաշվարկներ անելով այդ թիվը հասցրել է 613-ի, բայց սա դեռ ամենը չէ, բացառված չէ, որ հաջորդ տարի նույն մաթեմատիկական հաշվարկներից ելնելով զոհերի թիվը կարող է փոփոխվել։

Ադրբեջանը չի սահմանափակվում միայն թվերի ուռճացմամաբ, այլ շրջանառության մեջ է դնում նաև Խոջալուի հետ կապ չունեցող լուսանկարներ և,
միջազգային հայնրության աչքին թոզ փչելով, դրանք կապում Խոջալուի դեպքերի հետ։ Ստորև ներկայացնենք Խոջալուի հետ որևէ առնչություն չունեցող մի քանի լուսանկար։

 «Երեխաների մահը ողբացող մայր»



Լուսանկարը արվել է 1983թ. Թուրքիայում գրանցված ավերիչ երկրաշարժի ժամանակ, բայց Ադրբեջանը այն ներկայացնում է որպես Խոջալուի բնակչի ողբ։

«Ոսկորներ, գանգեր, կմախքներ»

 

 

Հետևյալ նկարը ադրբեջանցիները հակահայկական քարոզչության նպատակներով տեղադրել էին բուլղարական ֆորումներից մեկում, որպեսզի ի ցույց դնեն Խոջալուի բնակիչների 600 կմախքները: Եթե ավելի ուշադիր ուսումնասիրենք նկարը, կարող ենք գալ հետևյալ եզրահանգմանը։ Կրակահերթը տեղի է ունեցել 1992թ. փետրվարի 25-ի լույս 26-իգիշերը, իսկ 26-ի առավոտյան արդեն դիակները հավաքել և տարել էին։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էին դիակները կմախքի վերածվել մեկ գիշերվա ընթացքում, այն դեպքում, երբ մարդու մարմնի և հագուստի վերջնական քայքայման համար անհրաժեշտ է ամենաքիչը 100 տարի։

«Փողոցներում և բլոգերում արյունահեղության զոհեր»

 

 

Ադրբեջանական կայքերը այս նկարը ներկայացրել են որպես Խոջալուի դեպքերի զոհեր։ Բայց լուսանկարում պատկերվածները Համասի զինյալներն են, ովքեր ոչնչացվել էին իսրայելական բանակի կողմից:

 

 

Մարիամ Ղուկասյան

Թուրքագետ

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`