Ինչպիսի՞ տեսք ունեին մեր նախնիներ...

15/05/2017 23:49

Ինչպիսի՞ տեսք ունեին մեր նախնիներ...

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին  է ներկայացնում Սուրեն Այվազյանի աշխատությունից մի փոքր հատված, որտեղ հեղինակն անդրադառնում է արմենոիդ մարդաբանական տիպին, համեմատում հիքսոսյան թագավորի մեզ հասած արձանիկը և Սևանի ավազանից գտնված գանգը և հանգում այն եզրահանգման, որ երկուսն էլ նույն մարդաբանական տիպին են պատկանում, այսինքն արմենոիդ են, և որ  4000 տարվա ընթացքում Հայկական լեռնաշխարհում այս տեսակը որևէ փոփոխություն չի կրել:

Հնագույն մարդու կերպարի մասին պատկերացում կազմելու համար որոշակի նյութ են մատուցում տարբեր տեսակի աղբյուրներ՝ եգիպտական մումիաները, փարավոնների քանդակները, ինչպես նաև Եգիպտոսում բազմիցս հանդիպող նավաստիների, ջուլհակների, արհեստավորների արձանիկները, Ասորեստանի, Բաբելոնի, Հեթիթ թագավորների և զինվորների պատկերաքանդակները և, ի վերջո, դամբարանները:

Եգիպտոսի դամբարաններից մեկում հայտնաբերվել է հիքսոսյան թագավորի եզակի մի արձանիկ, որը պատրաստված է մոխրագույն ավազաքարից և կերտված ապշեցուցիչ արվեստով՝ հին վարպետի ձեռքով: Այդ արձանիկը հիքսոսների մասին զարգացող պատկերացումների տեսակետից մեծ հետքրքրություն է առաջացնում:

Ըստ Մովսես Խորենացու՝ մ.թ.ա. 18-րդ դարում, այսինքն՝ դեպի Եգիպտոս հիքսոսների արշավանքի ժամանակ, Հայաստանում շարունակում էր իշխել Հայկազյան հարստությունը: Ուստի, ենթադրելի է, որ հիքսոսյան թագավորը պատկանում է այդ հարստությանը:

Քանի որ Սինայի թերակղզում հիքսոսների թողած արձանագրություններում հիշատակվում է «Հիան» (համեմատիր «հիանալի») թագավորի անունը (նկ. 1), ապա շատ հավանական է, որ հենց այդ թագավորի (ըստ երևույթին ամենահայտնի թագավորի, որը գլխավորել է հիքսոսների արշավանքը դեպի Եգիպտոս) կերպարն է քանդակված՝ ի նշան հատուկ երախտագիտության, նրա ծառայությունների և արժանիքների գնահատման:

Այդ թագավորի կերպարը ակնհայտորեն տարբերվում է եգիպտական թագավորների կերպարներից: Այն, անշուշտ, մարդաբանական «արմենոիդ» (հայատիպ) տեսակին է պատկանում: Ուշադրության է արժանի հիքսոսյան սաղավարտի յուրահատուկ ձևը և նետի կտրվածքը սաղավարտի ճակատային մասում: Թագավորն արծվաքիթ է, թեթևակի ուռուցիկ աչքերի բացվածքով, հոնքերի հաստ աղեղներով, սեղմված զուսպ շուրթերով, կամային կզակով, մկանուտ, մի փոքր երկարավուն դեմքով: Երբ այս դեմքը համեմատում ենք եգիպտական փարավոնների դեմքերի հետ, նրանց միջև նկատվում է մարդաբանական ակնհայտ տարբերություն: Ուշագրավ է, որ տարբերություն կա նաև սաղավարտների միջև: Այն դեպքում, երբ եգիպտական փարավոնի (նկ. 2) սաղավարտը լայնանում է դեպի վեր և ճակատի մասում ունի իշանությունը խորհրդանշող օձի կերպար, հիքսոսյան թագավորի սաղավարտը վերնամասում նեղանում է, իսկ ճակատի մասում ուժ և արիություն խորհրդանշող նետ է կերտված:

Հիքսոսյան թագավորի այժմ Լուվրում պահպանվող քանդակը արմենոիդ մարդաբանական տիպի մի նմուշ է, և դրանով կարելի է դատել, թե ինչպիսի տեսք ունեին հայերի նախնիները 3700 տարի առաջ:

Գանգի մնացորդներով մարդու կերպարի վերականգնումը միշտ համարվել է մեծագույն արվեստ, գիտական մոտեցման և նրբազգացողության մի ձուլվածք: Պրոֆեսոր Անդրանիկ Ճաղարյանն իր լաբորատորիայում ժամանակին կիրառել է դեմքի վերկանգնման անատոմիամաթեմատիկական մեթոդը: Ճաղարյանն այս մեթոդով վերականգնել է հայասական զորավարի և նրա որդու կերպարները: Գանգերը հայտնաբերվել են Լճաշենի դամբարաններից մեկում և պատկանում են մ.թ.ա. II  հազարամյակի առաջին կեսին: Այստեղ, ինչպես նաև հիքսոսյան թագավորի կերպարը դիտելիս, աչքի է ընկնում խիստ վառ արտահայտված մարդաբանական ընդհանրությունը:

Ըստ այդմ՝ մ.թ.ա. II հազարամյակում Հայկական լեռնաշխարհի բնակչությունը պատկանել է արմենոիդ մարդաբանական տիպին (նկ. 3), որը 4000 տարվա ընթացքում էական փոփոխություններ չի կրել: Այս եզրակացությունը հաստատվում է նաև մ.թ.ա. III-I հազարամյակներին պատկանող Հայկական լեռնաշխարհի տարածքում հայտնաբերված այլ գանգերի ուսումնասիրությամբ, ինչպես նաև պատմահնագիտական և լեզվաբանական այլ տվյալներով:

 Նկար 1` Հիքսոսյան «Հիան» թագավոր (մ.թ.ա. 1710թ.)

 Նկար 2` Եգիպտական փարավոն (մ.թ.ա. II հազ.)

 Նկար 3` Հին հայկական (Հայք-հայասական) մարտիկի կերպար (Ճաղարյանի վերականգնած) (մ.թ.ա. II հազ. Լճաշեն)

«Ազատ Ձայն» լրատվականի նութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

 

Այս թեմայով

ֆեյսբուք