Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Երբ և ինչպես է Մեծ Հայքը հայոց պետության հետ միասնական պետականություն ձևավորեց

03/04/2019 20:45

Երբ և ինչպես է Մեծ Հայքը հայոց պետության հետ միասնական պետականություն ձևավորեց

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում մեծ հայագետ Ռաֆայել Իշխանյանի աշխատությունից մի հատված, որտեղ հեղինակը մանրամասն ներկայացնում է մեր պատմության կարևոր շրջաններից մեկը՝ Մեծ Հայքի՝ հայոց հիմնական բնակավայր դառնալը և առաջին անգամ հայոց մեկ պետության մեջ միավորումը։

«Մ․թ․ա․ III հազարամյակի II կեսի աքքադական արձանագրություններից գիտենք, որ Նարամ-Սուենը Հայկական լեռնաշխարհի հարավը անվանել է Արմանի, և գիտենք, որ այդտեղ եղել է պետականություն կամ ցեղային միավորում։ Մ․թ․ա․ II հազարամյակում խեթական արձանագրությունները վկայում են, որ հայաբնակ է եղել նաև Հայկական լեռնաշխարհի արևմտյան տարածքը, որտեղ նույնպես եղել է պետականություն։ Բայց արդյո՞ք մ․թ․ա․ III-II հազարամյակներում երբևէ եղել է Մեծ Հայքի միասնական հայկական պետականություն, ասել չենք կարող , քանի որ անհրաժեշտ տեղեկություններ, տվյալներ պարունակող վավերագրեր չկան։

Այդպիսի վավերագրեր և բավական շատ, ահա, պահպանվել են մ․թ․ա․ XII-VI դարերից՝ դրանք աքքադական, նոր խուռիական և աքեմենյան սեպագիր արձանագրություններն են, եբրայական աղբյուրները, ավելի ուշ շրջանից՝ Խորենացու «Հայոց պատմության» Առաջին գիրքը։

Ինչպես վերն ասվեց, սեպագիր արձանագրությունների ու Խորենացու վկայությամբ Վանա լճի շրջանից Արարատի թագավորության տիրակալները սկսել են շարժվել տարբեր կողմեր՝ իրենց պետության մեջ միավորելով մեծ ու փոքր իշխանություններ, թագավորություններ։ Մ․թ․ա․ VIII -րդ դարում այդ միավորումը հինականում ավարտված էր։ Միավորվել էր այն տարածքը, որը հայտնի էր Մեծ Հայք անունով։ Նկատվում է նաև, որ միավորման նպատակը հենց սկզբից այդ տարածքն է եղել։ Իսկ դա ինչպես գիտենք, ամբողջական, ամփոփված միավոր լինելու միայն մեկ հիմք է ունեցել, այն, որ եղել է հայոց լեզվի գործածության հիմնական տարածքը․ ուրիշ միավորիչ գործոն, հատկանիշ այն երբևէ չի ունեցել։

Այդպես, Վանի Արարատյան թագավորությունը իր իշխանության ներքո միավորել է ամբողջ Մեծ Հայքը։ Ճիշտ է, Արարատի թագավորները երբեմն անցել են Մեծ Հայքի սահմանը՝ արևմուտքում, հարավում, հարավ-արևելքում․ բայց այդպիսի անցումներ, ինչպես հայտնի է, եղել են նաև հայոց պատմության այլ շրջաններում։ Միավորված Արարատի թագավորության հիմնական տարածքը Մեծ Հայքն է եղել։ Հնագետ Տիրիցյանը նույնպես ցույց է տվել, որ Արարատի պետության և Մեծ Հայքի սահմանները նույնական են։

Արդյո՞ք Մեծ Հայքի միավորումը մ․թ․ա․ IX-VIII դարերում վերամիվորում էր, նախկինում եղած մի միասնական պետության վերականգնում, թե՞ Մեծ Հայքն առաջին անգամ էր մի պետության մեջ միավորվում․ այժմ եղած փաստերով անհնար է ասել։ Դա առայժմ մեզ հայտնի առաջին միավորումն է և Մեծ Հայքի առաջին թագավորությունը։

Վան-Տոսպի նախապես փոքր պետությունը հզորանալով՝ մի կողմից առճակատում էր հարավային հզոր հարևանի՝ Ասորեստանի հետ, մյուս կողմից քայլ առ քայլ հնազանդեցնում էր ու իր մեջ միավորում հայկական ցեղային ու պետակաան անջատ իշխանությունները։ Ինչպես հայոց պատմության այլ ժամանակաշրջաններում, այս շրջանում ևս միավորումը կատարում էր մերթ խաղաղությամբ, մերթ էլ արյունահեղ պատերազմներով։

Մեծ Հայքի այդ միավորումը սկսել է Արամ տիրակալը մ․թ․ա․ 880-70-ական թթ․, գուցեև 890-ական թվականներից։

Նրա այդ քաղաքականությունը բնականաբար դուր չէր գալիս Ասորեստանին, և ինչպես վկայում են այդ երկրի թագավոր Սալմանասար III-ի արձանագրությունները, նա արշավել է Արարատի դեմ, մեծ ավերածություններ արել, բայց չի կարողացել ոչնչացնել Արամի զորքերը։ Արամին հաջորդած թագավորները՝ Սարդուրի I-ը, Իշպուինին, մանավանդ Մենուան (մ․թ․ա․ 810-786թթ․) շարունակել են միավորման գործը։ Մենուայի փորագրել տված շուրջ 100 արձանագրությունները պատմում են այդ թագավորի կողմից Մեծ Հայքի անջատ իշխանությունների միավորման և նույն տարածքի տարբեր մասերում շինարարական աշխատանքներ կատարելու մասին։ Ստորև բերում ենք հայոց Կարին քաղաքի մոտ գտնված մի արձանագրությունից հատված հայերեն թագմանությամբ․ «Հայկ Խալդ աստվածը արշավի ելավ իր զենքով՝ Տայքի (Դիաուեխի) հզոր աշխարհի դեմ։ Հայկը հզոր է, Հայկ աստծու զենքը հզոր է։ Հայկ աստծու զորությամբ արշավի ելավ Իշպուինիի որդի Մենուան ասում է․ «Ես նվաճեցի Տայք երկիրը, կռվով ես նվաճեցի Շաշիլու թագավորանիստ քաղաքը։ Երկիրը վառեցի, ամրոցները քանդեցի․․․ Մենուան ասում է․ Տայքի թագավոր Ուտուպուրիշինին հայտնվեց իմ առաջ, գրկեց իմ ոտքերը, երեսնիվայր ընկավ։ Ես գթությամբ վերաբերվեցի, խնայեցի նրան՝ պայանով, որ վճարի հարկերը։ Նա ինձ տվեց ոսկի և արծաթ, տուրք տվեց»։

Տայքը Մեծ Հայքի նահանգներից մեկն է՝ հյուսիս-արևմտյան մասում։ Մի այլ արձանագրության մեջ, որ որ նույնպես գտնվում է Արևմտյան Հայաստանում, Արածանի գետի ափին վեր խոյացած ժայռի վրա, գրված է․ «Հայկ (Խալդ) աստվածը արշավի ելավ իր զենքերով․ նա հաղթեց Շեբետերիա երկրին, հաղթեց Խուզան քաղաքի երկրին, հաղթեց Ծոփք քաղաքին։Հայկը հզոր է, Հայկ աստծու զենքը հզոր է։ Հայկ աստծու հզորությամբ Մենուան՝ Իշպուինիի որդին, արշավի ելավ, գրավեց Շեբետերիա քաղաքի երկիրը, նա գրավեց Խոզան քաղաքի երկիրը, գրավեց Ծոփք աշխարհը, հասավ մինչև Խաթթի․․․Այս արձանագրությունը նա հանուն Հայկ աստծու կանգնեցրեց․․․»։

Խոզանը Մեծ Հայքի Ծոփք աշխարհի գավառներից էր, ինքը՝ Ծոփքը, Մեծ Հայքի ամենաարևմտյան աշխարհներից էր, Մալաթիան ընկած էր Մեծ Հայքից մի փոքր արևմուտք՝ Փոքր Հայքում։ Ուրեմն Մենուան Վան-Տոսպից շարժվելով հասել է մինչև Մեծ Հայքի արևմտյան սահմանը և մի փոքր էլ առաջ անցել։

Մեծ Հայքի ամբողջական միավորումը տեղի է ունեցել Արգիշտի I-ի օրոք»։

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:



Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`