Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Հեղինակ :

Արա Հարությունյան

Եթե տեր չես կանգնում քո ներկային, ապա անպայման կգտնվի մեկը, որը տեր կկանգնի քո ապագային

20/02/2019 20:09

Եթե տեր չես կանգնում քո ներկային, ապա անպայման կգտնվի մեկը, որը տեր կկանգնի քո ապագային

Ռուսներն ունեն խորիմաստ՝ «трещит по швам» արտահայտությունը։ Այսինքն,  ճգնաժամային իրավիճակների  սկզբում ամբողջի քանդվելն սկսվում է մեծ կտորներն իրար կցված տեղերից: Նման վիճակ է ներկայում հայկական,  թվում էր թե նորովի կազմված իշխանականում։

Ժողովուրդը, ընդդիմությունը, նախորդ իշխանությունները, Հայաստանի ու սփյուռքի մարդիկ՝ բոլոր-բոլորը սարսափով են ասում, որ ոչ մեկս չի ուզում Փաշինյանի իշխանության ձախողումը։ Եվ ես համոզված եմ, որ իրոք, ոչ մեկն էլ չի կեղծում։ Բայց զարմանալիորեն, համաժողովրդական այս գերագույն հույս-փափագը իր համարժեք արձագանքը չի գտնում իշխանական թե վարքում, թե ուղեղներում և թե անելիքների թղթապանակում։ Ավելին, արդեն բացահայտ հոխորտանք կա թեթև ծպտուն հանողների հասցեին՝ թե չափներդ իմացեք, մեր շնորհիվ եք դուք էս խորհրդարանում։
Փաշինյանի տնտեսական ծրագիրն այն վերջին կաթիլն էր, որը կոնկրետ իմ դեպքում լցրեց համբերության բաժակը, և ես պարտքս եմ համարում  հրապարակել կարծիքս կատարվողի մասին։
Անկախությունից հետո մենք բացարձակ ազատություն տվեցինք առաջին իշխանություններին, և  գիտենք, թե  արդյունքում  ինչ եղավ ու ինչի հասանք։
Հաջորդ երկուսը իշխանությունը նվաճեցին իրենց արմունքներով ու աճպարարություններով։ Եթե առաջին՝ վստահելի իշխանությունը բացարձակ հաշվետու չեղավ ժողովրդին, ապա վերջինների մասին այդ թեմայով որևէ բան խոսելն է  զավեշտ։
Արդյունքում, նախորդների շնորհիվ կես ազգ արտագաղթեց երկրից, չարտագաղթած կեսն էլ հայտնվեց  յոլա գնալու անհուսության մեջ։ Մասնագետն անտեսվեց, կրթությունը փոխարինվեց դիմպլոմավաճառքով, միջանձնային հարաբերություններում գերիշխող դարձավ «քցոցին» ու «թքած ունենալն» իր պաշտոնեականով, պրիմիտիվով ու նրբերանգներով։
Եվ այս ինքնագենոցիդից հետո, Նիկոլի հույսին մնացած ժողովուրդը մեկ էլ հայտնաբերում է, որ Նիկոլի հույսն էլ մենք ենք, ամեն մեկս է՝ որ եթե սեփական խելքը չունի, թող համակերպվի իր չարքաշությանը։
Անսպասելի էր, բայց փաստ է։ Եվ առավել զավեշտալի է, որ նման թեզ առաջ քաշող կառավարությունն ինքը ոչ պադավատն է զիջել, ոչ տեղակալներին, օգնականներին, խորհրդականներին ու իր որևէ արտոնությունը։ Բայց  իրեն իրավունք է վերապահում  ինը ամիսների մեջ բացի ոչխար֊ գառան հնարավոր, կամ անհնար  արտահամանման հեռանկարից այլ հարցերով չանհանգստանալ։
Նման դեպքերում ամերիկացիք ասում են Helloooo, հայերն էլ ՝ Բարև ձեզ։
Ես չեմ հարցնում, թե բա կառավարություն ինչի՞ համար է։ Որովետև այդ հարցն արդեն ինը ամիս է տրվում է ամեն կողմերից և ոչ մի պատասխանը չկա։
Ես այլ հարցեր եմ բարձրացնում։
1. Ակնհայտ է, որ երկրում միայն մեկ ինքնուրույն սուբյեկտային իշխանավոր գոյություն ունի՝ Նիկոլ Փաշինյանը։ Մնացածը Փաշինյանի կամակատարներն են։ Այս դիտարկում-պնդումը փաստ է, և չեմ կարծում, թե կասկածի տեղիք կարող է տալ։
Հետևաբար կառավարման ի՞նչ տեսակ է սա։ Ես կարծում եմ, որ նույնիսկ  սուպերվարչապետություն էլ չէ, այլ սուպերկռապաշտություն է։ Եվ հենց այդ պատճառով այն ծայրաստիճան  կործանարար է լինելու թե պետության ու թե հայության համար։
2.  Պատմականորեն,  պետական առաջին դեմքերը բռնապետական, կամ միանձնյա բացարձակ իշխանության տիրացել են աստիճանաբար,  հաստատելով այն քայլ առ քայլ՝ համակարգված ենթարկեցնելով ենթականերին, բայց աշխատանքային վիճակում պահելով կառավարման բոլոր օղակներն ու մեխանիզմները։ Եվ այդ դեպքերում կերտված խիստ կենտրոնաձիգ իշխանությունները համալրված են եղել կոմպետենտ ենթականերով, որոնք իրենց ադեկվատ  ծառայության համար ստացել են իրենց իրավունքներն ու արտոնությունները։ Ես չգիտեմ, որևէ հաջողված բռնապետության պատմական օրինակ, ուր բռնապետի շրջապատը ոչ կոմպետենտ է եղել։
3.  Փաշինյանի դեպքում բռնապետացման  պրոցես չի եղել ու չի էլ լինելու՝ քանի որ ընթացողն ընդամենը խեղկատակ խամաճկացման պրոցես է։
Իրեն դրսևորելով որպես մարդկանց համախմբամբ նախորդ իշխանությանը խորտակած հզոր քաղաքական գործիչ,  տիրանալով իշխանության Նիկոլը դրսևորվել է որպես բացարձակ անկարող պետական գործիչ։  Ըստ որում, այն աստիճան, որ անձնական սուբյեկտային ազատության պայմաններում անկարող է եղել  երկրի ու մարդկանց առջև ծառացած նույնիսկ տարրական հարցերը խորապես ընկալելու, կանոնակարգելու և լուծումների գոնե  սկզբերը նախանշելու։
Ու հիմա էլ, տեսնելով որ իր  կառավարումը   գնում է  անփառունակ  ձախողման, շարունակում է բրավադան, ոնց որ բան էլ չի պատահել։
Կառավարական նիստերին գործն արդեն հասնում է բացարձակ զավեշտների։ Ոլորտի պատասխանատուն զեկուցում է, թե հայկական  գառան ահռելի պահանջարկ կա դրսերից, որ գառները կարող են միլիոններով էլ արտահանվել։ Բայց ոչ մեկը հարց չի տալիս, թե հարգելի կոլեգա, էդ ինչի՞ մասին եք բարբաջում 21-րդ դարում: Ախր այդ՝ նույնիսկ տեսականորեն անհնար արտադրություն֊ արտահանումը հիմնված է ոչ իրական՝ առկա և հեռանկարային թվերի վրա։ Որ եթե հանրապետությունում տարեկան 450 հազար գառ է ծնվում, ապա դրա գոնե կեսը պետք է մնա երկրում, որ ապահովվի վերարտադրությունը։ Իսկ մյուս կեսն էլ՝ 225 հազարը, ոչխար պահողների երեխեքի բերաններից կտրած,  արտահանվող տեսական 3000 տոննա միսն ընդամենը 15 միլիոն դոլար արժե։ Եվ ամենակարևորը՝ որ դա այն ասպարեզն ու հարցը չէ, որը պետք է բազմակի անգամ կառավարության նիստերին քննարկվի։
Կամ էլ  զեկուցվում է, թե ճանապարհային նշաններն են գողանում, ու ընդհանուր, 1  միլիոն դոլար արժեքով 4 հազար  նշանի մասին է  խոսքը։
Այստեղ տեղին է երկրորդ ու երրորդ «Բարև ձեզն» ասել, որովհետև,  օրինակ  ամերիկայում այդ նշանների արժեքը տեղադրմամբ 50  դոլար է, իսկ մեզ մոտ՝ ի նկատի ունենալով աշխատուժի գների տարբերությունը, երևի 20֊30-ից ավել չպետք է արժենա
Եվ  բացի այդ էլ, հարցը ոչ թե նշանների արժեքն է, այլ կոնկրետ հարցի լուծումը։
Եվ նորից, զարմանալիորեն, ամբողջ դահլիճից չգտնվեց գեթ մեկը, որը կասեր, կոլեգաներ, արեք հատուկ կառավարական նախաձեռնությամբ մտնենք խորհրդարան և օրենք առաջարկենք առ այն, որ 10 օրյա ժամկետում բոլոր նշաններ  ունեցողները դրանք աննկատ վերադարձնեն փողոցներ։ Եվ որ այդ ժամկետից հետո, եթե մեկի մոտ նշան հայտնաբերվեց, ապա, անկախ հանգամանքներից,  մեկ տարով կգնա աշխատանքային գաղութ՝ «խելք հավաքելու»։
4. Նիկոլի մոտ պետական գործիչի որակների բացակայությունը,  իհարկե, ազգային ողբերգություն է, որովհետև՝
Ա.  Ինքը իշխանությունը զիջողը չէ,
Բ. Հրապարակում իշխանություն վերցնելու արժանի փոխարինողը չկա։
Գ.  Երկիրը նոր իշխանափոխության չի դիմանա։  
Ինքս երկրի տեր քաղաքացու իրավունքով եմ հարցը  հենց այս սրությամբ  դնում։ Մենք այլևս ժամանակ չունենք սպասելու,  թե ինը ամսում  որևէ արդյունք չգրանցած Նիկոլն ինչ արդյունքեր չի գրանցելու հաջորդ 5 տարիներին։
Գործի ընդունակ կառավարիչն արդեն իսկ պետք է տպավորիչ արդյունքներ ունենար, որովհետև անդունդում հայտնված երկրում ցանկացած տրամաբանական կառավարական նախաձեռնություն մեծ արդյունք էր տալու։
Մենք պետք է ազգովի մեզ հաշիվ տանք, որ Նիկոլը «էսքան» էր,  ու իր «էդքան» լինելն ապացուցվել է անցած ինը ամսիներին։ Եվ ավանսով տրվող  վստահության նոր ժամկետները ոչ մի բան չեն փոխելու իր կառավարման ոճում, մոտեցումներում ու դրվածքներում՝ էլ չեմ ասում կադրերի ընտրության ու տեղաբաշխման աղաղակող անհեթեթ գործառույթներում։

Ինչքա՞ն պետք է ինքնակործան  այս փորձությունը շարունակվի՝ մինչև պետականության կոլա՞փսը։
Եթե Նիկոլը գործերից հասկացող լիներ,  իր ծրագրի ներկայացումը պառլամենտում  կսկսեր ոչ թե նրանով, թե ես քաղաքական հեղափոխությունն արել եմ ու հիմա էլ տնտեսականն եմ անելու֊ առանց մի կոնկրետ թիվ ու խոստում տալու, այլ կասեր, որ ես արդեն ձևավորել եմ այս֊ այս֊այս՝ առնվազն մեկ տասնյակ  մարդկանցից կազմված իմ տնտեսական֊ քաղաքական-սոցիալական հարցերով  խորհրդատու թիմը։ Որ ես չեմ կրկնելու հներից ոչ մեկի մոտեցումները ու գնալու եմ բացարձակ տարբեր տնտեսական քաղաքականության։
Որ ես գիտակցում եմ մարդկանց ծանրագույն տնտեսական ու բարոյահոգեբանական  վիճակը, որ ես տեղյակ եմ մասնագետների սպանդին, որ կատարվել է հետանկախական տարիներին։
Որ ես գիտեմ, թե ինչ եմ անելու կրթության  ու գիտության ոլորտում, որ իրոք կրթություն լինի ու գիտություն, որ նորից շուտափույթ մասնագետներ կերտվեն։
Որ ես գիտեմ, թե որոնք են եղել  մեր իրավական ոլորտի հոռի բարքերի արմատները, և ես գիտեմ, թե ոնց ենք անհապաղ ոլորտը վերակառուցելու։
Որ ինձ խորհուրդ է տրվել մի քանի հարյուր կոնկրետ   կետերով մեր անելիքները բոլոր ասպարեզներում, որոնք չափելի են լինելու օնլայն, ընթացիկ գրաֆիկներով ու ի տես բոլորի։ Որ ես արդեն շրջապատել եմ ինձ միայն մասնագետներով, միայն գիտակներով, միայն փորձառուներով, միայն նվիրվածներով, միայն արտակարգ մտածողներով, միայն նրանցով, ովքեր օրն ի բուն են աշխատելու հանուն մեր երկրի ու ժողովրդի։
Որ ես բոլորին եմ ապահովելու աշխատանքով՝ ձեռներեցին ազատություններ տալով, վարձու աշխատող ծնվածին՝ վարձու աշխատանքով, իսկ բնատուր թույլերին էլ սոցիալապես եմ օգնելու, որ արժանապտիվ կյանքով ապրեն։  
Եվ հայտարարեր, որ հենց հիմա բացեք իմ անձնական կառավարական կայքը, կարդացեք իմ խորհրդատուների անուն֊ ազգանունները, կարդացեք ամեն մեկի ու կոլեկտիվ բոլորի ինձ տրված խորհուրդները, տեսեք ամեն կետով կատարման  պատասխանատուներին, իրացման մեթոդականը, ժամկետներն  ու կանխատեսվող դինամիկան։
Փոխարենը, ինքը պառլամենտ էր եկել միտինգային պաթոսով և այդ պաթոսով էլ ջրեց  պատասխանատու գործը, ոնց մինչև հիմա որևէ  հաշվետվություն ներկայացրած չկա որպես վարչապետ։
5.  Աշխարհի քաղաքական  պատմության ամենասկզբունքային հարցերից մեկը տիրակալի դեմ ճշմարտությունը բացահայտելու քաջության խնդիրն է՝ «իսկ թագավորը մերկ է» մանկական միամտությունն է։  
Մեզանում այդ մանուկը չկա։ Հետևաբար, ով  պետք է հանդգնի Նիկոլին ասել, թե որպես քաղաքական գործիչ գովելի էիր, բայց որպես պետական գործիչ մերկ ես,  հարգելիս։
Ասի, որ  դու պարտավոր ես  ենթարկվելու պետականության ու ազգային֊հանրային պահանջներին, այլ ոչ շարունակելու  ինքնագլուխությունն ու անպատասխանատու կառավարական ստորացուցիչ անլրջությունը օվալ սեղանի շուրջ՝ մեծ ծաղկեփնջի դիմաց, կամ էլ խորհրդարանում՝ սեփական խամաճիկների պաշտպանության ներքո։
Հայտնի թեզ է՝  եթե տեր չես կանգնում քո ներկային, ապա անպայման կգտնվի մեկը, որը տեր կկանգնի քո ապագային։ Մենք այժմ ազգովի կանգնած ենք մեզ տեր կանգնելու խնդրի առջև։ Եվ այս հարցում որևէ կռապաշտ֊  զոմբիական  դեմագոգիա տեղ չի կարող ունենալ։
Խաղասեղանին Հայաստանն է ու հայությունը։ Ամեն մարդ պարտավոր է իր շահերն ու իրավունքները ներկայացնելու անգործության մատնված և միայն ապագայով մարդկանց «կերակրող» այս իշխանությանը։ Ամեն մարդ պարտավոր է Նիկոլին ցուցանելու իր տեսած մերկությունը։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`