Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Գիտության մասին օրենքի նոր նախագիծը ծրագրված ցեղասպանություն է

30/09/2019 23:31

Գիտության մասին օրենքի նոր նախագիծը ծրագրված ցեղասպանություն է

Այժմ համատարած քննարկում են բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծը։

Գիտության ճիշտ կազմակերպման մասին իմ տասնյակ հրապարակումներից հետո, անտեսված ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունների կողմից, ինձ իրավունք եմ վերապահում իրերն իրենց անուններով կոչելու։

1. Նոր օրենքի գլխավոր ապուշությունը։
 

Շատ անգամներ ես գրեցի և պահանջեցի ներկայացնել գիտության զարգացման տեսլականը։ Նախարարն ասում էր, որ նոր օրենք կներկայացնեմ, այնտեղ ամեն ինչ գրված կլինի։

Միանգամից ասեմ, որ նոր օրենքի նախագծում ոչ մի տեսլական չկա։ Դա պարզապես թղթի կտոր է։ Նախագիծը ոչ միայն անգրագետ է, այն ապուշ է։ Ավելին, այն ցեղասպանական հետևանքներ կունենա, եթե ընդունվի։

Նոր նախագծի (47 էջից բաղկացած) ապուշությունները վերլուծելու համար կպահանջվեին հարյուրավոր էջեր, ինչն այստեղ ես բնականաբար չեմ անի։

Մինչդեռ բացատրեմ, թե ինչու է այս օրենքը ցեղասպանական։

Բանը նրանում է, որ հնարավոր չէ գրել օրենք, առանց հասկանալու թե ով ով է գիտության ու կրթության բնագավառում: Այսինքն՝ նախ պետք է հաստատել մերիտոկրատիա (արժանավորների, վաստակավորների իշխանություն)։ Առանց դրա չի կարելի ոչ միայն օրենքներ գրել, այլև անգամ մի քայլ անել։

Կշարունակեմ բացատրությունը օրենքի նախագծի օրինակով։ Օրենքը ենթադրում է, որ գործի կդրվեն տասնյակ (գուցե հարյուրից ավելի) տարբեր տեսակի հանձնաժողովներ ու խորհուրդներ։ Որպեսզի ինչ-որ օգտակար բան լինի, նախ պետք է սահմանվեր մերիտոկրատիա (պարզել, թե ով ով է) և միայն դրա հիման վրա ստեղծվեին հանձնաժողովներ և խորհուրդներ։ Այնպես որ, եթե դուք որպես կանոն չեք ընդունել, որ այդ հանձնաժողովներն ու խորհուրդները պետք է կազմված լինեն արժանիներից (մերիտոկրատիա), ապա դրանք միշտ (կրկնում եմ՝ մի՛շտ) պաշտոնյաները կկազմվեն գաղտնիորեն, պաշտոններում «իրենց մարդիկ» խծկելով։ Այսինքն՝ միշտ հանձնաժողովներում ու խորհուրդներում կգործի «ԽԾԲ»-ն (խնամի, ծանոթ, բարեկամ)։

Օրինակների համար պետք չէ հեռու գնալ։ Նայեք վերջերս ԵՊՀ-ում տեղի ունեցած նշանակումները՝ պաշտոններում և հոգաբարձուների խորհրդում բոլոր «իրենց մարդիկ» նշանակած են կամ ռեկտորի, կամ նախարարի, կամ նախկին իշխանությունների կողմից և ոչ մի մասնագիտական բացատրություն չկա, թե ինչու են հենց նրանք նշանակվել: Պրոռեկտորների թվում անգամ «PR մասնագետ» կա: Ինչ-որ մեկը կարծում է, ըստ երևույթին, որ դա շատ կարեւոր է գիտության և կրթության համար։ Ի՞նչ է սա՛, եթե ոչ «հակասելեկցիա»։

Հիմա նկատենք, որ օրենքի ընդունումից անմիջապես հետո, այդ «ԽԾԲ»-ն պետք է բաշխի դիրքերը, պաշտոնները և տասնյակ միլիոնավոր դոլարները։

Եվ թող նախարարը չասի, որ ինքը պատրաստվում էր հանձնաժողովների և խորհուրդների արհեստավարժության հարցերով զբաղվել ավելի ուշ՝ օրենքի ընդունումից հետո։ Դրա համար (1) այլևս ժամանակ չի լինի (2)։ Նրան երկար ժամանակ զգուշացրել են, որ նախ անհրաժեշտ է պարզել կադրերի մակարդակը և միայն դրանից հետո անցնել «օրինաստեղծ» աշխատանքի:

Եզրակացությունը մեկն է։ Պետք է կանգնեցնել օրենքի նոր նախագծի մշակումը, նախ ըմբռնել մերիտոկրատիան և միայն հետո անցնել նոր օրենքի մշակմանը։

Պետք է նաև դիմել Փաշինյանին՝ Դուք չեք ամաչում, որ ձեր նախարարը մեկուկես տարի առկախել է գիտությունն ու կրթությունը անգործունյա վիճակում, մեկուկես տարի նրանք արյունաքամ են լինում և այդ ոլորտներում միայն ավեր է։ Դուք չեք ամաչում, որ ձեր նախարարը ոչ մի անգամ չի քննարկել իրեն վաղուց ներկայացրած բազմաթիվ առաջարկները և հիմա հանդես է եկել նման ապուշ նախաձեռնությամբ։

2. Մյուս առանցքային կետի անիմաստությունը:

Բանը նրանում է, որ Հայաստանում ոչ մի հաստատություն բավարար կադրեր չունի գոնե մեկ նորմալ հետազոտական համալսարան ստեղծելու համար։ Մինչդեռ նման համալսարանի ստեղծումն անհրաժեշտ է։

Այն կարելի է ստեղծել միայն Գիտությունների ակադեմիայի և բոլոր մյուս բուհերի միասնական ուժերով։

Կրկնում եմ միայն համատեղ ուժերով։

Եվ դա պետք է արտացոլվի նոր օրենքում։

Այսպիսով, թերևս օրենքի նախագծում միակ հայեցակարգային դրույթը, բուհերի «անկախության» և «ինքնակառավարման» մասին, խորապես սխալ է։

Եթե օրենքում ամրագրենք «անկախության» և «ինքնավարության» մասին դրույթը, ապա միշտ կլինի «ԽԾԲ», ինչպես նկարագրված է վերը ԵՊՀ օրինակով։

Եթե ինչ-որ համալսարան ուզում է հետազոտական կարգավիճակ ունենալ, ապա նրան (կրկնում եմ՝ հազարերորդ անգամ) անհրաժեշտ է, որ նրա ուսանողները «վարկեր» կուտակեն՝ գործնական և այլ պարապմունքներ անցնեն լավագույն մասնագետների մոտ և համալսարանից դուրս գտնվող լավագույն լաբորատորիաներում։ Իսկ դրա համար (կրկնում եմ հազարերորդ անգամ) անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ով ով է գիտության մեջ (մերիտոկրատիա)։ Առանց մերիտոկրատիայի գիտության մեջ մենք միշտ կունենանք «ԽԾԲ» և գիտության, և կրթության ոլորտներում։

Այսպիսով, սկզբում մերիտոկրատիա և միայն հետո օրենքը։

Եվ դա պետք է գրված լինի օրենքում։

Այլապես գիտությունից հեռու բուհերի պաշտոնյաները մոտ չեն թողնի ականավոր մասնագետներին։

Գիտության մասին օրենքի նոր նախագիծը ծրագրված ցեղասպանություն է։

Մաս 2. Պետք է թարմացնել ակադեմիան, ոչ թե ոչնչացնել այն։

Սկսեմ զվարճալի պատմությունից, որն ինձ պատմեցին վրացի գործընկերները։ Սահակաշվիլիի ժամանակ, երբ ցանկանում էին լուծարել իրենց Ակադեմիան, մի շարք «հպարտ» վրացի ակադեմիկոսներ հացադուլ հայտարարեցին (հրապարակում, վրաններում)։ Հսկայական հասարակական ուշադրություն կար, ամբողջ մամուլը պտտվում էր այդ վրանների շուրջ։ Եվ ահա ակադեմիկոսների մոտ եկան Սահակաշվիլիի պաշտոնյաները և ականջներին շշնջացին։ Դուք ասում եք, որ լավագույն գիտնականներն եք և այդ պատճառով ստանում եք ձեր ցմահ հավելավճարները, դուք պահանջում եք պահպանել ձեր հավելավճարները: Իսկ ահա մենք ունենք տվյալներ, որոնցից երևում է, որ ակադեմիայից դուրս կան բազմաթիվ մասնագետներ, որոնք անհամեմատ ավելի լավ տվյալներ ունեն։ Եթե դուք շարունակեք ձեր հացադուլը մենք կհրապարակենք այդ տվյալները և ցույց կտանք ժողովրդին, որ դուք լավագույնը չեք։ Եվ ի՞նչ։ Ակադեմիկոսները, առանց մի խոսքի, հավաքեցին իրենց վրանները և տուն գնացին։

Այսինքն վրացի պաշտոնյաները, միայն ակնարկով մերիտոկրատիայի մասին, ամաչեցրին և տուն ուղարկեցին վրացի ակադեմիկոսներին։

Հետխորհրդային ակադեմիաներից ոչ մեկն ավելի լավ չէ։ Համատարած բաժանում է գնում «յուրայինների» ու «օտարների» և փակվում «օտարների» ճանապարհը։ Ո՛չ մի մերիտոկրատիա։ Ավելին, ակադեմիկոսներն այդ երկրներում միշտ էլ օգտվել են աբսուրդային արտոնություններից, և ինչը կրկնակի աբսուրդ է ու պարզապես անբարոյական՝ այդ արտոնությունները ցմահ են և ակադեմիկոսները, ըստ կանոնադրության, ցմահ կառավարում են ակադեմիան (եթե նույնիսկ իրենց անունը չեն հիշում)։ Այդ բոլոր երկրներում «ակադեմիկոս» բառն առաջադեմ մասնագետների մոտ քմծիծաղ է առաջացնում։ Փաստորեն, ակադեմիկոսներն ի վիճակի չեն կատարելու ոչ մի կետ իրենց պարտականություններից, օրինակ՝ խորհրդականների։ Ինչպես կարող է խորհուրդ տալ մարդը, ով ընտրվել է «ԽԾԲ»-ով, առանց հաշվի առնելու մյուսների իրական արժանիքները և, բացի այդ, չի աշխատել վերջին քսան տարիների ընթացքում: Այսպիսով Ակադեմիայի մասին օրենքը անհեթեթ էր (և մինչև այժմ այդպիսին է)։ Մյուս կողմից՝ ակադեմիկոսներին վերագրվող գործառույթներն անիրագործելի են իրենց համար և, հետևաբար, աբսուրդային են։

Պարզ է, որ նման ակադեմիան պետք է վերացնել, որքան շուտ այնքան լավ:

Ես երեսուն տարի է քննադատում եմ ակադեմիայի համակարգը։ Անարդյունք։ Բայց հիմա ժամանակն է ակադեմիան փրկել հրեշավոր անգրագետ նոր պաշտոնյաներից, որոնք պարզապես ոչնչացնելու են ակադեմիան փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Դա երևում է օրենքի նոր նախագծի կետից, որտեղ ակադեմիայի վերաբերյալ մենք տեսնում ենք պարզապես անգրագետ անհեթեթություն։

Մինչդեռ չի կարելի պարզապես վերցնել և վերացնել ակադեմիան։ Կամ էլ չի կարելի ինստիտուտները փոխանցել համալսարաններին, որոնք շատ ավելի կոռումպացված են, քաղաքականացված, որտեղ կադրային քաղաքականությունը շատ ավելի վատն է։ Դա վերջնականապես կկործանի գիտության մնացորդները։ Մենք ունենք հետխորհրդային երկրների օրինակներ, որտեղ ինստիտուտները հանձնվել էին համալսարաններին։ Արդյունքը շատ ցավալի է:

Այսպիսով, անհրաժեշտ է կամ բարեփոխել ակադեմիան կամ փոխարենը ինչ–որ բան առաջարկել։

Բանն այն է, որ գիտությունը չի՛ կարող գոյություն ունենալ առանց հեղինակությունների համակարգի:

Ամեն ինչ շատ պարզ է և հասկանալի։ Եթե ինստիտուտներում չկան հեղինակություններ, ապա ինստիտուտներում կլինի նույն «ԽԾԲ»-ն։ Ցանկացած ընտրություն միջակության վրա է կողմնորոշվելու է, և ոչ ոք չի ցանկանա ինստիտուտում ունենալ ականավոր գիտնականներ և առավել ևս չի ճանաչի նրանց որպես այդպիսին։ Եվ նման իրավիճակ միշտ կլինի, եթե ինստիտուտներից վեր հեղինակավոր մարմին չլինի։

Իմ առաջարկը հետևյալն է։

Ոչ թե վերացնել ակադեմիան, այլ դարձնել այն, ապացուցված ու ստուգվող տվյալների վրա հիմնված ընտրություններով փոփոխվող, հաշվի առնելով գիտական գործունեության ակտիվությունը վերջին շրջանում։

Դա նշանակում է, որ ակադեմիկոսների կազմն ընտրվում է՝

(1) որոշակի ժամկետով (ասենք 5-7 տարի),

(2) ընտրություններին կարող են մասնակցել միայն նրանք, ովքեր կներկայացնեն իրենց ձեռքբերումների մասին ստուգված տվյալներ (գիտական տեղեկատվության միջազգային պաշտոնական աղբյուրներից վերցված տվյալներ),

(3) ընտրություններին կարող են մասնակցել միայն նրանք, ովքեր վերջին շրջանում դեռ ակտիվ են։

Ահա այսպիսի ակադեմիան անթերի կլինի գիտական տեսանկյունից և կկարողանա կատարել իր գործառույթները (ասենք՝ խորհրդականների և գնահատողների) և բարոյական իրավունք կունենա ղեկավարել ինստիտուտները։

Խորապես կսխալվի նա, ով կկարծի, որ այսօրվա ակադեմիկոսները նման տվյալներ ունեն գիտական տեղեկատվության պաշտոնական աղբյուրներում (կետ (2) կամ, որ բոլորն էլ ակտիվ են (կետ (3):

Մի քանի մեկնաբանություններ։ Մեքսիկական ակադեմիան (որը լավ վարկանիշ ունի) փոփոխվող կազմ ունի (1): Գիտական ակտիվության պահանջը, կետ (3), բացատրությունների կարիք չունի: Կետ (2) առաջարկվում է իմ կողմից, ես այն մանրամասնորեն հիմնավորել եմ բազմաթիվ հրապարակումներում։ Իմ հաշվարկներով Հայաստանում այժմ մոտ 50 մասնագետ կա նման ստուգված տվյալներով։ Դա շատ քիչ է փոքր երկրի համար, և միանգամայն բավարար նոր ակադեմիա ձևավորելու համար։ Օրինակ, հեղինակավոր Ֆինլանդիայի Ակադեմիան ունի միայն 10-15 ակադեմիկոսներ՝ եթե տվյալ պահին չկա վաստակավոր գիտնական որևէ մասնագիտությամբ, ապա նրանք չեն ընտրելու, ում պատահի։

Պետք է հասկանալ հետևյալը։ Երբ ասում ենք, որ ակադեմիան միշտ ձևավորվել է «ԽԾԲ»-ով, որ ակադեմիայի կանոնադրական դրույթներն աբսուրդային են, դա չի նշանակում, որ բոլոր ակադեմիկոսները հանցագործներ են և անարժան։ Կան արժանիներ և նրանք քիչ չեն: Մինչդեռ ներկայումս ակադեմիկոսներն այնքան են սերտաճել նախկին ռեժիմների հետ, որ

նոր պաշտոնյաները կարող են ասել նրանց՝ արդյո՞ք ձեր խղճի վրա չեն բոլոր նախկին մեղքերը։

Այդ պատճառով ակադեմիկոսների ձայնն ընդհանրապես չի լսվում։ Նույնիսկ եթե նրանք գաղափարներ և առաջարկություններ ունենան, չեն համարձակվի տղամարդու նման ասել այդ մասին: Մի կողմից, նրանք պարզապես սովոր չեն, մյուս կողմից՝ փոխկապակցված են ակադեմիական հիերարխիայի և մաֆիոզ կամ անձնական շահերի հետ:

Իմ խորհուրդը ներկայիս ակադեմիկոսներին։

Եթե նրանք չեն ուզում, որ ներկա կամ ապագա իշխանությունները խայտառակությամբ իրենց վռնդեն, պետք է ընդունեն, որ պատմական իրավիճակի պատճառով իրենք ունեցել են Ակադեմիայի սխալ համակարգ, աբսուրդ արտոնություններ և կարևորը, որ իրենք պատրաստ են ակադեմիայի բարեփոխմանը և վերոնշյալ ազնիվ համակարգին անցնելուն։ Այնժամ վերաբերմունքը նրանց նկատմամբ անմիջապես կփոխվի։ Ակադեմիկոսներն այլևս չեն ունենա «մեղավորների» վարկանիշ՝ նրանք կդառնան առաջընթացով շահագրգռված քաղաքացիներ: Նրանք հնարավորություն կստանան դիմակայել ներկայիս անգրագետ ու հավակնոտ պաշտոնյաներին և հնարավորություն կստանան ազդել կրթության ու գիտության մեջ ճիշտ համակարգի ձևավորման վրա:

Իմ կարծիքով, ակադեմիայի բարեփոխման առաջարկվող եղանակը, միա՛կ հնարավորն է նրա և, միևնույն ժամանակ գիտության փրկության համար։

Տա Աստված, որ ակադեմիկոսները հասկանան ասվածը։ Ես դեռ հո՛ւյս ունեմ։ Չեն հասկանա, նրանց հետ վարվելու են վերը նկարագրված վրացական սցենարով։

Գրիգոր Բարսեղյան

(Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր)

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`