Վանի Այանիս ամրոցի Հալդիի տաճարը վերականգնում են

21/08/2017 22:50

Վանի Այանիս ամրոցի Հալդիի տաճարը վերականգնում են

Արևմտյան Հայաստանի Վան քաղաքից ոչ այնքան հեռու գտնվող Ռուսա II-ի կողմից կառուցած 2700 տարվա վաղեմության Այանիս (Ռուսախինիլի) ամրոցի Հալդիի տաճարից հայտնաբերված մեծ քարերի վրայի զարդանախշերը վերականգնվել են հատուկ նյութերով: Հայտնում է Hurriyet-ը:

Պոկված կտորների ճիշտ տեղերը գտել են ռեստավրատորները և ճարտարապետները երկամյա աշխատանքից հետո:

Վանի թագավորության շրջանի կարևոր և յուրահատուկ տաճարն իր քարով և հիանալի զարդանախշերով ուսումնասիրել է Էրզրումի Աթաթուրքի Համալսարանի հնագիտական բաժնի պրոֆեսոր Մեհմետ Իսիկլին իր խմբով:
Վերջինս հայտել է, որ նախորդ 28 տարիերի ընթացքում հայտնաբերված կառույցներն ու գտածոները կարևոր տեղեկություններ են հաղորդել մասնագետներին 2700 տարի առաջվա ամրոցի կյանքի մասին:

Պրոֆեսորի խոսքով՝ այս տարի իրենք կենտրոնացել են ամրոցի և նրա շրջակայքի վերականգնման աշխատանքների վրա, և որ Հալդիի տաճարն ու կից կառույցները ամրոցի կարևոր մասն են համարվում:
Եվ որ զարդանախշերի և զարդարված քարերի վերականգնման մանրակրկիտ աշխատանքերը տաճարի տարածքում շարունակվում են:

«Մեր փորձագետները մեծ դժվարությամբ վերականգնեցին պոկված զարդաքանդակները,- ասել է նա,-Այժմ մենք փոքր կտորներն ենք ամրացնում իրենց տեղերը: Նույն աշխատանքը տարվում է մյուս կտորների վրա, բայց նախ և առաջ պետք է ավարտենք նկարներով կորած մասերի վրա աշխատանքը: Շատ բարդ է վերականգնել ամբողջ տաճարն այս կերպ: Մենք մի մասը մեր ջանքերով այս տարի կավարտենք: Հետո որոշակի աջակցությամբ կավարտենք տաճարի ներսի վերականգնումը և կբացենք տաճարի դռներն այցելուների առաջ»:

Նշենք, որ հնագիտական աշխատանքներն Այանիսում ձեռնարկվել են` սկսած 1989 թ: Այանիսը կառուցվել և անսպասելիորեն ավերվել է Ռուսա II արքայի օրոք: Այանիսի ամրոցը գտնվում է Վան քաղաքից 38 կմ հյուսիս՝ Վանա լճի ափին, Սիփան լեռան դիմաց: Ամրոցը տեղադիված է լեռնաբլրի գագաթին և շրջապատված է հզոր պարսպապատերով:

Այս թեմայով

ֆեյսբուք