Արատտայի պետական կառուցվածքն ու քրմությունը

24/11/2017 22:30

Արատտայի պետական կառուցվածքն ու քրմությունը

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Արատտայի պետական կառուցվածքին և քրմությանը նվիրված մի հոդված:

«Որևէ պետության ներքին կառուցվածքի մասին դժվար է պատկերացում կազմել՝ միայն օտար աղբյուրների վրա հիմնվելով, երբ չկան սեփական սկզբնաղբյուրներ: Արատտայի հարցում գործը կրկնակի դժվարանում է այն պատճառով, որ սկզբնաղբյուրները, բացի օտար լինելուց, նաև վիպական բնույթի են և մինչև գրի առնվելը, երկար ժամանակ մնալով բանավոր վիճակում, պետք է ենթարկված լինեին որոշ փոփոխությունների: Այնուամենայնիվ, վիպերգերում պահպանված հատուկենտ տվյալների հիման վրա ստորև կփորձենք մոտավոր պատկերացում տալ Արատտայի ներքին կարգի վերաբերյալ:

Ըստ շումերական պատկերացումների՝ արքայական իշխանությունը իջեցված է երկնքից, իսկ արքաները՝ նշանակված աստվածների կողմից: Վիպերգերից մեկում Արատտայի տիրակալը հայտարարում է, որ ինքը նշանակված է պատերազմի աստվածուհու կողմից: Միաժամանակ կառավարող հարստությունը համարվում էր որևէ աստծուց սերված: Ուրուկի առաջին հարստության արքաները համարվում էին արևազուններ: Վիպերգերը, սակայն, ոչինչ չեն հաղորդում արատտական տիրակալների ծագման մասին:

Վիպերգերի համաձայն՝ Արատտայում և Շումերում ղեկավարումն իրականացնում էին «Էն» («գերագույն քուրմ») տիտղոսը կրող կառավարիչները: Վիպերգերի քննությունից պարզվում է, որ գերագույն քուրմը նախ և առաջ եղել է հոգևոր առաջնորդ, հոգացել տաճարների շինարարությունը, և ինքն էլ բնակվել է սրբավայրում (այսինքն՝ արքունիքը համարվել է սրբավայր): Նրա իշխանությունը տարածվել է նաև աշխարհիկ իշխանության ոլորտներում: Շումերկան «Էն»-երը կրում էին նաև «լուգալ» («մեծ մարդ») տիտղոսը և առաջնորդում զորքին արշավանքների ընթացքում: Արատտայի տիրակալները, սակայն չեն կրում «լուգալ» տիտղոս, իսկ արատտացիների հայտնի միակ արշավանքը ղեկավարել է ոչ թե գերագույն քուրմը, այլ մի քուրմ, որը կրել է «մաշմաշ» տիտղոսը (այդ տիտղոսի նշանակությունը պարզված չէ. չի բացառվում, որ այն կապված լինի ռազմական գործի հետ):

Առավել կարևոր պետական հարցերը (պատերազմ հայտարարել, հաշտություն կնքել և այլն) Արատտայի գերագույն քուրմը որոշում էր ավագների ժողովի հետ խորհրդակցելով: Նման մի ժողով է նա հրավիրում վերոհիշյալ արշավանքից առաջ, որում ինչպես երևում է «Էնմերքարը և Էնսուխքեշդաննան» վիպերգից, նրա ձայնն ուներ վճռորոշ նշանակություն: Գիլգամեշին փառաբանող «Գիլգամեշն ու Ագան» վիպերգում ավագների ժողովից բացի, հիշվում է նաև երկրորդ՝ «քաղաքի տղամարդկանց ժողովը»: Ուշագրավ է, որ նույն վիպերգում Գիլգամեշի արած պատերազմի առաջարկը մերժում է ավագների ժողովը, բայց այն հավանության է արժանանանում «քաղաքի տղամարդկանց ժողովում», որի որոշմամբ էլ Գիլգամեշը պատերազմ է սկսում (վիպերգը վերածնող Ս. Ն. Քրամերը կառավարման այս համակարգը կոչում է «առաջին երկպալատ պառլամենտ»): Դժվար է ասել՝ գոյություն ունեցել է Արատտայում նման երկրորդ ժողով, թե ոչ, բայց գերագույն քրմին կից ավագների ժողովի (ծերակույտ կամ պետական խորհուրդ) գոյությունը փաստ է:

«Էնմերքարը և Արատտայի գերագույն քուրմը» վիպերգը տեղեկություն է պահպանել Արատտայի արքունի շտեմարանի և արատտացի պաշտոնյաների՝ հարկահավաքների ու վերակացուների մասին: Արատտայի գերագույն քուրմը Ուրուկի տիրակալին առաջարկում է թանկարժեք ու շինարարական քարերը, մետաղները փոխանակել հացահատիկի հետ, որը հարկահավաքների միջոցով շումերները պետք է հասցնեին Արատտայի արքունի շտեմարան:

Արատտայի կառավարման գործում առաջնակարգ դեր է խաղացել քրմական դասը. Երկրի տիրակալը եղել է գերագույն քուրմը, քրմերը (հավանաբար՝ քրմապետը) մասնակցել են ավագանիների ժողովին, մեզ հայտի միակ արշավանքը գլխավորել է «մամաշ» քուրմը: Վիպերգերից ոչ մեկում արատտացի աշխարհիկ իշխանավոր չի հիշվում, և անգամ տպավորություն է ստեղծվում, թե երկրի կառավարումն ամբողջությամբ գտնվել է քրմական դասի ձեռքին:

Ի դեպ, շումերացի դեսպանի համար Արատտայի գերագույն քուրմը համարվում է «Էնսի»:

«Էնսին» տիտղոս է, որի կրողը, հանդիսանալով համայնքի հոգևոր առաջնորդը, ներկայացրել է համայնքն աստվածների առաջ, ղեկավարել տաճարային և այլ շինարարությունը, իսկ ավելի ուշ ստանձնել է ավելի լայն իրավունքներ: Մի այլ տեղում Էնմերքարը համարվում է Արատտայի գերագույն քրմի հայրը:

Աղբյուր՝ Արտակ Մովսիսյանի «Հնագույն Պետությունը Հայաստանում. Արատտա» աշխատություն

«Ազատ Ձայն» լրատվականի նութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

 

 

 

Այս թեմայով

ֆեյսբուք