Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Արամ Սարգսյանի՝ «Հոկտեմբերի 27»-ի նոր բացաայտումները

28/10/2019 23:28

Արամ Սարգսյանի՝ «Հոկտեմբերի 27»-ի նոր բացաայտումները

20 տարի հետո էլ «Հոկտեմբերի 27»-ի գործն ամբողջությամբ բացահայտված չէ, բազմաթիվ հարցականներ կան կախված, և մենք տեղյակ չենք՝ ինչը ինչպես եղավ։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հարցերին ի պատասխան՝ Հանրայինի եթերում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Ինձ համար հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը զուտ 8 մարդու սպանություն չէր։ Դա բացարձակ այդպես չէր, ու այդ ընկալումը մեզանում 20 տարի հետո էլի ամբողջական չի դարձել։ Եթե խնդիրը Կարեն Դեմիրճյանին կամ Վազգեն Սարգսյանին սպանելն էր կամ «Միասնություն» դաշինքը գլխատելը միայն, ներքաղաքական խնդիրների առումով, էս խնդիրն իրենք կարող էին շատ հեշտ լուծել, ավելի հարմար տեղում»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ և՛ Կարեն Դեմիրճյանը, և՛ Վազգեն Սարգսյանը թիկնազորից գրեթե չէին օգտվում, և անգամ Սարգսյանը միայնակ Արարատ էր գնում, ու բոլորը գիտեին՝ երբ եկավ, երբ գնաց․ «Հոկտեմբերի 27-ը իսկապես միտված էր մեր ժողովրդի՝ այս տարածաշրջանում ունեցածը առաջընթացից հետ շպրտելու համար»։
Դիտարկմանը՝ այսինքն տեղը պատահական չէ՞ր ընտրված, Սարգսյանն արձագանքեց․ «Միանշանակ, ընտրված էր Հայաստանի քաղաքական դաշտի սրբության սրբոցը, և դա մի խնդիր ուներ լուծելու՝ վախի, կասկածի, փոխադարձ անվստահության մեջ դնել երկիրը»։

Նախկին վարչապետի խոսքով, եթե ինքը խնդրին այդ դիտանկյունից չնայեր, ապա երբեք եղբոր սպանությունից հետո չէր ստանձնի վարչապետի պաշտոնը։ Նա նշեց, որ 27-ի կազմակերպիչների նպատակն էր, որ իրենց արածից հետո երկիրը քաոսի մեջ գցեին, դրան կարող էր հաջորդել «Վազգենի թիմակիցների և ընտանիքի անդամների ինքնադատաստանը»։

«Դեպքից 1 շաբաթ առաջ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն իրենց կանանց հետ մեր տանն էին, 4-5 ժամ լավ քեֆ արեցին, ինձ համար էլ նրանք հավասարազոր եղբորս ընկերներն են եղել, և զրոյական կասկած եմ ունեցել գործող իշխանությունների մասով»,- ասաց նա՝ խոսելով հավանական կազմակերպիչների մասին։

Անդրադառնալով հայտնի ցուցակին, որ կազմվել էր ոճրագործությունից հետո, Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ այդ ցուցակը ազնիվ մղումներով է կազմվել, ի տարբերություն Քոչարյանի պնդումների, որ նրանք պաշտոններ էին բաժանում։

Ինչ վերաբերում է դատավարությանը, Արամ Սարգսյանը նշեց, որ բացարձակապես բավարարված չէ արդյունքներով։

«Ամբողջ քննչական և դատավարական գործընթացները եղել են իմ և իշխանությունների միջև բանավեճային համարյա մարտական իրավիճակներում։ Եթե նայեք գործին, կտեսնեք, որ մինչև 2000 թվականի մայիսի 2-ը, երբ ես վարչապետ էի, ոճրագործները բացարձակ այլ ցուցմունքներ են տվել, այլ մարդկանց անուններ, այլ հիմնավորումներ, իմ ազատումից անմիջապես հետո սկսվեց հակառակ գործընթացը, բոլոր ցուցմունքները փոխվեցին»,- ասաց Սարգսյանը։

Հարցին՝ ինչո՞ւ էին իշխանությունները շահագրգռված, որ գործը օբյեկտիվ չընթանար, պատասխանեց․ «Առաջին բանավեճը Ռոբերտ Քոչարյանի հետ եղել է հենց մեր բակում, որովհետև նա հայտարարեց, որ էս 5-ն են ու վերջ, թիկունքում կազմակերպիչներ չկան։ Երբ Քոչարյանն ասաց «ուչաստկովի» գործ է, դա առաջին վեճն էր ինձ հետ։ Իրեն հակադարձեցին ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը և Հրայր Հովնանյանը,- նշեց Սարգսյանը։

Սարգսյանի պնդմամբ՝ ինքն այն ժամանակվա գործող իշխանությանը՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, մեղադրել է գործը կոծկելու մեջ․ «Բայց ես երբեք չեմ ասել, որ կազմակերպերպիչներն իրենք են։ Ես ավելի շատ հակված եմ արտաքին քաղաքական վարկածին, չնայած որևէ արտաքին քաղաքական վարկած չի կարող իրականություն դառնալ, եթե ներսում չունենա համախոհներ, որոնք հնարավորություն կստեղծեն ոճրագործներին ԱԺ մտնել մի անցագրով, որոնք զենք-զինամթերք կտանեն ԱԺ, և հնարավորություն չես ունենա ստուգելու, թե էդ զենք-զինամթերքն իրենք իրենց հե՞տ են բերել, թե երկու օր առաջ ԱԺ զուգարանում են թողել»։

Անդրադառնալով գործում առկա հարցականներին, որոնք դեռևս իր համար բացահայտված չեն․ «Պատահական չի, որ ոճրագործները Թուրքիա են գնացել, եկել, ոճրագործները ԱԱԾ ուշադրության ներքո էին, եթե չասեմ, որ գործակալ, Ազգային անվտանգության թղթերում իրենց գործակալական ցանցի 3 էջը պատռված է եղել։ Դատական գործընթացում բացարձակ բացահայտված չի զենքերի ներս բերման խնդիրը։ Երկու ցուցմունք կա՝ լրագրող Մարգարիտ Եսայանի և Աննա Իսրայելյանի, որ նրանք ոճրագործներին տեսել են այդ օրն առանց անձրևանոցների, և այդ օրը տաք արևային օր էր, և որևէ մեկը, այդ լայկա կոչվող անձրևանոցով, ԱԺ տարածք չէր մտնի։ Ամենաշարքային ոստիականության աշխատակիցը, կամ ԱԱԾ աշխատակիցը, որ պարտավոր էր այնտեղ լինել, պետք է ասեր՝ ի՞նչ եք տանում, որ այդ հագել եք։ Անգամ միջնորդություն է եղել ԱԺ շենքի զուգարանը ստուգելու, էտ ավտոմատի յուղի հետքը մնում է տարիներով, և պարզվել է, որ ոճրագործությունից անմիջապես հետո զուգարանը վերանորոգվել է։ Միջնորդություն արվեց, որ մեքենաների բեռնախցիկները ստուգվեն, որովհետև կար տարբերակ, որ ԱԺ պատգամավորներից ինչ-որ մեկի մեքենայով է զենքը բերվել, այդ միջնորդությունը մերժվեց, թույլ չտվեցին, որ ստուգեն։ Կար տեսաձայնագրությունների խնդիր։ Մեր կողմից արված ծախսերով մեր պաշտպան Օլեգ Յունոշևը Մոսկվայում ստուգել տվեց, և պատասխան էին տվել, որ ձայնագրությունները մոնտաժված էին։ Ակնհայտ փաստ կա․ ռադիոձայնագրությունները և հեռուստաձայնագրությունները, որ կան, 4 րոպե բացակայում են հեռուստաձայնագրություններից։ Այդ 4 րոպեն կորավ։ Մենք միջնորդություն արեցինք, որ պետությունը ստուգի, որովհետև Օլեգ Յունոշևի ստուգումը հիմք չհամարեցին, իրենք էլ ստուգման չուղարկեցին»։

Վկաների մասով՝ Սարգսյանը պնդում է, որ կարևոր վկաները չեն հարցաքննվել դատաքննության ընթացքում․ «Նույն Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, ասեմ ամենավերևից, չասեմ Գուրգեն Եղիազարյանը, որին ևս շատ կարևոր հարցեր կար տալու։ Դատավարության ժամանակ ամբաստանյալին վերջին խոսքի իրավունք կա, բայց նրան հնարավորությունից համարյա թե զրկեցին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ամենամեծ կասկածը Ռոբերտ Քոչարյանի և ոճրագործի հանդիպումն էր ԱԺ-ում, նրա համոզմամբ, այդ վայրը պետք է ապահովված լիներ անվտանգության բոլոր միջոցներով, ու «էդ մարդու տետ ա տետ հանդիպումը չի ձայնագրվում, տեռորիստի հետ խոսակցությունը չի ձայնագրվում»։

Սարգսյանը պնդում է՝ այդ պարագայում ԱԱԾ այդ աշխատակիցները և բոլոր պատասխանատուները պետք է ազատվեին պաշտոնից, սակայն համոզմունք հայտնեց, որ իմանալով ովքեր են պատրաստել հանդիպման վայրը, չէր կարող նման բացթողում լինել։

Խոսելով գործի վերաբացման մասին՝ նա նշեց․ «Միանշանակ է, որ հանրային պահանջարկ կա, միանշանակ է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը պիտի վերաբացվի ու քանի հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտում չի եղել, մեր պետությունը նույն վտանգի առաջ կանգնած է։ Բայց ես գտնում եմ, որ ոչ այսօր, ու դրա բազմաթիվ պատճառներ կան։ Ներքաղաքական այն իրավիճակը, որ կա մեր երկրում դատավարությունների առումով ու դատական համակարգի հանդեպ ունեցած վստահության առումով, ես չեմ ուզենա, որ հոկտեմբերի 27-ը դառնա ներքաղաքական գործիք, քանի որ այն դառնալու է գործիք ոչ թե ճշմարտությունը պարզելու, այլ իրար ոչնչացնելու համար»,- եզրափակեց Սարգսյանը։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`