Ազգապահպանման գերխնդրի առաջ ենք կանգնած

31/03/2014 22:59

Ազգապահպանման գերխնդրի առաջ ենք կանգնած

Քեսաբի հայության դժբախությունը բոլորիս համար ծանր հիշողությունների շղթա ծնեց: Սարսուռն անպակաս է, երբ լսում ես ահաբեկիչները հարձակվել են խաղաղ բնակիչների վրա, ովքեր հազիվ կարողացել են ճողոպրել Քեսաբից դեպի Լաթաքիա շնորհիվ մեր հայ արիների: Կրկին տեղահանություն, կրկին թուրքի ձեռքով, և հարյուր տարվա թարմ հիշողության ֆոնի ներքո:

Քեսաբում հայերը բնակվել են դեռևս Տիգրան Մեծի օրոք, նույնիսկ դրանից էլ ավելի վաղ: Քեսաբը եղել է առևտրաշրջանառության կապող կենտրոն: Այս ավանի հետ կապը շատ խոր արմատներ ունի, ինչը ժխտելն անհնար է: Եվ քեսաբցուն ձեռք մեկնելը յուրաքանչյուր հայի համար պետք է կարևոր լինի, ոչ թե որ նրանք քեսաբցի են, այլ մեզ համար պետք է օրհասական դառնա հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչին օգնելը, մեզ համար տարբերություն չպետք է լինի հայը ծանր վիճակում է Սիրիայում, ԱՄՆ-ում, թե Հարավային Աֆրիկայում: Հայը հայ է աշխարհի տարբեր ծիգերում: Մեզանում պետք է զարգանա ազգապահպանման գերխնդիրը:

Քեսաբի դեպքերը առանձնահատուկ են, քանզի այն ուղղված է կոնկրետ հայ ազգի դեմ: Թուրքն ու իր կողքին կանգնող այլազգի ահաբեկիչները այս ավան են ներխուժել քաջ գիտակցելով այնտեղի բնակչության տարողունակության մասին՝ իմանալով, որ ավանում ութսուն տոկոսը հայեր են բնակվում: Այսինքն՝ սա հայերի բնաջնջման ու տեղահանման հերթական նախաձեռնությունն էր. տեղահանությունը իրականացավ: Այսօր կրկին ականատես ենք լինում, որ թուրքն ամեն վայրկյան պատրաստ է հային բնաջնջել, տեղահանել: Թուրքը չի տարբերվում համիդյան ժամանակների, երիտթուրքերի ու աթաթուրքի ժամանակվա թուրքից, Էրդողանը նույն սերնդի ներկայացուցիչն  է ու նույն հոգով է ապրում: Մեկ անգամ էլ հասկացանք, որ թուրքը միշտ նույնն է և փոփոխման ենթակա չէ, կապ չունի ոչ ժամանակ, ոչ տարածություն:

Հարյուր տարվա համեմատության մեջ շատ երևույթներ ասես կրկնվում են նույնությամբ: 1915թ-ի պես համաշխարհային մամուլն արձագանքում է Քեսաբի դեպքերը, բայց նույն  1915թ-ի նման ոչ մի քայլ չի ձեռնարկում կանխելու այս սոսկալի իրադրությունը: Սա մեզ համար պետք է դաս լինի, որ մեր հարցերը ինքներս պետք է լուծենք, մեր հայրենակիցներին մեր աջակցությամբ պետք է հանենք այդ ծանր կացությունից: Ցեղասպանվել ևս մեկ անգամ անհնար է թույլ տալ, մեկ դար առաջ տեղի ունեցածի կրկնությունն այլևս անկարելի է: Եվ պետք էլ չէ շատ զուգահեռել, քանզի ի երջանկություն մեզ զոհեր չկան, դեռևս կորուստը միայն նյութական է, ինչը հնարավոր է վերականգնել:

Իսկ ի՞նչ է անում աշխարհն այսօր:

ԱՄՆ-ի կոնգրեսին ու պետդեպարտամենտին ենք դիմում, որ մեզ աջակցի, ՄԱԿ-ին ենք խնդրում, որ ուշադրություն դարձնի, ՆԱՏՕ-ից պահանջում, որ Թուրքիային պատժի: Եվ ի՞նչ:

ԱՄՆ-ն իր հայտնաբերման օրվանից երկրներ քանդելով է զբաղված: Լիբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Իրաքը, որոնց հաջորդեց Սիրիան, ԱՄՆ-ի հրահրած պատերազմների մեջ են: Արաբական երկրներն այսօր կործանման եզրին են ԱՄՆ-ի ընչաքաղցության պատճառով: Իսկ մենք խնդրում ենք, որ նրանք դատապարտեն Քեսաբի իրավիճակը, մինչդեռ արդեն երկու տարի շարունակվող Սիրիայի իբրև թե քաղաքացիական պատերազմը ֆինանսավորվում և իրագործվում է նույն ԱՄՆ-ի միջոցներով: Ասադի կառավարության դեմ պայքարող հակակառավարական իսլամիստներն ու ահաբեկիչները ԱՄՆ-ի կողմից ուղարկված ուժերն են: ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի կողմից ստեղծված կառույց է, գոյատևում է ԱՄՆ-ի միջոցներով և աշխատում է հօգուտ այդ երկրի: ՆԱՏՕ-ն աջակցում է ԱՄՆ-ին՝ վերջինիս հրահրած քաղաքական ճգնաժամերում ռազմական միջամտություն ցուցաբերելով: Հետո դիմում  ենք ՄԱԿ-ին, ով նույնպես ԱՄՆ-ի ձեռքի տակ գործող կառույց է, և վերջին շրջանում առանձնապես չի փայլում իր մարդասիրությամբ: Այսինքն՝ անիմաստ է այս կառույցներին հասկացնել, կամ նրանց մոտ խղճահարություն առաջացնել փորձել, քանզի նրանք են ամեն ինչի հետևում կանգնած:

Հետո սպասում ենք, որ Ռուսաստանը ինչ որ բան ասի: Ռուսաստանն արձագանքեց, քննադատեց իրավիճակը Քեսաբում, բայց միայն խոսեց իր շահերից ելնող տեսանկյունից: Գիտենք, որ Ռուսաստանը Սիրիայի հարցում Ասադի կողմնակիցն է, և ռուսական կողմի ներկայությունը շատ բաներով հետ է պահում ԱՄՆ-ին ավելի վայրագորեն ներխուժելու Ասադի տարածքներ: Մյուս կողմից Ռուսաստանը քննադատում է Քեսաբի իրադրությունը և այսօր շնորհավորում Էրդողանին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ տանելու ուղղությամբ: Այն Էրդողանին, ով քեսաբցիների տեղահանման գործում առաջին ձեռք է եղել:

Կրկին տեսնում ենք, որ աշխարհն ամեն ինչ տեսնում է, տեղյակ է՝ ինչ է կատարվում և ինչ է լինելու, բայց իրավիճակը վերահսկում է այնքան, որքան, որ իր շահերն են համընկնում տվյալ իրադրությանը: Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Անգլիայի և մյուս երկրների համար հայն ու հայի իրավունքները ոչինչ են, ոչ մի կարևորություն չունեն, իսկ մարդկային իրավունքների ոտնահարումը զութ տերմին է, որն օգտագործում են գերտերությունները սեփական ամբիցիաների շահարկման համար, երբ այդ ամբիցիաներից դուրս է տեղի ունենում ոտնահարումներ, դրանք անտեսվում են:

Մենք ենք մեր իրավունքների միակ պաշտպանը: Մնում է միայն միավորվենք, իրար վրա կեղտ չշպրտենք, չտարանջատենք Քեսաբի, Թեհրանի ու Բեյրութի հայերին հայաստանաբնակներից, բոլորս հայ ենք, և Հայաստանն էլ (Հայաստան ասելով Արցախը միշտ նրա հետ միասին) մեր պատմական հայրենիքից մնացած մի քանի քառակուսի մետր տարածք է, որը պետք է փայփայենք ու յուրաքանչյուրս մեզ հայաստանցի զգանք, քանզի սա է հայ լինելու մեր առաջին գրավականը և փրկություն փնտրենք մեր երկրի ներսում և ոչ թե օտար ափերում: Միայն այսկերպ կարող ենք հաղթահարել համաշխարհային մարտահրավերները:

Այս թեմայով

ֆեյսբուք