«ՀԻՄԱ՛». Հերիք է լցնեք ռուսական աքսորավայրերը

18/03/2013 00:52

«ՀԻՄԱ՛». Հերիք է լցնեք ռուսական աքսորավայրերը

«ՀԻՄԱ՛» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Հայաստանում ռուսաստանյան միգրացիոն կենտրոնների գործունեության վերաբերյալ՝ կոչ անելով անհապաղ փակել Հայաստանում անօրինական գործող «Հայրենակիցներ» ծրագրի իրագործման բոլոր գրասենյակները։ Հայտարարությունը ներկայացվում է ստորև. «Այս տարվա մարտ ամսին «ՀԻՄԱ՛» երիտասարդական նախաձեռնությունը բարձրաձայնեց Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան միգրացիոն կենտրոնների անօրինական գործունեության մասին: Միայն այն բանից հետո, երբ մեր նախաձեռնության անդամները մի քանի ամիս շարունակ հետևողականորեն իրականացրին խնդիրը վեր հանելու աշխատանքը, սայլը տեղից շարժվեց: Եղան բազմաթիվ հրապարակումներ, հեռուստաելույթներ, հանդիպումներ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունում, նամակներ հղվեցին ՀՀ արտաքին գործերի և արդարադատության նախարարություններ` Ռուսաստանի միգրացիոն պետական ծառայության գործունեության իրավական հիմքը պարզելու համար: Ստացված պատասխաններից ակնհայտ է դարձել, որ այդ ծառայության ներկայացուցչությունները բացարձակապես անօրինական են գործում ՀՀ տարածքում, ինչը փաստել են նախարարությունները, իսկ նրանց կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագիրը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի հայաթափմանը նպատակաուղղված քաղաքականություն: Այս ծրագրով, փաստորեն, Հայաստանը դատարկելու հաշվին մեր հայրենակիցներին ուղարկում են Ռուսաստանի` ժողովրդագրական տեսակետից անբարենպաստ շրջաններ` իրավիճակը փրկելու համար: Խնդիրը բարձրաձայնելու արդյունքում ՀՀ իշխանությունները ստիպված էին արձագանքել. անդրադարձ եղավ ամենաբարձր մակարդակով, իսկ գործադիրի ղեկավարի շուրթերով փաստվեց, որ «Հայաստանի Հանրապետությունում այդ ծրագիրը այդ ստանդարտներով չի կարելի իրականացնել»: Սակայն տարօրինակ է, որ, ծրագիրն անհապաղ դադարեցնելու և մեղավորներին պարզելու փոխարեն, Տիգրան Սարգսյանը պատրաստվում է «Հայրենակիցներ» ծրագիրը «միջպետական մակարդակով քննարկումների առարկա» դարձնել: Հաշվի առնելով վերոնշյալը` պահանջում ենք. • Անհապաղ դադարեցնել այս ծրագրի որևէ քննարկում ՌԴ իշխանությունների հետ, • Անհապաղ փակել «Հայրենակիցներ» ծրագրի իրագործման բոլոր գրասենյակները, որոնք անօրինական են գործում ՀՀ տարածքում, ինչպես արել են ԱՊՀ որոշ երկրներ` այդ գրասենյակների գործունեությունը համարելով սպառնալիք ազգային անվտանգությանը, • Պատասխանատվության ենթարկել այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք դրսևորել են հանցավոր անտարբերություն, ինչի արդյունքում իրականացվել է հայաթափման քաղաքականությունը, նույնիսկ եթե դա վերաբերում է ՀՀ ամենաբարձր ղեկավարությանը»:

Այս թեմայով

ֆեյսբուք