Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

2019-ին կորցրածը 2020-ին գտնելու հույսով

31/12/2019 22:01

2019-ին կորցրածը 2020-ին գտնելու հույսով

2019-ը ևս անցավ: 

Տարին սկսվեց նոր ձևավորված խորհրդարանով և նոր կառավարությունով: Թվում է՝ ամեն ինչ նոր էր, բայց շատ երևույթներ նույն էին, ինչ նախկինում՝ որոշակի ձևափոխություններով: Տարին աչքի ընկավ բազմաթիվ դատական գործընթացներով, բռնոցիներով և բաց թողնելու արդեն սովորական դարձած ծեսով: Վերջին 30 տարվա ընթացքում չէր եղել տարի, որի ընթացքում այդքան շատ լրատվամիջոցներն անդրադառնային դատական համակարգում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես ՍԴ նախագահին գահընկեց անելու քայլերին, ՍԴ դատավոր-անդամ տերմիններին, ՍԴ ճգաժամին ու ժողովրդի անհասկանալի պահանջներին: Ողջ տարին շեշտվում էր, որ ժողովուրդն ուզում է ՍԴ, որն իր պահանջները կկատարի: Իհարկե, զավեշտալի ցանկություն էր, քանի որ այսքան տարիների ընթացքում չի եղել դեպք, երբ ՍԴ-ն այդքան կարևոր դերակատարություն ունենար ժողովրդի համար ինչ-որ կարևոր իրադարձության ընթացքում, քանի որ այդ մարմնի լիազորությունները թույլ չեն տալիս իրագործել ժողովրդի իղձերը: 

Ամբողջ տարվա ընթացքում բուռն քննարկվեց Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի գործը. մի մասը սպասում էր նրա ազատ արձակմանը, մյուս մասը՝ նրան հավերժ ճաղերի ետևում տեսնելուն, բայց այդպես էլ չձևավորվեց մի կողմ, որը կպահանջեր արդարադատություն, որ լինի գործի իրական քննություն և պատիժ կրեն բոլոր մեղավորները, ոչ թե միայն տվյալ ժամանակի հակահերոսները: Չձևավորվեց մի կողմ, որ պահանջեր Քոչարյանին դատել ոչ միայն Մարտի 1-ի, այլև նրան մեղսագրվող բազմաթիվ սպանությունների գործերով: 

Այդպես էլ արդարադատության աթոռին չնստեց Սերժ Սարգսյանը՝ ում մերժելով այս նոր քաղաքական էլիտան գրավեց իշխանական բարձրագույն օթյակները, այդպես էլ չպատժվեց Սերժ Սարգսյանի հայտնի բոլորի հետ կիսվող եղբայր Սաշիկ Սարգսյանը, նա հիմա անգամ Հայաստանում էլ չէ: Այդպես էլ պատիժ չկրեցին տարիներով հարկեր չմուծող և բոլոր արտոնություններից օգտվող օլիգարխները՝ Գագիկ, Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը և մյուսները, փոխարենը՝ նրանք ու նրանց նմանները վերածվեցին գործարարների և շարունակեցին օգտվել արտոնություններից՝ շարունակելով մուծել էլիտայի գրպանին, այս անգամ ուղղակի անուններն այլ են: 

Իհարկե, տարվա վերջին շարունակ փողփողվում էր տնտեսական աճի, աշխատավարձերի բարձրացումների, ազատ բիզնես դաշտի, անհամար զբոսաշրջիկների և այլ հրաշալի փոփոխությունների մասին՝ մոռանալով շեշտել, որ 10 տոկոսով ուսուցչի ու ԱԻՆ աշխատակցի աշխատավարձի բարձրացման ֆոնին, կառավարության աշխատակիցներն ու նախարարներն անսահման պարգևավճարներ են ստացել, բայց իհարկե ոչ աշխատավարձի 10 տոկոսի չափով, այդպես հստակ չներկայացվեց, թե ինչքան պարգևավճար ստացան զինվորականները, քանի որ վերջիններս պնդում են, որ մի քանի հազար դրամ են ստացել: Այդքան սպասված ներդրումների մասին, այդպես էլ չլսեցինք, բայց լսեցինք շատ խոստումեր, որ ի վերջո կգան ներդրումները:

Կառավարությունը Ստամբուլյան կոնվենիցիան չկարողացավ միանգամից փաթաթել ժողովրդի վզին, բայց փոխարենն ընդունեց հարակից որոշումներ երեխաների պաշտպանության, ընտանեկան բռնության և ատելության խոսքի վերաբերյալ, որոնց հանրագումարը դառնում է նույն կոնվենցիան, բայց քանի որ կոնվենցիայի վրա էր ուշադրությունը շեղված, մյուս երեքն արագորեն անցան առանց որևէ հանրային քննարկման: 

Իհարկե, աղմկոտ էր ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրինագիծը, միլիոնավոր դրամների կորուտ՝ ուղղակի սրտի ուզած ՍԴ ձևավորելու համար:

Ամուլսարի շուրջ կառավարության ոտաբոբիկ կարծիքը ևս ճակատագրական է լինելու հաջորդ տարի, քանի որ Փաշինյանի կառավարությունը մտադիր է այն թույլ տալ շահագործել: Այդպես էլ չընդվեց ԷԼԱՐԴԻ գրեթե կես միլիոն դոլար արժեցող փորձաքննության արդյունքները, կրկին փողերի վատնում, բայց սայլը տեղից չշարժվեց: 

Քանի որ ԱԺ-ում իշխանական ուժը մեծամասնություն է, գրեթե բոլոր կառավարության ներկայացված օրինագծերը հալած յուղի պես ընդունվեցին, մերժվեցին հիմնականում ընդդիմադիրների առաջարկած նախագծերը: 

Եղան նաև աբսուրդային օրինագծերի առաջարկներ՝ օրինակ արագացված զինծառայություն, վճարիր և ազատվիր բանակից, ի ուրախություն մեզ այն ՊՆ-ն անգամ չքննարկեց: 

Արտաքին քաղաքական առումով, ոչինչ չփոխվեց, ուղղությունը մեկն է՝ Ռուսաստան: Արցախյան հիմնախնդրի շուրջ միայն տարվա վերջում ինչ-որ հստակեցումներ մտցվեցին, իսկ ողջ տարին Փաշինյանը խոսում էր ինչ որ երեք կողմերին ձեռնտու լուծումների մասին՝ չբացատրելով, թե որն է ըստ իրեն Ադրբեջանին ձեռնտու լուծումը: Անհաջող բանակցությունների ֆոնին ի հայտ եկավ նաև Ղարաբաղի ադրբեջանական ինչ-որ համայնք, որոնք նույնպես ցանկություն ունեն մասնակցել բանակցային գործընթացին:

Մի խոսքով՝ տարին ավելի շատ անցավ կեղծ օրակարգերի ու մանր հարցերը մեծացնելու միտումներով՝ այդպես էլ թույլ չտալով գաղափարական քաղաքական դաշտի ձևավորմանը: Պարզ չի դեռևս ուր է գնում այս իշխանությունը, ինչ քաղաքական գիծ է բռնել ու որն է արտաքին քաղաքական առաջնահերթությունը: 

Հուսանք՝ 2020-ին կլինեն որոշակի հստակեցումներ, կլինի արցախյան հիմնախնդրի լուծմանն ուղղված իրական քայլեր, կլինի իրական տնտեսական աճ, հանրության համար պիտանի օրենքներ կընդունվեն և պարգևավճար կստանա ոչ միայն էլիտան, այլև հասարակ քաղաքացին, ով ապրում է միայն աշխատավարձով կամ կենսաթոշակով:

Շնորհավոր Նոր տարի

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`