Քաջարանի կոմբինատի պոչատարի վտանգավոր թափոնաջրերը լցվել են Ողջի գետը

Քաջարանի կոմբինատի պոչատարի վտանգավոր թափոնաջրերը լցվել են Ողջի գետը

Վիշապի, խոյի, ձիու պաշտամունքը հնագույն Հայաստանում

20/12/2018 19:35

Վիշապի, խոյի, ձիու պաշտամունքը հնագույն Հայաստանում

«Ազատ Ձայն»-ն իր ընթեցողին է ներկայացնում Հայկական լեռնաշխարհում կենդանիների պաշտամունքի հնագույն հետքերին նվիրված մի փոքր ուսումնասիրություն, որտեղ ներկայացվում են մեր նախնիների հավատելիքներին վերաբերող մանրամասներ:

«Հին Հայաստանում տարածված երևույթներից է եղել կենդանիների պաշտամունքը: Պաշտվում էին թե՛ ընտանի, թե՛ վայրենի և թե՛ առասպելական կենդանիները: Կենդանիներից ցուլը հիշատակվում է իբրև սրբազան անասուն, որի սպիտակը Հայաստանի և մեհյանների առաջնակարգ զոհն էր համարվոմ: Ընտանի ցուլը հավատքի համաձայն կապվում էր ծովային առասպելական ցուլի հետ: Ենթադրվում էր, թե իբր ծովացուլը ընտանի կովից է ծնվել, իսկ պայը, որն արածում էր երեների հետ, մարդուց է սերվել: Ն. Շնորհալին վկայում է, որ իր օրոք նույնիսկ քահանաները մասնակցում էին ծեսերին «Ըստ հնոյն օրինի»: Ինչպես հայտնի է 19-րդ դարի տվյալներից այդ նույն ձևով զարդարվող կենդանին եղել է լծկան եզը:

Սմբկավորներից սպիտակ ձին ու ջորին ցուլի հետ ընծայվում էին դիցարաններին: Կենդանիների հնագույն պաշտամունքի մեջ իրական կենդանին և առասպելական կեդանին անանջատելի էին ներկայացվում, օրինակ ձիացուլը, իշացուլը և նույնիսկ մարդաձին: Եզնիկը մարդկանց երևակայած առասպելական ջորիներն ու ուղտերը դևերի կերպարանափոխություններ էր համարում: Այդ դևերը երբեմն կեղծ հեծյալներ ձևանալով երեներ էին հետապնդում:

Պաշտամունքի կենդանի էր այծը: Սպիտակ նոխազը ևս դասվում էր դիցարանների զոհերի շարքը: Ղ. Փարպեցին  սպիտակ ուլի և հուր-արևի միջև ինչ-որ կապեր է ցույց տալիս: Հովհ. Մամիկոնյանի երկի մեջ գտնում ենք այծապաշտությունից ծագող Այծսան ձոր և Այծիցբերդ անունները: Թերևս այծապաշտության, այծին նվիրված հատուկ տոնական հանդեսների առկայությամբ բացատրվեր այն, որ պարսիկ ախոռապետը հայոց Արշակ Երկրորդ թագավորին վիրավորելու նպատակով «այծ-հայերի» թագավոր մականունով է կոչել:

Ձկան պաշտամունքը սակավ է հիշատակված: Մի վկայության համաձայն՝ ծովային ձուկը վիշապ է կոչվել: Տարակույս չկա, որ բանավոր խոսքի մեջ հիշատակվող ձուկ-վիշապ հասկացությունը այն հիմքն է լինելու, որով կերտվելու էին գիտությանն այժմ հայտնի ձկնակերպ քարե կոթողները, որ նույնպես «վիշապ» անունն են կրում և նվիրված են պտղաբերությանն ու բնության մեռնող և հարություն առնող աստվածությանը:

Սկսած տոտեմիզմի նախնական շրջանից, ձկան նման օձն էլ է համարվել պտղաբերության հովանավոր: Տան օձը համարվել է նաև կայքի հովանավոր, ուստի սյուների, դռների և գույքի վրա նրա պատկերները քանդակելը եղել է սովորական երևույթ: 19-րդ դարի վերջերին Արցախում պահպանվել էին երկյուղ ներշնչող օձերին ուխտի գնալու և զոհեր մատուցելու սովորություններ, իսկ Նոր Բայազետում օձի կիրակի էին պահում: Աղբյուրներում արձանագրված են ավելի ուշ շրջանի պատկերացումներ, որոնց համաձայն օձն էլ հզոր վիշապ է դիտվել: Հզոր պտուտահողմը համարվել  է օձի մարմնավորումը, որով ավելի շեշտվել է նրա վտանգավորությունը: Եզնիկը, չիմանալով այդ հավատքի նախորդ փուլերը, կարծել է թե օձի պաշտամունքը հնագույն հայերի մեջ ձևավորվել է այն ժամանակներում, երբ հայտնի է եղել, թե իբր այս սողունը կարող է կերպարանափոխվել՝ վիշապ դառնալ, որ նա ընդունակ է նհանգ դառնալ՝ ծովային հրեշ-վիշապի փոխակերպվել: Իսկ նհանգն էլ իր հերթին ծովերում կարող էր կնոջ կերպարով երևալ, փոկի վերածվել և մարդկանց խեղդել: Եզնիկը նրա տեղը դևեր է դնում:

Վիշապ-օձին հաղթահարելու միջոցը ջրհորներում՝ ճրագն է համարվել, իսկ տանը՝ հուռութները և օձին կերակուր մատուցելը: Ինչպես 19-րդ դարում, միջնադարում էլ օձի պաշտամունքը կապ է ունեցել պտղաբերության հետ: Հովհ. Մանդակունին պարզորոշ նշել է «Իժից ծնունդք զորովայնմօրն ծակեն ելանեն»: Այստեղից էլ, ըստ երևույթին, ծագել են օձաձև զարդերը և հուռութները, որ կրում էին մասնավորապես հղի կանայք: Օձի պաշտամունքով և բուժիչ հատկություններով են բացատրում այն բնակավայրերի կամ վայրերի անունները, որոնք կրում են նրա անունը: Այսպես, Օձտեղը՝ Բաբերդում, Օձաբերդը՝ Գեղարքունիքում, Օձ գետ՝ նույն տեղում, Օձունը՝ Ձորափորում, Օձ քաղաքը կամ Վիշապաքաղաքը՝ Տարոնում, որտեղ կար նաև Վահագնի մեհյանը:

Ալիշանն իր աշխատության մեջ անդրադառնալով օձի և վիշապի պաշտամունքին` գրում է. «Վիշապ սովորաբար նշանակում է «մեծամեծ» օձ և հատկապես «ջրային մեծ օձ»: Եվ գուցե անվան «ապ» վերջնամասնիկը ջրի նշանակ է, և վիշապը նման է համարվում հույների առասպելական Հիդրային, որ ապրում էր Լեռնայն կոչված լճի մոտ ու մեջ, ուներ 7, 9, 50, 100 գլուխ, որոնցից մեկը կտրելու դեպքում իսկույն մեկ ուրիշն էր բուսնում:

Հին հայկազունների ազգային դրոշը կամ նշանը վիշապի պատկերով էր, և մարերի թագավորի տեսիլքում մեր Տիգրանը հայտնվել էր վիշապին հեծած օդում արշավելիս:

Անշուշտ, սա նրա վիպասանների հանճարեղ գյուտն էր՝ որպես վիշապի այլաբանելով մարերին և նրանց բռնակալ թագավորին՝ Աժդահակին, որի անունը նշանակում է «սաստիկ խայթող (դահիճ) իժ»: Եվ ըստ ավանդության՝ Տիգրանը հաղթեց նրանց, Աժդահակին սպանեց, իսկ ըտանիքին մեծ բազմությամբ բերեց, բնակեցրեց Հին Նախիջևանի և Գողթնյաց կողմերում Երասխի եզերքում, և նրանց բնակավայրերն էլ կոչեցին մարերի ավաններ: Նույնիսկ «մար» հին հայերենում կոչվում է «օձ»: Երգում էին նաև Տիգրանի թոռ Վահագնի՝ վիշապազունների հետ կռվելու մասին: Սակայն չգիտենք, թե վիշապաքաղ կոչումը սա է նշանակում, թե վիշապից ու քաղից ձևավորված մի հրեշ, ինչպիսին եղջերաքաղն է:

Ըստ մեր առաջին պատմիչների՝ Վաղարշակի ժամանակ Հնդկաստանից եկած գաղթականները Տարոնի հիշյալ Վիշապ քաղաքն այդպես են կոչել իրենց հայրենի Վիշապ դիցի անունով, որին հայերը կոչեցին օձ: Ներկայումս թերևս այդ քաղաքի տեղը հայտնի է, բայց ամբողջովին ավերված է և ջրասույզ:

Տիգրանի՝ երկնքում սավառնող Վիշապը հիշեցնում է փոթորիկից ձևացած ձկան միջոցով վիշապ հանելը, որի հավատքը 16 դար հետո՝ քրիստոնության հառաջացած ժամանակ իսկ, կար մեր հասարակ ժողովրդի մեջ:

Սովորություն էր նաև զենքերը վիշապների արյան մեջ թաթախելը, որպեսզի վերքերը անբուժելի դառնան: Ասում են, թե այդպիսին էր նաև մեր Արշակ Ա-ի նիզակը, որը նա զարկեց-մտցրեց քարարձանի մեջ և պաշտելի դարձրեց պոնտացիների համար: «Դաշանց թուղթ»-ը հնարող հեղինակն էլ Կոստանդիանոսի ձեռքով Տրդատին ընծայում է վիշապամուխ նիզակներ:

Խոյի պաշտամունքը հնագույն ժամանակներից է մեզ հասել, դեռևս ժայռապտկերներից: Հետագայում ի հայտ եկան նաև խոյակերպ գերզմանաքարեր՝ հայտնապես հետևելով հնագույններին, որոնց տապանագրերը ընթերցված չեն կամ մեզ ծանոթ չեն: Այս ամենապատվական կենդանին, որին խնամելը մարդու առաջին արհեստն էր և արևելքի ու արևմուտքի շատ ազգերի մեջ դեռ առաջինն է, մեր երկրում էլ ընտիր ու բազմաքանակ տեսակներ ունի: Հայերը խոյին նվիրաբերել են Անահիտ դիցուհուն: «Այժյան Բայազետ բերդում, որ գտնվում է հին ժամանակներում հայոց ամենաշատ պաշտամունքի տեղերի կենտրոնում, առ այսօր մնացել է այդպիսի պատկերով մի քարե քանդակ: Տեսնողը կարող է դատել, որ որքան էլ այլաձև ու առասպելական է այդ բագինի վրա կանգնած կենդանին (թերևս բաղադրված առյուծից ու գայլից), դեռ հայտնի է դարձնում եղջերուի էությունը: Եվ եթե քանդակը ավելի անմաշ մնացած լիներ, այդ էությունը է՛լ ավելի հայտնի կդարձներ: Այդ պատկերաքանդակն էր պատվի արժանացած ու պաշտված, թե իր կերպարանած դիցը՝ միապես հեթանոսկան կրոնի մի ապացույց է»:

Հին պատմիչ Զենոբը գրում է, թե Վաղարշակը Հնդկաստանից գաղթած Դեմետրին ու Գիսանեին բնակության տեղեր տվեց Տարոնում ու Ապահունիքում՝ «հանդերձ դիւաբնակ աշտեօքն և երկարածնոտ Աւարոսիւ… և նոքա կանգնեցին կուռս ըստ պատկերին այնմիկ, զոր ի Հնդիկս Վիշապ կոչէին», որից էլ քաղաքը կոչվեց Վիշապ: Չգիտեմ՝ ինչ է այդ երկարածնոտ Ավարոսը՝ վիշա՞պ, թե՞ այս քանդակի վրա երևացող երկայնացռուկ մի անասուն»:

Աղբյուրներ՝

Վ. Բդոյան, «Հայ ազգագրություն»

Ղ. Ալիշան, «Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք Հայոց»

Եզնիկ Կողբացի, «Եղծ աղանդոց»

 «Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`