«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Մեհենական մատենագրության լեզուն հայերենն էր

03/07/2016 00:32

Մեհենական մատենագրության լեզուն հայերենն էր

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում պատմաբան Աշոտ Աբրահամյանի նախամաշտոցյան հայ գրչությանը նվիրված աշխատությունից մի հատված, որում հեղինակն ապացուցում է նախամաշտոցյան գրի առկայությունը՝ բերելով ժամանակի պատմագիրների վկայությունները: Ստորև ներկայացնում ենք հատվածը.

«Հեթանոսական Հայաստանի գրի ու մատենագրության հարցը մեծապես կապված է մեհենական գրավոր մշակույթի հետ: Այլ ժողովուրդների պատմությունից գիտենք, որ մեհյանները կրոնական կենտրոններ լինելուց բացի եղել են նաև մշակույթի օջախներ, հիմք չունենք մտածելու, որ այդպիսին չեն եղել նաև Հայաստանի մեհյանները: Անկարելի է, որ քրմական դասն իր ծիսակատարությունների ու մեհենական արարողությունների համար չունենար հատուկ մատյաններ, տոների ժամանակները տեղորոշելու համար տոմարական օրացույց-ուղեցույցներ, դատավարությունը վարելու համար օրենսգրքեր. պետք է նկատի ունենալ, որ քրմական դասի ձեռքում էր դատական իրավունքը:

Մեհենական մատենագության մասին ուշագրավ մի տեղեկություն է հաղորդում Մովսես Խորենացին իր «Պատմութիւն Հայոց» աշխատության մեջ: Խոսելով Արտաշես թագավորի գործունեության մասին՝ իրեն հատուկ բարեխղճությամբ  նա մատնացույց է անում իր օգտագործած սկզբնաղբյուրները, որոնց մեջ նաև Օղյուպ կամ Օղյումպ քուրմի աշխատությունը: Այդ մասին նա գրել է. «Այս բանը մեզ հաստատապես պատմում  է Անիի Ուղյումպ քուրմը, որ գրել է մեհենական պատմություններ և ուրիշ շատ գործեր, որ նրանք պատմելու ենք, որին վկայում են նաև պարսից մատյանները և հայոց վիպասանների երգերը»:

Օղյումպ քուրմի անձնավորության և նրա գրած մեհենական պատմությունների հարցի ուսումնասիությամբ զբաղվող Գ. Սարգսյանը, մանրամասն վերլուծության ենթարկելով Խորենացու մոտ Արտաշեսի թագավորական շրջանին վերաբերող բոլոր տեղեկությունները, և խառնված նյութերի միջից առանձնացնելով նրանք, որոնք պատմահայրը վերցրել է Օղյումպ քուրմից, ապա այդ տեղեկությունների հավաստիությունը ստուգելու նպատակով համեմատության մեջ դնելով Արտաշեսի մասին հույն աշխարհագիր Ստրաբոնի հաղորդած տեղեկությունների հետ, պարզել է, որ Խորենացու Օղյումպ քուրմից վերցված տեղեկությունները հավաստի են և համապատասխանում են Ստրաբոնի հաղորդած տեղեկություններին: Նա հնարավոր է համարել անգամ այն, որ Ստրաբոնը և Օղյումպ քուրմը օգտված լինեն նույն աղբյուրից: «Անկախ այդ աղբյուրագիտական կապերի և առնչությունների հավաստիությունից կամ անհավաստիությունից,-եզրակացրել է նա,- փաստական նյութերով գծագրվում է նախամեսրոպյան արգասիքներից մեկը՝ «մեհենական պատմությունների» մի նմուշ, Օղյումպ քուրմի՝ Արտաշես Ա-ին նվիրված մի պատմական երկ, որ գրվել էր հավաստի աղբյուրների հիման վրա, և այնուհետ աղբյուր ծառայեց Մովսես Խորենացուն»:

Այսպիսով, հայկական մեհյաններում ստեղծվել է մատենագրություն, եղել են արխիվներ, նույնիսկ գործել են պատմագրող քրմեր: Այսուհանդերձ Խորենացու վերը բերված տեղեկություններից չի երևում, թե Անիի մեհյանի Օղյումպ քուրմը ինչ լեզվով և ինչ գրով է գրել: Այս անորոշությունը հնարավոր է պարզել Խորենացու մեկ սյլ տեղեկությամբ՝ կապված վաղ քրիստոնեական քարոզիչ Բարդածանի գործունեության հետ: Ըստ Խորենացու՝ Բարդածանը վերջին Անտոնինոսի ժամանակ (Անտոնինոս Կամոդոսի՝ 181-194թթ.) գալիս է Հայաստան քրիստոնեություն տարածելու, սակայն հաջողություն չի ունենում: Օգտագործելով առիթը՝ նա մտնում է Դարանաղյաց գավառի Անիի մեհենական արխիվը, պատմական մի աշխատություն է թարգմանում ասորերեն, իսկ հետագայում նրա մշակած ու թարգմանած ասորերենը թարգմանվում է հունարեն, որը ևս աղբյուր է ծառայել Խորենացուն: Այդ մասին պատմահայրը գրում է. «Մեզ այս բաները պատմում է Բարդածանը, որ Եդեսիայից էր: Որովհետև նա վերջին Անտոնինոսի ժամանակ պատմագիր հանդիսացավ… նա մեր կողմերը եկավ՝ հուսալով, թե կկարողանա որևէ հետևող գտնել վայրենի հեթանոսների մեջ: Բայց երբ ընդունելություն չգտավ, մտավ Անի ամրոցը, կարդաց մեհենական պատմությունը, որի մեջ նաև թագավորների գործերը, նա իր կողմից ավելացրեց իր ժամանակի անցքերը, բոլորը թարգմանեց ասորերենի և ապա նրանից՝ հունարենի»:

Բարդածան կամ Բար-դայծանը վաղ քրիստոնեական աչքի ընկնող ասորի եկեղեցական գործիչներից է, Եդեսիայի Աբգար Մանու թագավորի ազգականը և նրան քրիստոնյա դարձնողը: Նա Եդեսիայում դպրոց է հիմնել և զգալի գործ կատարել ասորական մատենագրության ստեղծման ուղղությամբ, սակայն մեղադրվել է աղանդավորության մեջ: Համարվում է ասորական ինքնուրույն գրականության հիմնադիրը:

Գ. Սարգսյանը, հիմնվելով պատմահոր տեղեկությունների վրա, հնարավոր է համարում, որ մեհենական մատենագրության լեզուն եղած լինի հայերեն: «Առանձնահատուկ ուշադրության է արժանի Բարդածանի կապակցությամբ «մեհենական պատմությունների» լեզվի մասին արված Խորենացու ցուցումը,- գրում է նա: -Այս հարցը, անշուշտ, նախամաշտոցյան շրջանի մշակույթի կարևորագույն խնդիրների թվին է պատկանում և առանձին ուսումնասիրություններ է պահանջում: Նշենք միայն, որ Խորենացու ցուցմամբ որպես «մեհենական պատմությունների» սկզբնագրի լեզու բացառվում են հունարենն ու ասորերենը, և հաստատվում է, ըստ երևույթին՝ հայերենը: Նման անսովոր դրույթում իրականում աներևակայելի բան չկա, եթե հայերենի օգտագործման ոլորտը համարենք միմիայն մեհյաններով և քրմության միջավայրով»:

II դարի ականավոր ժամանակագիր Հիպպոլիտոսն իր «ժամանակագրության» մեջ թվարկել է այն ժողովուրդների անունները, որոնք ունեին դպրություն, և ահա նրանց մեջ հիշատակված են նաև հայերը: «Սրանցից (այսինքն՝ իր թվարկած ժողովուրդներից) նրանք, որոնք ունեին դպրություն հետևյալներն են՝ եբրայեցիները, լատինացիները, որով հռոմեացիներն են վարում, սպանացիները, հույները, մարերը և հայերը»,- գրում է Հիպպոլիտոսը:

Ի դեպ, Անանիա Շիրակացին էլ՝ օգտվելով Հիպպոլիտոսից, իր աշխատության մեջ նշել է հենց այս հատվածը:

Նախամաշտոցյան հայկական գրի գոյության համար կարևոր փաստ է մ.թ.ա. III-II դդ. հույն պատմագիր Փիլիստրատոսի «Ապոլոն Տիանացու» կենսագրության մեջ հաղորդվող հետևյալ տեղեկությունը. «Պատմում են նույնպես, որ մի անգամ Պամփյուլիայում բռնվել է մի հովազ, որի ոսկյա մանյակի վրա գրված էր հայերեն տառերով հետևյալը. Արշակ թագավոր՝ Նյուսյա աստծուն, այսինքն՝ Նյուսիա աստծուն նվեր Արշակ թագավորից: Այս Արշակն այն ժամանակ հայոց թագավոր էր, և յուր բռնած հովազը, այդ կենդանու մեծության պատճառով նվիրել է Դիոնիսոսին… Այս կենդանին բոլորվին ընտանի եղավ և թույլ էր տալիս ձեռքով շոշափել և փաղաքշել, սակայն երբ գարունն եկավ, երբ հովազները նույնպես հաղթահարվում են սիրուց, արուի պահանջն զգալով՝ փախավ դեպի լեռները, և յուր հետ տարավ նաև յուր զարդը, ապա գրավվելով համեմունքի բուրմունքից ՝ բռնվեցավ ստորոտին Տավրոսի վրա»:

Ագաթանգեղոսն իր «Հայոց Պատմության» մեջ հայոց աստվածների պանթեոնում հիշատակում է նաև Տիր աստծուն, որին համարում է արվեստի, գիտության. ուսման և ճարտարապետության աստված: Տիրի մեհյանը եղել է Վաղարշապատից Արտաշատ տանող ճանապարհի վրա, և կործանվել է Տրդատի և Գրիգոր Լուսավորչի կողմից: «Ապա ինքն իսկ Տրդատ թագավորը, ամբողջ զորքով հանդերձ, Վաղարշապատ քաղաքից շարժվեց գնաց Արտաշատ քաղաքը՝ ավերելու այնտեղ Անահիտ դիցուհու Բագինը, և այն, որ Երազմույն կոչված տեղում էր գտնվում: Նախ ճանապարհին հանդիպեցին քրմական գիտության դպիր, Որմզդի գործի դիվան կոչված, երազացույց, երազահան պաշտամունքի Տիր աստծու ճարտարապետության ուսման մեհյանը և ամենից առաջ սկսեցին այն քանդել, այրել, ավերել»:

 «Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

 

SHOWED 13792

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`