Մեծամորում հնագետները նոր գտածոներ են հայտնաբերել

11/09/2017 16:57

Մեծամորում հնագետները նոր գտածոներ են հայտնաբերել

Մեծամոր հնավայրի քաղաքային թաղամասում հայ-լեհական հնագիտական արշավախումբը սեպտեմբերի 1-ից վերսկսել է աշխատանքները և արդեն իսկ հետաքրքիր փաստեր են արձանագրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արշավախումբը շարունակել է և՛ բացված սենյակների ուսումնասիրությունը, և՛ նոր բացվողների:

Պեղումների արդյունքում հայտնաբերվել են մարդկային կմախքներ, մեծ քանակությամբ մետաղյա գտածոներ՝ ֆիբուլաներ, նետասլաքներ, դանակներ, ապարանջաններ, որոնք նախնական դիտարկումներով թվագրվում են մ.թ.ա. 8-6րդ դդ.: Հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակի խոսքով՝ այդ են վկայում նաև  նախորդ տարի Եվրոպայում իրականացված С14 ռադիոածխածնային հետազոտությունների արդյունքները: 

 Հնագետները հետազոտում են բնակատեղիի փոփոխությունը ուշ բրոնզից մինչև Աքեմենյան ժամանակաշրջանը: Յակուբյակի խոսքով՝ Մեծամորն այդ առումով կարևոր նշանակություն ունի Արարատյան դաշտի բնակատեղիների շարքում:

Ներկայում ուսումնասիրվում են հնամարդաբանական նյութերը, իսկ հայտնաբերված օրգանական նյութերը (փայտածուխ և այլն), որոնք կարող են հստակ թվագրել մշակութային շերտերը, նախատեսվում է ուղարկել արտասահման` լաբորատոր հետազոտության:

 

Related