Մարկո Պոլոն և այլ ճանապարհորդներ՝ միջնադարյան Հայաստանի մասին

27/07/2017 23:51

Մարկո Պոլոն և այլ ճանապարհորդներ՝ միջնադարյան Հայաստանի մասին

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողներին է ներկայացնում մի շարք օտարերկրա ճանապարհորդների ներկայացրած տվյալները միջնադրայան Հայաստանի մասին:

Միջնադարյան հայ ազգագրական նյութեր են գրի առել եվրոպացի ճանապարհորդները, ովքեր տնտեսական ու քաղաքական նպատակներով Արևելքի երկրներ այցելելիս անցել են Հայաստանի վրայով: Դրանցից մեկը ֆրանսիացի Ուիլիամ Ռուբրուքն էր, ով 1253-1255թթ. ճանապարհորդել է մոնղոլական տիրապետության տակ գտնվող երկրներում: Նա Հայաստանով անցնելիս եղել է Նախիջևանում, Երևանում, Մանազկերտում, Երզնկայում, Սեբաստիայում, Կեսարիայում և Սիսում: Ռուբրուքին հետաքրքրել են ոչ միայն պատմական անցքերը, այլև ազգագրական առանձին երևույթներ: Նրա հավաստմամբ Նախիջևանի գեղեցիկ տեսք ունեցող գյուղերում և քաղաքում բնակիչներն իրենց տներում պահելիս են եղել «Մի փայա ձեռք՝ խաչը բռնած, և մի վառվող ճրագ, դրված նրա առջև»: Նախիջևան քաղաքում Ռուբրուքը տեսել է հայ քահանայի հուղարկավորության արարողությունը, լսել է հայ եկեղեցու հետ կապված ավանդություններ և մարգարեություններ՝ Հայաստանի Եվրոպայի ձեռքով ազատագրելու վերաբերյալ: Նոյի մասին պատմվող ավանդության մեջ հիշատակվում է մի կարևոր վկայություն, թե Արարատ լեռը աշխարհի մայրն է համարվել, ուստիև նրա վրա բարձրանալը սրբապղծություն է: Ուղևորը հյուրընկալվել է Հեթում թագավորի կրտսեր Զաքարիա Սպասալարի ընտանիքներում, որոնց հյուրասիրություններից ուշագրավ տպավորություններ է պատմում:

Մեկ այլ ճամփորդ՝ Մարկո Պոլոն (1271-1295թթ.), Չինաստան ուղևորվելիս երկու անգամ անցել է Հայաստանի վրայով՝ Այաս-Կեսարիա-Սեբաստիա-Երզնկա-Մուշ-Մերդին ուղեգծով: Վերադարձին անցել է Թավրիզ-Սևանա լճի ավազան-Կարին- Բաբերդ-Տրապիզոն ճանապարհով: Քաղաքական իրադրության վերաբերյալ բազմաթիվ վկայություններ հաղորդելուց բացի, նա հիշատակել է կենցաղային երևույթներ: Կիլիկիայի նավահանգստային Այաս քաղաքը դիտել է իբրև միջազգային առևտրի հանգուցակետերից մեկը, ավելացնելով, թե «Բոլոր համեմեղենները և մետաքսյա ու արծաթյա կերպասները և ուրիշ արժեքավոր անոթներ, որոնք գալիս են ներքին գավառներից, բերվում են այս քաղաքը»: Փոքր Ասիայում ապրող հայերն ու հույները, նրա հավաստմամբ, «հյուսում են աշխարհի ամենանուրբ և ամենագեղեցիկ գորգերը, և նույնպես մեծ քանակությամբ մետաքս, որդան կարմիր և ուրիշ գույներով և առատությամբ ուրիշ կտորեղեններ»: Երզնկայում, նրա վկայությամբ, «հյուսում են աշխարհի լավագույն բեհեզները», իսկ Մուշ և Մերդին քաղաքներում ժողովուրդը զբաղվում է արհեստներով և մեծ քանակությամբ բամբակ ու բեհեզ արտադրում:

Թիֆլիսի շրջակայքի հայկական ու վրացական գյուղերը, նրա վկայությամբ, պարսպապատվում էին, նման սովորություն  XVIII դարում եղել է Արարատյան գավառներում:

Մարկո Պոլոն ակնարկ ունի Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվելու վերաբերյալ, ըստ որում՝ հավատացել է, թե ձուկը այս լճում հրաշքով հայտնվում է պահքի օրերին և հեռանում՝ զատկից հետո:

Կարևոր տեղեկություններ է տալիս իսպանացի ճանապարհորդ Ռոյ Գոնսալես Դի Կլավիխոն: Նա ճանապարհորդել է 1403-1406թթ.: Ճանապարհորդը գրել է, որ Երզնկայում «ամբողջ դաշտը մշակվում էր որթատունկ և հացահատիկ: Ամեն քայլափոխի կային շատ գեղեցիկ պարտեզներ և այգիներ»: «Քաղաքի բոլոր տներն ունեին տափակ կտուրներ,- գրում է Կլավիխոն,- որով մարդիկ կարող են անցնել մեկ տանից մյուսը, կտուրների վրայով, ինչպես փողոցից»: Երզնկայում ասում է. «Կարելի է տեսնել շատ գեղեցիկ փողոցներ և հրապարակներ»: Նա ընդգծում է քաղաքի մարդաշատությունը, վաճառաշահությունը և խմելու ջրի լավ մատակարարումը: Երզնկայի «պարտեզներում կարելի է տեսնել քարերի վրա փորագրված խաչի նշաններ», որոնք ամենայն հավանականությամբ, երկրագործական-այգեգործական բերքը պաշտպանող ցասման խաչեր են եղել: Նա նշել է համշենահայության հարկադրական մահմեդականացումը ու դրանով պայմանավորված բարքերի վատացումը:

«Ազատ Ձայն»-ի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

Related

facebook