Հայ բոլշևիկների դավաճան գործունեության և Բրիտանիայի ադրբեջանամետ դիրքորոշման մասին՝ 1920թ.փաստաթղթում

27/08/2017 23:32

Հայ բոլշևիկների դավաճան գործունեության և Բրիտանիայի ադրբեջանամետ դիրքորոշման մասին՝ 1920թ.փաստաթղթում

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Երևանում Անգլիական ներկայացուցիչ Գրեյսի կողմից՝ Անդրկովկասի Բրիտանական Գլխավոր կոմիսարին ուղարկված նամակը, որտեղ Գրեյսը տեղեկություններ է հաղորդում Հայաստանի վարչապետ Հ. Օհանջանյանի հետ 1920 թ.-ի հուլիսի 19-ին ունեցած խոսակցությունից մանրամասներ. հայ բոլշրիկների կողմից դրսևորվող կույր ռուսապաշտության, ինչպես նաև Ղարաբաղի հարցում Բրիտանիայի ադրբեջանամետ դիրքորոշման մասին:

«Հարգելի՛ պարոն,

Պատիւ ունիմ զեկուցելու, որ Յուլիս 19-ին Հայաստանի մինիստր նախագահ բժ. Հ. Օհանջանեանի տեսակցութեան ատեն հետևեալ խօսակցութիւնը տեղի ունեցաւ:

Բօլշևիկներու դրութիւնը Հայաստանում- Բօլշևիզմը բուն Հայաստանում մեռած է, բայց կան քիչ բօլշևիկներ Հայաստանի սահմաններից դուրս, այնտեղ, ուր ժողովուրդը բօլշևիկ պրօպագանդիստների հետ շփման մէջ է և մանաւանդ այնտեղ, ուր մեր երկիրը սահմանակից է Ատպրէճանին:

Բօլշևիկները Ատրպէճանում մի քիչ զարգանում են կենտրոնական Մօսկուայի Սօվէտից: Կարող ենք սրանց նկարագրել միայն իբրև պանտուրանական բօլշևիկներ: Դրանց նպատակը կարծէք այն է, ինչ տաճկա-գերմանական ծրագիրը. միացնել բոլոր միւսիւլմանական ցեղերը  ու կազմել մի ուժեղ մահմետական մասսա Անդրկովկասում և Հիւս. Կովկասում: Իրենք թուրքերը յաջողութիւն չունեցան այդ ծրագրում և մենք կարծում ենք, որ միջոցներ ունենք սրանց անյաջողութիւնը ապահովելու: Այո, կան մի քանի հայ բօլշևիկներ, բայց նրանք կաշառուած են բօլշևիկների փողով: Սրան կայ և մի ուրիշ պատճառ, նրանք կռուելիս են եղել տաճիկների ու թուրքերի դէմ ամբողջ պատերազմի ընթացքում և յետոյ մինչև այսօր: Նրանք յիշում են, որ ռուսներն են, որ իրենց ազատեցին իրենց թշնամի տաճիկներից և անկասկած Ռուսաստանի անցեալի փայլը մեծ  դեր է խաղացել մեր ժողովրդին այս բօլշևիկ շարժման ժամանակակից դարձնելու համար:

Ո՛չ մենք չենք կարող յոյս դնել կամ վստահել ոչ մի խօսքի կամ դաշինքի, որ բօլշևիկները տալիս են կամ կնքում են: Ոչ մի խօսք նրանց չի կապում, ոչ մի դաշինք սուրբ չէ: Այնպես որ, մենք նրանց չենք հաւատում: Երբ նրանք ուժեղ են, այն ժամանակ նրանց խօսքերն ու դաշինքներն ալ նշանակութիւն չունին:

Ահա ձեզ օրինակ Ղազախը, որտեղ բօլշևիկներն ընդունել էին մեր անկախութեան իրավունքները: Երբ նրանք տեսան, որ մենք նրանց հաւատալով դուրս էինք տանում մեր զօրքերը, նրանք արագութեամբ  յարձակում գործեցին և գրաւեցին Իջևանը, որտեղից մենք պատրաստ էինք նրանց դուրս քշել:

Բայց այս վերջին օրերս մենք երկու ուլտիմատում ենք ստացել նրանցից, որով պահանջում են, որ մենք թողենք որոշ գիւղեր, հակառակ դեպքում պատերազմ են սկսելու: Այնինչ այդ գիւղերը միշտ եղել էին մեր ձեռքերում մինչև անգամ, երբ Ատրպէճանում իշխում էր Մուսավաթ կառավարութիւնը: Մենք հնարավորութիւն չունենք համաձայնելու այդ պահանջի հետ ու մենք իհարկե կը պաշտպանենք մեր երկիրը մեր տրամադրութեան տակ եղած բոլոր ուժերով: Նրանց ծրագիրը մեզ քաջ յայտնի է, նրանք կամենում են վերցնել Իջևանը, Տիլիժանը, Ղարաքիլիսէն, Ալէքսանդրապօլը, Ղարսը և միանալ Մուստաֆա Քեմալի հետ: Եթէ մեծ ուժ ունենային, դա կարելի կը լինէր իրագործել ու երկաթուղագիծը կը հեշտացնէր նրանց առաջխաղացումը: Բայց մենք մտադիր ենք պաշտպանել մեր սուրբ երկիրը: Երկրորդ ճանապարհը՝ դէպի Մուսթաֆա Քեմալը, Ղարաբաղի և Զանգեզուրի միջովն է: Ամբողջ Ղարաբաղը հիմա բօլշևիկների ձեռքումն է: Սկզբում նրանք մեզնից ուզեցին Ակերա գետի գիծը, յետոյ նրանք առաջ եկան ու գրաւեցին Գորիսը և որովհետև մենք կանոնաւոր ճանապարհ չունէինք հասնելու զօրք, զէնք և ռազմամթերք, նրանք յաջողութիւն ունեցան: Մեր ժողովուրդը դիմադրեց թուրքերին: Բայց երբ ռուս բօլշևիները եկան, նրանք նորից հրապուրեցին Ռուսաստանի անցեալի փառքով, չհասկանալով թէ նրանք ինչ նպատակով գալիս էին այս անգամ:

Այս անյաջողութիւնը, իմ կարծիքով, բրիտանական սխալ քաղաքականութեան հետևանքն է, որոնք միշտ պաշտպանել են Ատրպէճանի ագահութիւնը Ղարաբաղի վերաբերեալ, հակառակ մեր շահերին և Ղարաբաղի գերակշիռ մեծամասնութեան ցանկութիւններին: Եւ մեր շահերը պահանջում են ու պահանջում էին և դա այնպէս կը լինէր յօգուտ բրիտանական շահերին, որ մեզ տրւեր այնինչ, որ ամէն տեսակիցէ ֆիզիքական և աշխարհագրական, նախապէս պատկանում էր մեզ:

Ներկայումս մեր զօրքը գնում է Նախիջևանի վրայ ու մենք արդէն գրաւել ենք Շահթախթի քաղաքը: Երբ մենք վերցնենք Նախիջևանի քաղաքը, այն ժամանակ մենք կունենանք ազատ ճանապարհ Գորիսի վրայ գնալու բօլշևիկներին յետ մղելու և Ղարաբաղը գրաւելու: Մեր բոլոր գործողութիւնները այս ճանապարհի վրայ նպաստաւոր են մեզ համար և մենք մտադիր ենք այդպիսով կտրել պան-տուրանական բօլշևիկների ու Մութաֆա Քեմալի կապը: Նախիջևանի խանը և Մեխետի Բետիրովը ներկայումս այստեղ են այդ գործի վերաբերմամբ վերջնական համաձայնության գալու համար: Մեր առաջխաղացման հետ երկաթուղային աշխատանքները նորոգում են այն 15քիլօմետէր գիծը, որ թուրքերը փճացրել են, ասիկակը վերաշինուի 3-4 օրում: Գործը յառաջանում է դանդաղ շնորհիւ այն հանգամանքի, որ Սարիղամիշից հիմնափայտեր չեն տեղափոխուում:

Գիւղերը, չնայած դաշտային աշխատանքների բուռն շրջանին, տալիս են տասնակական հոգի ամէն գիւղից այդ գիծը շինելու համար»:

Փաստաթուղթը վերցված է՝ «Հայ Բոլշևիկների Հակապետական Գործունեությունը 1919-1920թթ.» աշխատությունից

«Ազատ Ձայն» լրատվականի նութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութիհիպերակտիվ հղումով:


Related

facebook