Հայկական լեռնաշխարհը՝ հացահատիկի հնագույն տեսակների օջախ

20/06/2017 21:58

Հայկական լեռնաշխարհը՝ հացահատիկի հնագույն տեսակների օջախ

Հայաստանում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են բավական մեծ թվով ցորենի մշակութային տեսակներ, որոնք որոշ չափով մոտենում են արարատյան և նախիջևանյան ներկայիս հացաբույսերի գյուղատնտեսական մշակույթին:

Բավական մեծ տարածում է ստացել փափուկ և կոշտ ցորենը, որը մոտ է միահատիկ տեսակին: Փափուկ ցորեն գտնվել է Արարատյան դաշտում՝ Շենգավիթում, Նախիջևանում՝ Քյուլթափայում, Էջմիածնում՝ Մոխրաբլուրում և այլն:

Ըստ երևույթին՝ փափուկ ցորենն իր ծագումը առել է Հայաստանից դեռևս նոր քարի դարի և էնեոլիթի ժամանակ: Բացի այս ցորենի տեսակներից Հայաստանում հայտնաբերվել է նաև կլորահատիկ փափուկ ցորեն, որն ունի մանր հատիկներ և չի պատկանում մինչև այժմ հայտնի ցորենի տեսակներին: Այն լայնորեն տարածված է եղել Հայաստանում՝ պղնձի դարում:

Հայաստանում հայտնի է կարմրահատ ցորենը՝ հաճարը, որը կիրառվել է հավանաբար էնեոլիթի դարաշրջանից: Շենգավիթից գտնված հացահատիկների՝ ցորենի գարու խառը մնացորդները վկայում են հին Հայաստանում խառը ցանքսի գոյությունը, որը բնորոշ է վաղ հողագործությանը: Այդ խմբին է պատկանում նաև հնագույն տեսակի մշակութային միահատիկ թաղանթածածկ ցորենը, որը առնչվում է վայրի միահատիկ և զանդուրի հետ:

Հայկական լեռնաշխարհում գտնված տեղական վայրի ու մշակութային ցորենները պարզ վկայությունն են խորը հնում, մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակներում, Հայաստանում ցորենի մշակույթի առկայության:

Հայաստանին բնորոշ է նաև բարձր լեռնային ցորենը: Ցորենի այս տեսակները ապացույց են, որ Հայաստնում շատ հնում եղել են բավական բարենպաստ պայմաններ դրանց ինքնուրույն զարգացման համար ընդհանրապես և հողագործության զարգացման համար՝ հատկապես:

Ավելի քան 6000 տարի առաջ Արարատյան դաշտավայրում գոյություն է ունեցել պարզ հողագործություն, որի սկզբնավորումը պետք է վերագրել նոր քարի դարին: Այդ մշակույթը հարմարեցված էր ժամանակի բնական վիճակին ու գոյապայմաններին:

Գարին մշակվում էր հին Եգիպտոսում մ.թ.ա. 5000-4000, Բաբելոնում, Ասորեստանում՝ մ.թ.ա. 3000-2000, Հնդկաստանում և Չինաստանում՝ 2500-2000, իսկ Հայաստանում այդ մշակույթն առկա էր՝ մ.թ.ա. 5000-4000 տարի առաջ:

Վերոնշյալ երկրները եղել են գարու և ցորենի մշակույթի հնագույն օջախները:

Related

facebook