Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Ինչպիսին է եղել Արմավիրի Արգիշտիխինիլի հնագույն միջնաբերդը

01/02/2019 21:16

Ինչպիսին է եղել Արմավիրի Արգիշտիխինիլի հնագույն միջնաբերդը

«Ազատ Ձայն»-ն իր ընթեցողին է ներկայացնում Վանի թագավորության շրջանում կառուցված Արգիշտիխինիլի միջնաբերդի վերակազմության նկարագրությունը: 

«Քաղաքը գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում, ներկայիս Նոր- Արմավիր, Նոր-Ամասիա, Նալբանդյան, Փոքր-Շահրիար, Հայկավան եւ Ջրաշատ գյուղերի միջեւ ընկած բարձունքների վրա եւ զբաղեցնում է մի քանի հարյուր հեկտար տարածություն: Նրա արեւելյան մասում 80 մ բարձրությամբ վեր է խոյանում Արմավիրի բլուրը, որի վրա կառուցված է քաղաքի արեւելյան միջնաբերդը։ Նրանից 1 կմ հեռավորության վրա, դեպի արեւմուտք 2,5 կմ երկարությամբ ձգվում է, այսպես կոչված, ս. Դավթի բլրաշարքը, որի գագաթը, լանջերը եւ ստորոտը կառուցապատված են բնակելի թաղամասերով։ Բլրաշարքի արեւմտյան մասում, նրա ամենաբարձր ելուստի վրա տեղադրված է քաղաքի արեւմտյան միջնաբերդը: Սրա զբաղեցրած տեղամասը բլրաշարքի իրեն հարակից մասերից բարձր է՝ արեւելյան կողմում 15 մ, արեւմուտքում՝ 7 մ. Ընդհանուր բարձրությունը հարավում մոտ 40 մետր է, իսկ հյուսիսում՝ 25 մ։ Բլրի երբեմնի անհարթ եւ ժայռոտ մակերեսը հարթեցվել է կառուցումներ կատարելու եւ միաժամանակ շինանյութ հայթայթելու նպատակով եւ այժմյան վիճակով նրա գագաթի մակարդակի նիշերի տարբերությունը քիչ տեղերում է անցնում 2 մետրից։

Արեւմտյան միջնաբերդի պարիսպները մեկ, երկու, իսկ հյուսիս-արեւմտյան կողմում՝ երեք շարքով օղակում են բլրի գագաթն ու լանջերը, ստեղծելով արհեստական, հարթ տերրասներ, որոնք օգտագործվել են կառույցների համար: Պարիսպներն այս դեպքում պաշտպանական նշանակությունից բացի ունեցել են նաեւ հենապատի նշանակություն: Դրանք մեծ մասամբ կառուցված են բլրի ռելիեֆի գծագրությանը համապատասխան, որով եւ պայմանավորված է ամրոցի հատակագծային ընդհանուր հորինվածքը:

Քաղաքի հիմնադրման ժամանակ պարսպապատվել է միայն բլրի հարթ գագաթը, նրա եզրի պարագծով՝ ամփոփելով իր մեջ մեկ հեկտարից մի փոքր ավելի տարածություն: 3,5 մետր հաստությամբ պարիսպները, ինչպես ամենուրեք ուրարտական ճարտարապետության մեջ, ուղղագիծ են: Պարսպի գետնախարսխային մասը (որոշ տեղերում մինչեւ 4 մ բարձրությամբ) կառուցված է կոպիտ տաշված բազալտ քարերից՝ ամրացված կավե շաղախով։ Գետնախարսխի վրա՝ պարսպի ամբողջ բարձրությամբ, եղել է հում աղյուսի կանոնավոր շարք։ Միջնաբերդի կենտրոնական մասում գտնվող ընդարձակ բակի արեւելյան եւ արեւմտյան կողմերում, նրա ամբողջ լայնությամբ, կառուցված են պալատական մեծ շինություններ, որոնք իրենց ուղղագիծ եւ փոխուղղահայաց կանոնավոր հատակագծային ցանցով ներգծված են պարիսպների մեջ: Արեւմտյան պարսպի ներսի կողմում, նրան կից հետագայում կառուցվել է մի առանձին շինություն, եւ այդ հատվածում պարսպի եւ պատի հաստությունը կազմում է 5,5 մ:

Արտաքին դարպասը կառուցված է հյուսիսային պարսպին ուղղահայաց՝ նրա անկյունաձեւ ներս ընկած մասում: Պարսպի այս անկյունավորումը չի թելադրված, իհարկե, ռելիեֆով, այլ արված է ամրոցի մուտքին մոտեցող թշնամուն երկկողմանի, խաչաձեւ հարվածի տակ առնելու հնարավորություն ստեղծելու համար: Բացի այդ, հատակագծի այսպիսի կառուցվածքի շնորհիվ մուտքը տեղադրվում է ամրոց տանող ճանապարհի նկատմամբ հարմար՝ ճակատային ուղղությամբ։ Մուտքի մոտ՝ ճանապարհի հյուսիսային եզրի երկարությամբ բացվել է 2 մ բարձրությամբ, կոպիտ տաշված բազալտի մեծ քարերով շարված հենապատ, որը մեզ հիշեցնում է ասսուրական բարձրաքանդակներում պատկերված պանդուսները:

Պարսպի առաջին շարքի պահպանված մյուս մասում չի հայտնաբերվել ուրիշ մուտքի որեւէ հետք: Հավանաբար, Արգիշտիխինիլիի արեւմտյան միջնաբերդը սկզբնական շրջանում Թեյշեբաինի ամրոցի նման ունեցել է երկու մուտք: Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ դրանք երկուսն էլ ուղղված են դեպի արեւելք՝ արեւելյան միջնաբերդի եւ քաղաքի կենտրոնական թաղամասերի կողմը, որոնց հետ ավելի հաճախ պետք է կապ ունենար ամրոցը:

Շինարարական երկրորդ շրջանում նոր պարիսպներ են կառուցվել բլրի Հարավային լանջի վրա եւ հյուսիսային լանջի արեւմտյան մասում, այսինքն այն տեղերում միայն, որտեղ ռելիեֆը հնարավորություն է տալիս զգալի չավեով ընդարձակել միջնաբերդի ներքին տարածությունը: Հարավային լանջի արեւելյան մասում, երկու պարիսպների միջեւ, միմյանցից աննշան հեռավորության վրա կառուցված են նրանց զուգահեռ եւս երկու պատ: Սրանք, նույնպես ունեն աշտարակաձեւ ելուստներ եւ, հավանաբար, հենապատեր են՝ կառուցված նեղ տերրասների երկարությամբ:

Պեղումների ղեկավար, պրոֆ. Հ. Ա. Մարտիրոսյանը միջնաբերդի երկրորդ պարսպի կառուցումը վերագրում է քաղաքի հիմնադիր Արգիշտի Ա-ի որդի Սարդուրիին: Նրա բազմաթիվ արձանագրություններում, որ գտնվել են Արմավիրի շրջանում, Արին-Բերդում եւ մեկը՝ Արգիշտիխինիլիի արեւմտյան միջնաբերդի հյուսիս-արեւմտյան մասում՝ երկու պարիսպների միջև, ընկած տարածությունից բազմիցս հիշատակվում է այն մասին, որ Սարդուրին ամենուրեք շարունակել է հոր գործը՝ ընդարձակելով հին կառույցները եւ ստեղծելով նորերը: Վերջին արձանագրության տեքստի վերլուծության հիման վրա նշում է, որ այնտեղ հիշատակված պաշտամունքային շենքերը կառուցվել են Սարդուրի Բ-ի թագավորության սկզբում. Հենց այդ ժամանակին, հավանաբար, պետք է վերագրել նաեւ երկրորդ պարիսպը, որն իր մեջ է ընդգրկել այդ նոր շենքերը:

Պարսպի երրորդ շարքի մի փոքր հատված է բացվել բլրի հյուսիս-արեւմտյան մասում: Երրորդ պարսպի պեղված այս փոքր հատվածի հիման վրա հնարավոր չէ անգամ մոտավոր պատկերացում կազմել նրա ընդհանուր հատակագծի մասին, սակայն ելնելով բլրի ռելիեֆի պայմաններից, կարելի է ասել, որ երրորդ պարիսպը, ինչպես եւ երկրորդը, կառուցված չի եղել բլրի ամբողջ պարագծով: Դ

Վանի թագավորության ամրոցաշինության մեջ, ինչպես ցույց է տալիս նաեւ այս միջնաբերդի առաջին եւ երկրորդ պարիսպների քննությունը, նոր ամրոցի կամ նոր պարսպի կառուցումը պայմանավորված է եւ ուղեկցվում է նրանով պարփակված տարածության կառուցապատմամբ, որի աշխատանքները կարող են տարվել պարսպի շինությանը զուգահեռ կամ, առավել ապահովության համար՝ նրա ավարտից հետո: Այլապես, միջնաբերդի ունեցած սուղ եւ սահմանափակ ներքին տարածության պայմաններում առնվազն նպատակահարմար չէր լինի չօգտագործել մեծ աշխատանքների գնով ձեռք բերված պարսպապատ տարածությունը:

Պարիսպներն ամբողջությամբ չեն պահպանվել եւ ոչ մի ուրարտական հուշարձանում գլխավորապես ավերվել են նրանց վերին աղյուսաշեն մասերը: Բացառություն է Վանի ամրոցի պարիսպը, որը ամբողջությամբ կառուցված է մեծածավալ բազալտ քարերի շարվածքով: Թեյշեբաինիում պահպանված պարսպի առավելագույն բարձրությունը հասնում է 7 մ, Արգիշտիխինիլիի արեւմտյան ամրոցում պարիսպը միայն մի փոքր հատվածում է պահպանել 4 մետրից մի փոքր ավելի բարձրությամբ: Այստեղ քարաշեն գետնախարսխի վրա մնացել է 16 շարք հում աղյուս:

Ուրարտական ամրոցների պարիսպների սկզբնական բարձրության վերաբերյալ ուղղակի փաստերի բացակայության պայմաններում միակ աղբյուրը ուրարտական եւ ասուրական բարձրաքանդակ պատկերներն են:

Պարսպի կայունությունը մեծացնելու նպատակով՝ նրա հաստությունը, որ հիմքի մոտ 3,5 մ է, դեպի վերեւ աստիճանաբար նեղացվել է: Այս երեւույթը, որ նկատելի է արեւմտյան ամրոցի համեմատաբար լավ պահպանված մասերում, արտահայտված է նաեւ Քեֆկալեսիի բարձրաքանդակում եւ Թոփրակ-կալեից գտնված մոդելի վրա: Երկու քանդակներում էլ պարիսպներն ավարտվում են ատամնավոր վերջավորությամբ, որն ընդհանրապես, կաuուցվել է պարսպի վերին մասի արտաքին եզրի երկայնքով, ունեցել է փոքր լայնություն եւ ծառայել որպես պաշտպանիչ պարապետ՝ պարսպի վրայից կռվող զինվորների համար: Ուրարտական ամրոցների ատամնավոր վերջավորության մասին հիշատակվում է Սարգոն Բ-ի Աշուր աստծուն ուղղված նամակում, որտեղ նկարագրվում է նրա մ. թ. ա. 714 թ. ռազմարշավը դեպի Վանի թագավորություն: Դատելով հիշյալ քանդակներում պատկերված ատամնավոր վերջավորության ձեւերից, կարելի է ասել, որ դրանք շարված են աղյուսով, չնայած այն հանգամանքին, որ Տուշպայի 6 եւ Թեյշեբաինիի17 միջնաբերդերում պահպանված ատամնավոր քիվերը քարից են: Մեր վերակազմության մեջ դրանք պատկերված են աղյուսաշեն, քանի որ պեղումներով չի հայտնաբերվել քարե ատամնավոր քիվի որեւէ բեկոր:

Միջնաբերդի մուտքերի բացվածքները, անկասկած, պսակված են եղել, կամարներով, ինչպիսիք պատկերված են ուրարտական եւ ասսուրական բարձրաքանդակներում, Կամարի կառուցվածքը տարածված է եղել Արարատյան թագավորության ճարտարապետության մեջ. Այդ ձեւը կիրառություն է գտել նույնիսկ Մանազկերտի եւ Վանի ժայռակոփ կառուցվածքներում»:

















Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`