Հսկաների հետքերը Հայաստանում

Հսկաների հետքերը Հայաստանում

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Author :

Ժաննա Գալստյան

Երկրաշարժի արհավիրքը. Ցավը միաձուլվեց հազարավորների ցավի հետ և դարձավ մի ընդհանրական Վիշտ

01/03/2018 21:00

Երկրաշարժի արհավիրքը. Ցավը միաձուլվեց հազարավորների ցավի հետ և դարձավ մի ընդհանրական Վիշտ

«Ազատ Ձայն»-ը սկսում է նոր շարք, որտեղ ազգայնական Ժաննա Գալստյանը կներկայացնի մեզ քաջածանոթ դեպքերն ու իրադարձություններն այլ պրիզմայից՝ հուշագրությունների ձևով։ Որոշներում կտեսնենք, թե ինչպես էին այս սերնդին պատրաստում մտավորական դասի հերթափոխի։ Առաջին հուշագրությունը նվիրված է 1988թ. Երկրաշարժի արհավիրքին վեհորեն դիմարող հայ տեսակին:

«Միշտ հիացած մնալով հայ մարդու հոգեկերտվածքին ու զարմացած արհավիրքների ժամանակ նրա ողջախոհությանն ու նվիրվածությանը… Մի՛ ուրացեք Հայի լավագույն հատկանիշները, որը կարող է նաևխխունջվել, ներամփոփվել ու... ժայթքել:

Մոտենում է դեկտեմբերի չարաբաստիկ 7-ը: Հայ մարդու տեսակի մասին սիրում են դատողություն անել և միշտ բացասական միտումով։ Հայ մարդնուղղորդված է միայն իր մեջ տեսնել ամեն վատը, չարը , մեղավորը։ Նա անտեսում է օտար չարի միջամտությունը, ներգործությունը, և ամեն վատ բան մեկնաբանում հայ տեսակով։

Ցավալի և վտանգավոր երևույթ է։ Վատ երևույթներ, հակումներ բոլոր ազգերի մոտ էլ կան: Չասենք՝ «Երուսաղեմում շուն չկա՞», այլ մտածենք, իսկ մնացյալ երկրների բանտերը մի՞թե դատարկ են, կամ այդքան խորը գիտենք արդյոք, թե ինչքանով են մեր հավանած երկրները կատարյալ և այլն։ Իհարկե, կան նախանձելի օրենք և կարգ, որ երազելի է մեզ համար, և մի հարվածով չէ, որ այն մերը կդառնա, եթե մենք իսկապես ուզում ենք այդ։ Ինչևէ...

Ես ուզում եմ անդրադառնալ երկրաշարժի հենց նույն օրը կատարված իրադարձություններին՝ ականատեսի վկայությամբ… Կոչ արվեց, որ հիվանդանոցներում տուժվածներին արյուն է պետք...Այդ կոչով բազմաթիվ ընտանիքներ վազեցին դեպի մոտակա հիվանդանոցները։ Մեր ընտանիքը հասավ 3-րդ մանկական հիվանդանոց, որտեղ արյուն տալուց հետո ես մնացի երեխաներ խնամելու...Նրանք սովորական երեխաներ չէին, հրեշտակներ էին՝ զարմացած, տխուր ու լուռ...Բառիս բուն իմաստով ամբողջ Երևանը հիվանդանոցներում էր, և այն 10 օրը, որ գիշեր-ցերեկ մնացի  հիվանդանոցում, սննդամթերքի և հագուստեղենի գրոհն անսահման էր։ Գալիս, խնդրում, աղաչում էին վերցնել բազմաթիվ սննդամթերք, տաք հագուստեղեն։ Լաց էին լինում հուսահատ՝ ինչու չենք ուզում ուտել, խնդրում էին, որ հերթով խնամեն, օգնեն բուժանձնակազմին...Ի՜նչ հիանալի ներդաշնակություն էր, իրար սատար կանգնելը, միմյանց մխիթարելը։ Ամբողջ բազմահարկ հիվանդանոցը լիքն էր խնամողներով, լեփ-լեցուն ուտելիքներով և հագուստներով, մինչև օգնության օտար աղբյուրների գալը։ Ոչ մեկի աչքին ոչինչ չէր երևում, բոլոր հիվանդասենյակների խնամողները իրար հարցնում էին՝ ինչ է պետք, բոլորը զանգում, տնից պահանջում էին ամեն անհրաժեշտը, տնեցիներն էլ սլանում էին կատարել՝ պատրաստակամ, արցունքոտ աչքերով։

Ես շրջեցի հիվանդանոցի բոլոր հարկերով, մտա բոլոր սենյակները և տեսա երեխաների լուռ համակերպումը… Բոլորին գուրգուրեցի, համբուրեցի, հուսադրեցի… Եվ հանկարծ մի ձայն ինձ հանկարծակիի բերեց. «Հորքուր, տես ինչ սիրուն ձեռնոցներ ունեմ»:  Նա մորաքրոջս թոռն էր, վիրակապված աչքով, ով ինձ ճանաչել էր։ Մի կին էլ նրան էր խնամում՝ իր երկու երեխաներին տանը թողած…

Մեր ընտանիքը շատ զոհեր տվեց, որոնց ցավը միաձուլվեց հազարավորների ցավի հետ և դարձավ մի ընդհանրական Վիշտ… Տարիներ հետո էլ եղած կորուստները մարդիկ միացնում էին այդ մեծ Վշտին, առանձին ցավ չկար արդեն… Սկսվեցին փնտրտուքները՝ այլ հիվանդանոցներում գտնելու այդ երեխաների հրաշքով կենդանի մնացած ծնողներին։ Շատերն արդեն ուզում էին որդեգրել հիվանդանոցի երեխաներին։ Ես անցա պայքարի, որ եթե չգտնվեն, այդ դեպքում թող դիմեն պետությանը, իսկ մինչ այդ՝ չխորացնեն կենդանի մնացած ծնողների ցավը, որոնք կարող է և այլևս երեխա չկարողանան ունենալ։ Փնտրտուքը տվեց արդյունքներ: Խնամյալ երկու երեխաներից մեկի ծնողները գտնվեցին ուրիշ հիվանդանոցում՝ կոտրվածքներով, որոնց հետագայում մեր տանը երկար ժամանակ խնամեցինք։ Մյուսի մորաքույրը գտնվեց։ Այսպիսի շատ պատմություններից հետո մի քանի հոգով ձեռնամուխ եղանք հաշվառելու միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների։ Հաշվառում էին նաև տեղական մարմինները: Մենք որոշեցինք ճշտել, թե որտեղ և ում մոտ են մնում երեխաները։ Գյումրիի ավերակ, փողոց ու տուն խառնված տարածքներում, կիսաքանդ տներում մենք ականատես եղանք բազմաթիվ հուզիչ պատմությունների։ Ծնողազուրկ մի երեխայի խնամում էր հարևանի կինը, մի 10-12 տարեկան աղջկա գտել էր հոր երկրորդ կինը՝ միայն երկուսով էին մնացել և իրար գրկած էին քայլում, մի 3 տարեկան երեխա մնացել էր 80 տարեկան տատի հետ։ Գյումրին չէր թողնում իր քաղաքի երեխաներին տանել մանկատները, իրենց վշտերի հետ նրանք նախանձախնդիր էին խնամելու հարևանի, բարեկամի, ծանոթի որբուկներին, շատ վճռականորեն։ Հետագայում այդ տատիկը երկար համոզելուց հետո համաձայնվեց ապրել մի երիտասարդ ընտանիքի հետ, որոնք զավակ չունեին և կպահեին երկուսին էլ՝ հարազատի պես:

Երևանում թափ առավ որդեգրման ալիքը, հերթը հասնում էր փողոցի ծայրը։ Երևանցիները պահանջում էին որդեգրել բոլոր երեխաներին, միայն թե նրանց չհանեն հանրապետությունից, մեր երեխաները օտարի բաժին չդառնան։ Կանգնած էին բազմանդամ ընտանիքներ ունեցող տղամարդիկ և կանայք, հերթագրությունը չէր ընդհատվում, կազմվեց մի հսկայական ցուցակ՝ բոլոր մանրամասներով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինեն։ Հանրապետությունից բազմաթիվ ընտանիքներ և երեխաներ էին դուրս հանվել՝ մեծ մասը չճշգրտված ուղղություններով, մեր ցավը քիչ էր, անորոշությունն էլ ավելի էր սթափեցնում։ Որոշ տեղեկություններ հայթհայթվեցին, որոշ հեռախոսներով զանգում և խնդրում էինք երեխաներին, որ չհուսահատվեն, իրենց հետ կվերադարձնեն, որ հակարծ չհամոզեն մնալ… Ես համարձակություն ունեցա մտնել ԿԿ-ոմ, դուրս տարված երեխաների հարցով։ Ինձ սրտնեղած պատասխանեցին, որ իրենք էլ են հայ և մտահոգ, ճշտում են դրսի երեխաների հաշվառումը… Ցուցակները բավականին ճշգրտված էին՝ մոտ 6,5 հազար միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ...Դե եկ ու մի խելագարվի...եթե արդեն դիմացել ես Գյումրիում տեսածդ արհավիրքին։ Տեսնես ինչը փրկեց չխելագարվելուն… Սիլվա Կապուտիկյանի առաջարկով իմ անունով բացվեց հաշիվ։ Եվ եկան գումարներ անհատներից ու կազմակերպություններից։ Փոխանցումների կուտակումից հետո Խնայդրամարկղներում հաշիվներ բացվեցին երեխաների անուններովով, դա ավելի ճիշտ էր... Մոտ կես միլիոն փոխանցվեց Սպիտակում վերականգնողական կենտրոնի շինարարության համար, և վերջին գումարը Շուշիի և Գետաշենի ծնողազուրկ որբերին։

Կազմակերպվեց համահայկական առաջին Մարաթոնը Ալբերտ Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Ամբողջ գիշեր ես, բժիշկ-վնասվածքաբան Կարեն Կուլոյանը և Կիրովականի ներկայացուցիչը ներկայացնում էինք Մարաթոնը հեռուստալրագրող Ժաննա Ղոչիկյանի հետ… Սա մի կցկտուր հիշողություն է բազմաթիվ բացթողումներով, որ վերքերը չբորբոքվեն նորից։

Հիմա հոգիս տակնուվրա կմնա մի քանի օր...Բոլոր ցուցակների քրքրված թերթերը պահում եմ իմ արխիվում՝ բազմաթիվ նշումներով ու ճշգրտումներով ու չեմ ուզում թերթել։ Միշտ հիացած մնալով հայ մարդու հոգեկերտվածքին ու զարմացած արհավիրքների ժամանակ նրա ողջախոհությանն ու նվիրվածությանը...Մի՛ ուրացեք Հայի լավագույն հատկանիշները, որը կարող է նաև խխունջվել, ներամփոփվել ու... ժայթքել...Միայն չասեք, որ արհավիրքների ժամանակ է այդպես։ Կարողացե՛ք նրբանկատորեն նաև շուրջը դիտել, ձեր նմանին հետևել և նկատել նրա պահվածքը տարբեր դրսևորումներով… Ամեն մարդկայինը չէ, որ ցուցադրվում է, այն բնական է համարվում և կատարվում է ի սրտե, առանց ակնկալիքների… Հայ տեսակը հազվագյուտ տեսակ է, որի համար էլ օտարը միշտ ձգտել է այն աղճատված ներկայացնել, և հենց հային ներշնչել բացասական լիցքը, դա նրա հաղթելու ձևերից մեկն է, իսկ թշնամին մեկը չէ...Զգոն լինենք...»: Շարունակելի...


Ժաննա Գալստյան

 Սովորել եմ ՝
- ԵրՊԻ
-Սուսաննա Բաբայանի Գրական խմբակում,
-Արվեստի աշխատողների տան նկարչական ստուդիայում, մասնակցել  
 ցուցահանդեսների
-Կինոտան կազմակերպած կինոսիրողների ակումբի դասընթացներում
- Մշակույթի եռամյա համալսարանում/ ղեկ. Ռ.Զարյան/
- Մոսկվայի Մեքենաշինության համամիութենական ինստիտուտի ասպիրանտուրա։
  
Ազգայնական եմ, ասում են ծայրահեղ, եթե ավելի ծայրահեղ բառ լիներ՝ կհամաձայնվեի: 60-ականների ազգային զարթոնքի մասնակից/Խաչիկ Սաֆարյանի հետ/, ակտիվ խոսքով և գործով։ Ոչ մի առիթ բաց չեմ թողնում խոսելու ազգայինի, Հայրենիքի նկատմամբ սիրո և պատասխանատվության, մեր Մեծ վրեժի, իրար նկատմամբ  միասնականության, հանդուրժողականության և սիրո, տարբեր բարեգործությունների կատարման, նվիրումի փնտրտուքի և իրականացման մասին։


Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`