Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Գտանել այն ինտեգրալը, որը կդառնա ձայն բազմաց. Արթուր Արմին

20/03/2015 21:08

Գտանել այն ինտեգրալը, որը կդառնա ձայն բազմաց. Արթուր Արմին

Ժողովրդավարության, ազգային գաղափարախոսության, հերոսաստեղծման և մեր օրհասական խնդիրների շուրջ  «Ազատ Ձայն»-ը զրուցեց Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, պատվավոր դոկտոր, գրող, հայագետ Արթուր Արմինի հետ:

 

-Պրն Արմին, ներկա աշխարհակարգում արևմուտքի գլխավոր պայքարն արդյո՞ք ժողովրդավարություն տարածելն է: Արդյո՞ք արևմտյան գաղափարաբանական կենտրոնների կողմից ճշգրիտ սահամանվել է  «ժողովրդավարություն» ասվածը:  Հայաստանն անմասն չի մնում այս գործընթացներից, կխնդրեի մեկնաբանեք` ինչի՞  համար հորինվեց այդ տերմինը, և մի՞թե իրական աշխարհում գոյություն ունի այն:

-Վերջին տասնամյակների ընթացքում քաղաքական և հասարակական գիտությունները կարող եք համարել «պսևդո գիտություններ», քանի-որ դրանք չեն ցուցում ո՛չ աշխարհի հարստության իրական տերերին ու նրանց մարտավարությունն ու ռազմավարությունը, ո՛չ հասարակության մեջ շահույթի բախշման չափերն ու մեխանիզմները: «ժողովրդավարություն» կոչվածն այսօր, բազմատարբերակ կարծիքներով ներկայացվող հասկացություն է, և այդ «գիտական» տեսաբանական մեկնաբանություններն իրավամբ չեն ներկայացնում տնտեսական սեփականաձևերը ու դրանցում ժողովրդի «օբյեկտ», թե «սուբյեկտ» լինելու հանգամանքները, գոյություն ունեցող կառավարման համակարգերի էությունը, գաղափարաբանական ու աշխարհայացքային հիմնադրույթները և այլն: Արևմտյան հասարակական գիտական կենտրոնները հասարակության հավաքական միտքը շեղելու ռազմավարությամբ՝ արհեստականն իրականի տեղ ներկայացնող ինստիտուցիոն կենտրոններ են: Արևմուտքը՝ դա ՍՊԱՌՈՂԱԿԱՆ գաղափարաբանությամբ քաղաքակրթություն է, որը գնում է դեպի  մարդկության մինչև այժմ եղած բարոյահոգևոր ստանդարտների վերացմանը, մինչև իսկ բնության օրինաչափությունների լուծարմանը՝ սեռ, ազգություն, պետություն, մտածող մարդ և այլն: Եվ ասել է, թե դա արվում է ոչ թե վերևինների ծրագրով, այլ հասարակության ցանկությամբ՝ ծիծաղելի միամտություն է: Մեծ գերմանացու՝ Գյոթեի խոսքերը կարծես հենց այսօրվա մասին են,- «Չկա առավել անհույս ստրկություն, քան իրենց կապանքներից ազատ կարծող մարդկանց ստրկությունը»:  Արևմտյան «ժողովրդավարության» տեսաբանությունը չի պատասխանում ամենակարևոր հիմնահարցին՝ այսօրվա արևմտյան հասարակության կառավարման մեջ ժողովուրդն իրականում օբյե՞կտ է, թե՞ սուբյեկտ է: Օրինակ, Կալիֆորնիա նահանգից ընտրված սենատոր Դիաննա Ֆենշտեյնը, որի 2009-2014թթ. սենատորական  ընտրարշավի վրա ծախսվել է մոտավորապես 12 միլիոն դոլար, և այդ գումարները «նվիրատվություն» են արել հիմնականում կորպորացիաները, ինչպե՞ս եք կարծում, նա Վաշինգթոնում պիտի պաշտպանի այդ կորպորացիաների տերերի՞, թե՞ Կալիֆորնիայի մարդկանց՝ ընտրազանգվածի շահերը: Հենց միայն 2009 թվին կրեդիտ- քարտերի տոկոսադրույթների անսահմանփակության մասին բանկերի շահերը պաշտպանող բանաձևի վերաբերյալ Ֆենշտեյնի «կողմ» ձայն-որոշումն արդեն պարզ ցուցադրություն է, որ նա բարձրագույն էլիտայի ներկայացուցիչն է, և ոչ թե օբյեկտ հանդիսացող ընտրազանգվածի:

Համաժողովրդական քվերակությունը դեռ չի նշանակում ժողովրդավարություն: Ի վերջո, հասարակության հավաքական մտքի հետ մանիպուլիացիաներ անելը դյուրին բան է, երբ կրթական, ինֆորմացիոն ու գիտական բոլոր լծակները գտնվում են էլիտար մեկ խմբի ձեռքում: Օրինակ, ինչպե՞ս եք կարծում, Սոկրատեսն իր մեկ տասնյակի հասնող աշակերտներո՞վ էր կարող ավելի ճշմարիտ լինել հասարակության կառավարման մասին իր տեսակետում, թե՞ այդ ժամանակվա հունական հասարակությունը: Այսինքն, որակյալ փոքրամասնությո՞ւն, թե՞  հասարակության ընդհանրական ժողովրդավարական կարծիք՝ ժողովրդական քվեարկության ժամանակ որակյալ փոքրամասնության կարծիքի լուծարում: Չէ՞ որ հայտնի ճշմարտություն է, որ անհատի հոգեմտաոր աճը և մակարդակը միշտ շատ ավելի բարձր է, քան հասարակության ընդհանրական հոգեմտավոր մակարդակը:

Ինչպես միջնադարում էր ժողովուրդը միմիայն օբյեկտ՝ առարկա, և որևէ բան չէր կարող որոշել, որի պատճառով Բագրատունի վերջին թագավորը կաթողիկոս Պետրոս Գետադարձի հետ միասին Հայաստանը կտակեցին-հանձնեցին Բյուզանդիային, ինչպես այսօրվա Հայաստանում է հայ-թուրքական արձանագրություններ ստորագրվում, և ժողովուրդը որոշում կայացնող չէ, այլ էլի՝ օբյեկտ է, այնպես էլ ԱՄՆ-ում է ժողովուրդը օբյեկտ, քանի-որ նրա հավաքական միտքը կառավարվում և ուղղություն է տրվում զլմ-ների կողմից, որը օլիգարխիկ վերնախավի սեփականությունն է: Ի վերջո, որևէ երկրում քաղաքական կուսակցությունները, կապ չունենալով իրենց գաղափարախոսությունների հետ, իրականում հանդիսանում են սեփականության տերերի գրպանի լծակներ ողջ աշխարհում, և ժողովուրդն իրականում սուբյեկտ չէ նման համակարգերի մեջ:

Տիեզերական բնությունը ԿԱՆՈՆ է՝ հիերարխիա, բնության մեջ գոյություն չունի ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ և կամ համաընդհանրական գոհացում-կառավարում:  Բնության մեջ կա ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ՝ բալանսի օրինաչափությունը, որը որպես կենդանի օրգանիզմում գոյություն ունեցող օրինաչափություն՝ ապահովում է իր մեջ յուրաքանչյուր հյուլեի լիարժեք ֆունկցիոնալությունը, նրա լինելիությունն ու նրա հարաբերական ազատությունը:

-Իսկ ազատությո՞ւնը... Ձեր սահմանումն ինչպիսի՞ն է:        

- Քո ազատությունը՝ ազատության իրավունքը, սահմանափակվում է միայն այնտեղ, որտեղ դու ոտնահարում ես արդեն մեկ ուրիշի կամ խմբի ազատությունը: Ազատության սահմանները կոնկրետ են՝ դրանք անհատի և հասարակության բարոյահոգևոր ստանդարտներն են, որոնք փոփոխվում են մեծ ժամանակահատվածների կտրվածքներով:

- Հայաստանը կարո՞ղ է լինել ժողովրդավար երկիր կամ, անկախությունից հետո ինչպիսի՞ երկիր մենք կարող էինք կառուցել:

- Սովետմիության փլուզումից հետո Հայաստանն անկախացավ, և ահա արդեն 25 տարի է Հայաստանը անկախ է, ամենեամեծ բանը, որ մենք ունենք: Սակայն առ այսօր հայության մտավորականությունը հայության առջև հանդես չի եկել, չի ներկայացրել ծրագիր, թե ինչպիսի պետություն ենք մենք ուզում: Եվ սա այն դեպքում, երբ նույնիսկ որևէ շենք կամ գոմ կառուցելու համար նախ դրա նախագիծ-ծրագիրն է ստեղծվում: Սովետահայ հանրությանը, դեռևս ութսունականների վերջին տարիներից սկսած, թվում էր, թե «վայրի կապիտալիզմի» ընդունումով, բոլորը միանգամից հայտնվելու են դրախտում, որ բոլորի համար «Աստծո մանանան» հե՛նց «վայրի կապիտալիզմի» սեփականության կացութաձևն է: Չկար որևէ տեսաբանական միտք-առաջարկ, թե ինչպիսի՞ երկիր ենք ուզում կառուցել, չէ՞ որ վաղուց գոյություն ունեին կապիտալիստական կացութաձևի բազմաթիվ տարբերակներով աշխատող երկրներ: Վազգեն Մանուկյանը, մերժելով գյուղի կոպերատիվ ընկերություններ կառուցելու ծրագիրը, սփյուռքի ներդրումային հոսքի հնարավորությունները (տեսաժապավենի վրա այդ բոլորը կան, թող հանկարծ չհակաճառի), հեռուստատեսությամբ վատ աշակերտի նման հրճվում էր քաղտնտեսության հիմնադիր երեքհարյուրամյա  մեռելների՝ Ադամ Սմիթի ու Դավիդ Ռիկարդոյի տնտեսական մոդելների վրա, ու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին «սեփականաշնորհում» անվան տակ ոչնչացրին Սովետական Հայաստանի ողջ արտադրական արսենալը (1997 թվին Հայաստանի Հանրապետության վարչապետ Արմեն Սարգսյանը Լոս Անջելեսում հայտարարեց, որ սեփականաշնորհվել է Սովետական Հայաստանի ողջ արտադրական արսենալի 70%-ը, և դրանից երկրի գանձարան է մտել ութ հարյուր հազար դոլար միայն: (Տես` «Եղիցի Լույս» ամսագիր, թիվ -7): Եվ զավեշտալին այն է, որ այսօր էլ ԼՏՊ-ն Օպերայի հարթակից դեռ գեղգեղում է. «Մեր այսօրվա շարժումը հանդիսանում է բուրժուական-ժողովրդավարական հեղափոխություն, որը կոչված է ազատելու հանրությունն ու երկրի տնտեսությունը երկրում գործող ֆեոդալիզմի ճանկերից»:  Ահա ձեզ տգիտության հասնող մակարդակ: Տարրական բաններ են, որ դեռ ՀՀ նախկին նախագահը չի հասկանում: Չի հասկանում, որ ինչպես տոտալիտար սոցիալիստական ռեժիմ-կացութաձևի ժամանակ է ժողովուրդը «օբյեկտ», իսկ պետության բարձրագույն չինովնիկների էլիտան «սուբյեկտ» , այնպես էլ «վայրի կապիտալիզմի» ժամանակ է պետական մեքենան ի վերջո դառնում ֆինանսական մեկ խմբի սեփականությունը, իսկ ժողովուրդը՝ «օբյեկտ»: Եվ նորի՛ց, առ այսօր չկա՛  տեսաբանական միտքը՝ գաղափարաբանությունը, ծրագիրն այն մասին, թե մեր հավաքական ժողովուրդն ինչպիսի՞ երկիր է ուզում կառուցել, մեր վերարկուն ի՞նչ չափ ու ձև պիտի ունենա, որ հարմար լինի հենց մեզ համար: Եվ ահա ունենք այն, ինչ ունենք: Դա իշխանական լծակներին տիրացած մի խումբ մարդկանց, և նրանց միջոցով իննսունականներին երկրի թալանով հարստած մարդկանցով ձևավորված էլիտայի կողմից պետական մեքենայի սեփականացումն է, որտեղ առաջնայինը անձնական շահն է, և այստեղ արդեն գոյություն չի կարող ունենալ ո՛չ գաղափարաբանություն, ո՛չ ազգային շահ, և ո՛չ էլ ազգային ծրագիր կամ պետության կառուցման որևէ ծրագիր: Ա կետից դուրս ենք եկել ու թավագլոր գնում ենք ինչ-որ տեղ՝ նույնիսկ չֆիքսելով, թե մեր հավաքական ընթացքի Բ կետը որն է: Զավեշտալին այն է, որ իմ մի քանի ծանոթներն ամիսներ առաջ փորձում էին ինձ համոզել, որ նման համակարգը միակ հնարավորն է Հայաստանում, որ ՀՀ նախագահները կամ այսօրվա նախագահը ստիպված է օլիգարխներ պահել ու նրանցից «տակից նալօգներ հավաքել» կամ «փայ մտնել», որպեսզի ՄԱԿ-ի աչքից թաքուն կարողանա ավելցուկով ֆինանսավորել ՀՀ ռազմական ուժերը, կամ ազգային համարվող այս կամ այն շենքի կառուցման ֆինանսավորումն ապահովել, և կամ «Հանրապետական կուսակցության» անդամներին աշխատավարձից դուրս` հավելյալ հատկացումներով լավ ապրուստ ապահովել և այլն: Իսկ ահա այս կարգի «քյոռի լոտոյի» սիրահարներին, պետք է ասել, որ արդեն քսան տարի շարունակ Հայաստանի չինովնիկների աստղաբախշական հարստությունները խոսում են այն մասին, որ այդ կառավարման քոչվորահոտային միջնադարյան համակարգն իրականում միայն անձնական գրպանի ենթագիտակցական տրամաբանությամբ է պայմանավորված: Եվ ասեմ, որ  իշխանությունների ու ՀՀ էլիտայի համար, նույնիսկ  Արցախի հակամարտությունն է այսօր դարձել հասարակությանը վախեցնելով փոփոխությունների չգնալու լծակ:

- Ամեն մի ժամանակաշրջան իր հերոսն է պահանջում, կամ կարելի է ասել ամեն մի ժողովուրդ իր ոգեշնչման համար կերտում է իր հերոսներին, բայց միշտ չէ, որ ստեղծված հերոսի կերպարն արժանի է հերոսի կոչմանը, ի՞նչ կասեք այս մասին. մի՞թե ազգի զարգացման և ոգեշնչման  համար իրական հերոսները պարտադիր չեն:

-«Վոժդամոլության» պսիխոզով տառապող հանրությանը ( ԼՏՊ, Րաֆֆի և այլն)  պետք է ասել հետևյալը՝ հերոսը առանց գաղափարական և ծրագրային փաթեթի և հասարակության հետ տարիներով տարվող գաղափարական աշխատանքի՝ անկապ միավոր է: Եթե նույնիսկ այդ անհատը կամ խումբը վերցնի իշխանությունը, ապա այդ անհատի գաղափարական և ծրագրային սնաննկության պատճառով հին համակարգը կխժռի նրան՝ իր նման կսարքի հենց այդ հերոսին: Եվ սա տարրական օրինաչափություն է: Ես ինձ ունկնդրող ուսանողներին բազմիցս ասել եմ՝

- ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԱՃ:

Հեղափոխություն՝ դա չի նշանակում «ազնիվ կառավարիչներ», «արդար պետություն» կարգախոսներով զինված անձերի փոփոխություն պետական բարձրագույն պաշտոններում: Այլապես, հեղափոխությունից հետո կարող են լինել միայն երկու ելքային տարբերակներ: Առաջին՝ այդ հեղափոխական անձերը աստիճանաբար դառնում են հին  համակարգի նոր ներկայացուցիչները, այսինքն՝ նոր անձիք ադապտացվում են, ու հաղթում է հի՛ն  համակարգը: Եվ երկրորդ ելքային արդյունքը՝ ժողովուրդը այդ պայծառ գաղափարներով տոգորված անհատներին, որոնք հաղթել ու վերցրել են իշխանությունը, իրենց կառավարումից վեց ամիս հետո, ձերբակալելով տանում է հրապարակ ու մեծ ուրախությամբ նրանց ենթարկում է գիլիոտինի: Ինչո՞ւ: Շատ պարզ. անհատի հոգեմտավոր մակարդակը, երբ շատ է առաջացած հասարակության հավաքական գիտակցությունից, ապա այդ անհատը կամ անհատները մնում են հասարակությունից կտրված ու մենակ: Այնպես, ինչպես իր ժողովրդին ճահիճներից դուրս բերող Դանկոն և նրանից «սոխ ու սխտոր» պահանջող ժողովրդի փոխհարաբերությունն էր: Պատմության մեջ նման օրինակները բազմաթիվ են (օրինակ՝ լուսավոր մտավորական Ռոբեսպիրի գլխատումով ֆրանսիական հասարակությունը հասավ Բոնապարտի տոտալիտարիզմին):

Քսանհինգ տարի շարունակ Հայաստանի ընդիմադիր դաշտում հայտնվածները պետության կառուցման գաղափարական և ծրագրային փաթեթ չներկայացրին ժողովրդին և հասարակության հետ համապատասխան գաղափարական աշխատանք չտարան: Այսինքն` «Ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում կառուցել» մոտեցմամբ ներկայանալ ու ապագա Հայաստանի տեսլականը ժողովրդին առաջարկել՝ ՉԻ՛ ԵՂԵԼ: Եվ ուրեմն, ժողովուրդը նրանց համար ծառայում էր որպես օբյեկտ՝ առարկա, միջոց, ճիշտ այնպես, ինչպես իշխանությունների համար է նա հանդիսանում միայն որպես «օբյեկտ»:           

Հերոսները պարտադի'ր են: Հայ ազգն իր մեծ մշակույթը կերտող, և իր պաշտպանությունն ապահովող հերոսներով է գոյատևել ութ հազար տարի: Սակայն հեղափոխական պրակտիկ հերոսների մասին հետևյալը կասեմ:

ԱՌԱՋԻՆ՝ անհատ հերոսը, եթե գաղափարակիր չէ, եթե զինված չէ գաղարական-ծրագրային հայեցակարգով, ապա նրա արժեքի էֆեկտիվությունը մինիմալ է: ԵՐԿՐՈՐԴ՝ անհատ հերոսի կամ խմբի արժեքն ուղիղ համեմատական է իր ծրագրային գաղափարաբանությանը:

- Ունե՞նք նման մարդիկ այսօր:

- Իհարկե, ունենք: Զենքը ձեռքին Հայաստանի պետական սահմանը պահպանողները հերոսնե՛ր են: Կամ օրինակ, Գագիկ Գինոսյանը ճշմարիտ հեղափոխական՝ հերո՛ս մտավորական է: Նա, «ժողովրդի սրտից ջուր խմելով», մշակութային հեղափոխություն սկսեց ներքևի՛ց, և այսօր այդ ազգային պարի զարթոնքի դեմն առնել չի կարող որևէ պետական չինովնիկ, նույնիսկ եթե իր լծակներով հանդերձ մեջտեղից պայթի: Հայագիտության մեջ նույնպես կան անձնվեր հայրենասերներ, գիտնական անհատականություններ, որոնք ազգային ինքնաճանաչողության զարթոնք-շարժում ստեղծեցին: Հավաքական ազգի վերածննդի համար անհրաժեշտ են՝ ա. աշխարհայացքային, բ. գաղափարական,   գ. պատմական և դ.ինֆորմացիոն-կրթական, չորս հենասյունային լծակների վրա ազդելով փոփոխության հասնելու միջոցները: Ջորջ Օուրելն ասում է. «Ով տիրապետում է անցյալին, տիրապետում է ապագային, ով  տիրապետում է ներկային, տիրապետում է անցյալին»:      

- Իսկ «Սարդարապատ», հետո «Նախախորհրդարան» կամ արդեն  «Հիմնադիր խորհրդարան» շարժո՞ւմը:

- Այս հարցին պատասխանելուց առաջ ստիպված եմ կրկնել՝ «Արիստոտելն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի վեր է» հայտնի խոսքը, քանի որ Ժիրայր Սեֆիլյանին և Ալեք Ենիգոմշյանին թե՛ անձնապես ծանոթ եմ, թե՛ համարում եմ ազնիվ հայրենանսերներ: «Սարդարապատը», «Նախախորհրդարանը»  կամ այսօրվա «Հիմնադիր Խորհրդարանը»  առ այսօր կրկնում է մինչ աժմ եղած ընդդիմադիր ուժերի սխալը՝ ժողովրդի հետ չի տարվում գաղափարական աշխատանք, և չկա գաղափարական պայքար կոչվածը: Նույնիսկ ամենասովորական, ոչ ինտելեկտուալ մարդը պետք է հասկանա, թե ինչպիսի՞ Հայաստան, ինպիսի՞ տեսլական է իրեն առաջարկվում: «Նախագահն ու իր ռեժիմը ՔԸ՛Խ էպետք է դրանցից ազատվել» կարգախոսը, ըստ էության, ճի՛շտ է, սակայն անբավարա՛ր է: Անբավարար են նաև «Արդար պետություն»  կամ «Ազնիվ կառավարություն»  նմանատիպ կարգախոսները նույնպես, քանզի մարդկային ֆակտորը սուբյեկտիվ կատեգորիա է, և նման կարգախոսների վրա հիմնված թե՛ պայքարը, թե՛ կառույցները, եթե նույնիսկ իրականանան՝ չեն կարող համակարգային փոփոխության գրավականը լինել: Նրանց 164 էջանոց «Պետության կառուցման ռազմավարական հայեցակարգ»  ծրագրին ծանոթ եմ: Եթե 98%-ոց միատարր էթնոսով երկրի համար ստեղծված ծրագրում չկան ազգային գաղափարաբանության հիմնադրույթները, չկան դրան համապատասխան տնտեսական կացութաձևի ու պետության կառավարման համակարգի մոդելները, ապա այն դեռ ծրագիր կոչվելու հավակնություն չի կարող ունենալ: Եվ գուցե դա է պատճառը, որ գաղափարական պայքար չկա նրանց մարտավարությունում: Ժողովրդի հետ ապագա Հայաստանի մասին տեսլականի քարոզ-աշխատանքը չկա: Ես ուզում եմ, որ գոնե «Սարդարապատ» շարժումը դառնա իրական ձնծաղիկ: Ես չեմ ուզում, որ իննսունականների ՀՀՇ-ն կրկնվի նորից. նրանց շարքերում էլ կային հայրենասեր ու ազնիվ մարդիկ, բայց ազնվությունը՝ անբավարա՛ր է պետություն կառուցելու համար:  

- Ունենք նաև արժեքային համակարգի խնդիրներ,  այսինքն՝ գերագնահատում ենք այն, ինչ արժեք չունի և անտեսում ու ոչնչացնում ենք իրական արժեքները, ինչո՞ւ: Մենք միշտ ուրիշներին ենք մեղադրում մեր դժբախտությունների մեջ, արդյոք չունե՞նք մենք մեր մեղքի բաժինը: Անընդհատ ենթարկվել ցեղասպանության, շարունակ ականատես լինել հայրենիքի քանդման ու ոչնչացման գործընթացին և միշտ գլխիկոր լռել, նշանակում է հենց մենք ենք թույլ տալիս, որ մեզ հետ այդպես վարվեն:

- Հիմա, ամենակարևոր օրինաչափությունը: Հասարակությունը կենդանի օրգանիզմ է, որտեղ «աշխատում է» պահանջարկ-առաջարկ օրինաչափությունը: Հասարակության հավաքական գիտակցության հիմքով ձևավորվում է այդ հասարակության կազամակերպումը, կառավարումն ու ծրագրերը: Հայաստանի Խորհրդային ժամանակների վերջին տասնամյակներում ձևավորված հասարակության անձապաշտական ընդհանրական իղձերի հավաքականն ու աշխարհի մասին հասարակության  հավաքական աշխարհայացքային գիտակցությունն էր, որ մեզ բերեց այսօրվա Հայաստանի քաղաքատնտեսական վիճակին: Մեր սերնդի հավաքական աշխարհայացքը չուներ աշխարհի «ինչ ու ինչպես»-ի մասին  համապարփակ ճանաչողություն: Մեզ թվում էր, թե կապիտալիզմի ընդունումով ամեն բան լավ է լինելու: Մեր սերունդը չէր ճանաչում աշխարհը: Նույնիսկ մինչև այսօր էլ «արևմտյան արժեքներ» հորջոջող թութակները չեն հասկանում, որ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, ինչպես նաև  նախկին սոցիալիստական լագերի՝ արևելյան Եվրոպայի երկրներում, և կամ երրորդ կարգի երկրներում օլիգարխիկ կառավարման համակարգերի գոյությունը պայմանավորված է համաշխարհային ֆինանսակորպորատիվ բանկային օլիգարխիկ կայսրությունների հենարանով: Որևէ երրորդ կարգի երկրի օլիգարխիկ կլանի գոյությունը, որի «պոչը»՝ կապիտալը, գտնվում է նրա իրական համակարգային տիրոջ ոտքի տակ՝ Եվրոպական բանկերում, պայմանավորված է արևմտյան կառավարման համակարգի գոյությամբ՝  միջազգային տրանսկոնտինենտալ օլիգարխիայի վերահսկման տիրույթում:  Սակայն ավելացնենք, որ դա չի նշանակում, թե հնարավոր չէ գնալ փոփոխության: Իսլանդիայի, Սինգապուրի, Իռլանդիայի օրինակները ցուցում են, որ փոփոխությունը հնարավոր է: Եվ մենք պետք է գտնենք մե՛ր տնտեսագաղափարական ձևը, որը կհամապատասխանի մե՛ր ազգի հավաքական նկարագրին: Մեզանում կան «խելացի-հայրենասեր» մարդու անուն հանած տգետներ, որոնք ասում են. «Եթե աշխարհում չկա համանման կիրառվող ձև, ուրեմն հնարավոր չէ իրականացնել մեր ազգային համակարգային մոդելը»: Կամ` «Չգիտեմ, թե ինչ անել, բայց  Հայաստանում ինչ-որ նոր բան անելն անհնարին է»: Եվ կամ մյուս անհեթեթ միտքը` «Դրսի ուժերը չեն թողնում, դրա համար մեզ մոտ հնարավոր չէ որևէ բան փոխել»: Ինքնուրույն մտածողությունից զուրկ միջակություններին հատուկ է կաղապարված միտքն ու ստրկամտությունը, և նրանց ենթագիտակցական էությունն ունի՝ «Ապրի՛ր ախորժակով՝ վերջ գաղափարին» բանաձևը, որը հարմար է սողացողների համար, այլ ոչ թե թռչել ձգտողների համար: Եվ ահա միայն այս տեսակն է, որ դառնում է՝ կա՛մ ռուսամետ, կա՛մ արևմտամետ: Այս տեսակն է, որ տեր է փնտրում ու երբևէ չի մտածում արևելք-արևմուտք հակամարտության ձեռնտու իրադրությունում ինքնուրույն ուժային լծակ դառնալու հնարավորության մասին:

-  Հազարամյակներ շարունակ հայը կա, բայց եթե սկզբում մենք արարող ու ստեղծող էինք, հաղթող, քաղաքակրթական բարձր մակարդակ տարածող… ե՞րբ և ինչո՞ւ ավարտվեց մեր հաղթարշավը կամ գուցե ընդհատվե՞ց: Պրն Արմին ո՞րն է մեր փրկության բանալին, որտե՞ղ փնտրենք այն:

- Յուրաքանչյուր ծնունդ՝ ենթադրում է ծերություն-մահ, յուրաքանչյուր մահ՝ ենթադրում է ՎԵՐԱԾՆՈՒՆԴ: Մենք մոխիրներից հառնող փյունիկ թռչունն ենք, մեզ մահ չկա, մենք անմա՛հ ենք, մենք երկրագնդի ա՛ղն ենք՝ մերա՛նը: Եվ ամենակարևորը` լինել՝ չի՛ նշանակում ունենալ, այլ նշանակում է՝ ստեղծե՛լ, արարե՛լ: Հայությունը համաշխարհային քաղաքակրթությանը տված հանճարներով ամենակենսատու ազգերից է առ այսօր (իրական բանաձևը՝ կոնկրետ ժամանակահատվածում ազգի թվաքանակ, պայմաններ և տված հանճարների թվի  հարաբերականն է): Բնության մեջ սա՛ է մեծ ազգ լինելու պայմանը: Մենք ամեն ինչ ունենք, բացի թվաբանական «գումարում» և «բազմապատկում» կատարելու կարողությունից: Մենք լավ օգտագործում ենք «հանումն» ու «բաժանումը», բայց  չգիտենք «գումարման» և «բազմապատկման» ինտեգրալներն օգտագործելը: Թե ինչպե՞ս ստեղծել այդ գումարման նշանը՝ պետք է ճանաչել հայ ազգի հավաքական անգիտակցականը, իմանալ նրա հավաքական ներքին բնազդային նկարագիրը: Օրինակ, ի տարբերություն քոչվորահոտային վարքագծով առավելաբար օժտված ժողովուրդների, որոնք միաբանվում են առաջնորդի շուրջ, անհատական վարքագծով առավելաբար օժտված ազգերը միաբանվում է հիմնականում՝

ա. գաղափարաբանության շուրջ,

բ. իր տեսակի գոյության վերացման վտանգի պահին,

գ. համազգային գերնպատակ ունենալու ժամանակ:

Ազգային պետության կառուցման ռազմավարական ծրագիրը պետք է ունենա չորս հենասյուներ, որոնք պետք է հաջորդականորեն բխեն մեկը մյուսից՝

1) ազգային պետության գաղափարաբանություն,

2) ազգային պետության տնտեսական կացութաձև,

3) ազգային պետության կառավարման համակարգ,

4) ազգային պետության սահմանադրություն,

որտեղ պետք է ապահովված լինի երկրի հասարակական և քաղաքական կյանքում թե՛ ժողովուրդի սուբյեկտ լինելու հանգամանքը, թե՛ որակյալ փոքրամասնության ձայնի կարևորությունը, որտեղ անհատի ու հավաքականի շահերը ոչ թե հակադրվեն, այլ համատեղվեն:

Մեզ համար ՀԱՎԱՔԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱԼԸ  պետք է նախ գտանել՝ Ի ՄՏՈՔ, ապա քարոզել՝ Ի ՍՐՏԵ: Եվ երբ այն շատ արագ դառնա՝ ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ...

Պատրաստեց՝ Լիլիթ Մխիթարյանը

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

SHOWED 9807

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`