28/09/2017 22:42

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Զանգեզուրի բոլշևիկյան կազմակերպության կենտկոմի նախագահ Հակոբ Կամարիի 1920թ. մայիսի 27-ի գրությունը՝ Զանգեզուրում Նժդեհի և Դրոյի մասնակցությամբ  ազատագրական կռիվների շուրջ, որտեղ հայ բոլշևիկը Նժդեհին և Դրոյին բազմիցս թշնամի է անվանում և «փրկության» կանչում եղբայրներին:

«Ժողովրդական ապստամբությունը Զանգեզուրում՝ Խնձորեսկում և նրա շրջակա գյուղերում արդեն սկսված է: Շարժումն ուղղված է Ղարաբաղից դարձող հրոսակապետեր Դրոյի և Նժդեհի բանակների դեմ, որոնց մտադրությունը մինչև այժմ պարզ չէ Զանգեզուրի վերաբերյալ. հավանական է՝ նրանք փախչելով Կարմիր բանակի Ղարաբաղ մտնելուց, ուզում են Զանգեզուրն իրենց համար բազա դարձնել, թե դրսից եկող, թե ներսի բոլշևիկների դեմ կռվելու համար: Խնձորեսկն արդեն աստամբված է և խորհրդային իշխանություն է հայտարարվել, նույնը պատրաստվում են անել և շրջակա մի քանի գյուղեր: Հակառակորդը, իհարկե, լավ պատրաստված է և թնդանոթներով կարող է կռվել, իսկ մեր ձեռքին եղածն էլ շատ չէ շարունակ կռվելու համար: Ապստամբությունն ընդհանուր դարձնելու համար Սիսիանի բոլոր ընկերներն ու մասսաները պետք է ապստամբության դրոշը պարզեն և պատկառելի ուժով շարժվեն դեպի Գորիս մեզ օգնության հասնելու, որպեսզի գազանը հենց ճանապարհից հետ քաշվի, իսկ այժմ նա Կոռնիձորում է հաստատված, ուզում է ամրանալ Տեղ գյուղում: Եթե Սիսիանն այսպիսի վճռական րոպեին չապստամբվեց, չհասավ մեզ օգնության, հավանական է, որ կռիվը տանուլ տանք, իսկ այն ժամանակ Սիսիանն էլ առանձին պետք է նրա ոտքերի տակ գալարվի: Ընկերներ, հասել է ժամը. ուշանալ նշանակում է` մեռնել»:

Փաստաթուղթը վերցված է՝ «Հայ Բոլշևիկների Հակապետական Գործունեությունը 1919-1920թթ.» աշխատությունից:

«Ազատ Ձայն» լրատվականի նութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

Related

facebook